ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ, հունարեն Պենտեկոստե (հիսուն օր), հայերեն՝ Հինունք, Հիսունք: Տերունի տոն:
Հոգեգալուստը Սուրբ Հոգու աղավնակերպ գալուստն է առաքյալների վրա: Հիսուս Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ խոստացել էր Սուրբ Հոգին ուղարկել առաքյալներին (Հովհ. 14.26, 16.7) և Համբարձման օրն էլ հրամայեց Երուսաղեմում սպասել, մինչև Սուրբ Հոգին ընդուն են (Ղուկ. 24.49): Ըստ Գործք առաքելոցի, դա կատարվեց ս. Զատկի հիսուներորդ օրը. «Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2.4):
Ս. Գրքում երկու անգամ է խոսվում լեզվափոխության մասին. աշտարակաշինության ժամանակ, երբ մարդկանց լեզուները խառնվում են, և նրանք իրար չեն հասկանում և Հոգեգալստյան օրը, երբ կատարվում է հակառակը՝ բոլորը խոսում են այլևայլ լեզուներով ու պատմում Աստծո մեծագործությունների մասին: Հռոմեական կայսրության զանազան վայրերից Երուսաղեմ հավաքված տարբեր ազգերի մարդիկ խոսում էին տարբեր լեզուներով, ինչը խոչընդոտում էր Ավետարանի քարոզչությանը: Սուրբ Հոգու իջմամբ առաքյալներն օժտվեցին անծանոթ լեզուներով խոսելու շնորհքով և նոր ուսմունքի ճշմարտությունները բոլոր ազգերին քարոզելու կարողությամբ (Գործք 2.4–12): Ըստ Գործք առաքելոցի, Հոգեգալստյան օրը երեք հազար մարդ դարձի եկավ, մկրտվեց (Գործք 2.41), ընդունեց Սուրբ Հոգու պարգևը, և օրեցօր ավելանում էր քրիստոնյաների թիվը (Գործք 2.42–47):
Հայ եկեղեցին, Հարության օրից հիսուն օր հաշվելով, ավանդաբար Հոգեգալուստը նշում է կիրակի օրը, որը ս. Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (մայիսի 10-ից հունիսի 16-ը): Հնում մեկ օր էր միայն տոնվում Հոգեգալուստը, բայց XII դ. Ներսես Շնորհալին սահմանել է ամբողջ շաբաթ, ի պատիվ Սուրբ Հոգու, տոն կատարել՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով ու շարականներով:
Երաժշտություն: Հոգեգալստյան կարգը սահմանում է հետևյալ հոգևոր երգերը՝ «Համբարձաւ Տէրն մեր», «Առաքելոյ աղաւնոյ», հարց «Զհոգւոյն գալստեան», «Երրորդութիւն անբաժանելի», «Որ ի յարաշարժ», «Այսօր երկն Այինք», «Որ ի վերայ բղխեալ», «Կենդանարար Աստուած», «Որ համագոյդ ես», շարականները, ինչպես նաև առավոտերգեր՝ «Զգալուստ հոգւոյն օրհնեսցուք», ևն, սրանցից բացի՝ ալելուիաներ, սաղմոսներ ևն: Թափորի շարականն է «Առաքելոյ աղաւնոյ», սրբասացությունը՝ «Հրեշտակային»-ը: Տոնին նվիրվել են նաև տաղեր, օր., Գրիգոր Նարեկացու «Յանկարծահնչեաց»-ը (մեղեդին մեզ չի հասել):
Պատկերագրություն: «Հոգեգալստյան» պատկերագրության թեման հայտնի է դեռևս VI դարից: Հայկական արվեստի հնագույն օրինակը «Մողնու Ավետարան»-ի
մանրանկարն է: Ուշագրավ են Կիրակոս Աղբակեցու, Ռստակեսի, Մկրտիչ ծաղկողի,
Զաքարիա Գնունեցու Հոգեգալստյան պատկերումները: Սովորաբար արարողությունը պատկերվում է Վերնատանը, երբեմն՝ եկեղեցում: Պատկերի վերին հատվածում աստվածային երկինքը խորհրդանշող շրջանն է, որի մեջ նկատելի է Տիեզերական Քահանայապետի Աթոռը: Սրա վրա դրված է լինում Ուխտի տապանակը
(խաչազարդ ծածկոցով)՝ վրան բազմած Հիսուսի խաչը պահող աղավնակերպ Սուրբ Հոգին: Այս տեսարանի վերնամասում երբեմն պատկերվում է գահին բազմած Քրիստոսը: Պատկերի կենտրոնական մասում բոլորաձև նստած են առաքյալները, որոնց վրա երկնքից որպես լույսի ճառագայթներ իջնում են Սուրբ Հոգու շնորհները: Առաքյալների գլխավերևում պատկերված են հրեղեն լեզուներ, իսկ առաքյալների հետ երբեմն պատկերվում է Տիրամայրը: Պատկերի ստորին մասում հաճախ լինում է Վերնատան մուտքը խորհրդանշող խորան, որի մեջ ներկայացված են հրեաները և հեթանոսները, երբեմն այլակերպ՝ շան գլխով:
Ղազարյան Ա., Նավոյան Մ., Միքայելյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 591-592:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am