Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հռիփսիմյանց կույսեր

 ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ, ս . Հռիփսիմյանց եվ ս. Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Հռիփսիմյանց կույսերը առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ: Հռոմ. Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում): Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝  երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմ. կայսրության թագուհին: Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին: Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել: Հռիփսիմեն Ս. Հռիփսիմեհրաժարվել է Տրդատից ևս: Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել: Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին: Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Ա Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը

 Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները:

Հայաստան եկած կույսերի թիվը, ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝  37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հուն., լատ., արաբ., ղպտի., ռուս. Հայսմավուրքներում:

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեականՍ. Հռիփսիմե եկեղեցի գրականության վաղ հուշարձաններից մեկի՝  Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում:

Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը.

Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի,

Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք... (Շարակնոց, 1853, էջ 487):

Հայ եկեղեցին ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը տոնում է ս. Զատկին հաջորդող կիրակիից հետո՝ երկուշաբթի օրը:

                                                                                                    

                                                                                 Սարգսյան Լ.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան,Հայակկան հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  637-638:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am