ՔԱՀԱՆԱ (արամեերեն`  kahna– Աստծո սպասավոր), քահանայություն, երեց, եկեղեցու նվիրապետական կարգի յոթերորդ աստիճանը: Քահանան եկեղեցու խորհուրդները (բացի ձեռնադրությունից), ծեսերն ու արարողությունն երը կատարող անձն է և ծխի հովիվը: Նա միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և մեղքերին քավություն տվողը (Ղևտ. 4.26, 31,  35, 5.8, 13, 6.7 ևն): Հին ուխտի շրջանում քահանայության պաշտոնի կոչվածները եղել են ղևտացիները՝Մովսես մարգարեի եղբայր Ահարոնը և նրա որդիները (Ահարոնի կարգի քահանայություն, տես Ելք 28.1, 41, 29.9 ևն), որոնք կատարել են մեղքերի քավության համար մատուցվող զոհաբերությունը: Նրանց կատարած ծեսերն ու փրկության զոհաբերումները Նոր ուխտի Քահանայապետի՝ Հիսուս Քրիստոսի կատարելիք զոհագործության ստվերներն էին: Սակայն Ղևտական քահանայությունն անկատար էր, որովհետև մահն արգելք էր լինում, որ նրանք տևապես Քահանա մնային (տես Եբր. 7.23), և Աստված կարգեց նոր Քահանա «Դու հավիտյան քահանա ես, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. 5.6) կամ «.. հավիտյանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի» (Եբր. 5.10), ինչպես որ մարգարեացված էր Հին ուխտում (Սաղմ. 109.4): 

Հիսուս Քրիստոսը կոչվել է հավիտենական Քահանա և Քահանայապետ, որովհետև «... ունի անանց քահանայություն: Ուստի և կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մոտեցողներին  մեկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար» (Եբր. 7.24–25): Հիսուս Քրիստոսը հավիտյանների Քահանայապետ է, որովհետև ուղարկված էր Հայր Աստծուց քահանայանալու և բոլոր մարդկանց մեղքերին թողություն տալու, այլ ոչ թե Ղևտական քահանայապետների նման «...նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ժողովրդի մեղքերի համար» (Եբր. 7.27): Հիսուս Քրիստոսն իր քահանայական պաշտոնը կատարեց՝ ինքն իրեն պատարագ մատուցեց և «...բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ» (Եբր. 5.9): Հայր Աստված, իր Միածին Որդու քահանայապետական միջնորդությունն ու բարեխոսությունն ընդունելով, բացեց դրախտի դուռը, որ փակված էր Ադամի մեղքի պատճառով: Երուսաղեմի թագավորի՝ Մելքիսեդեկի (թարգմանվում է արդարության թագավոր) կարգի քահանայությունը, որ տրված է Հիսուս Քրիստոսին, հավիտենական և կատարյալ է՝ Որդու հավիտյան կատարյալ լինելու շնորհիվ: 

Որպես հավիտենական Քահանա ու Քահանայապետ՝ Քրիստոսը հաստատել է նոր քահանայություն, որին կոչվածները պետք է ավետարանեին իր կատարած փրկագործության խորհուրդը: Ուստի իր աշակերտներին նա շնորհել է քահանայական կարգ և տվել իշխանություն մեղքի կապանքներից ապաշխարող մեղավորներին արձակելու, իր մարմնով ու արյամբ մարդկանց հաղորդություն տալու, հոտը հովվելու, Աստծո խոսքը քարոզելու, օրենքները սովորեցնելու, մկրտելու, հիվանդներին այցելելու ևն: Սկզբնական շրջանում առաքյալների կողմից ձեռնադրվող Քահանաներն իշխանություն են ստացել՝ կատարելու եկեղեցու բոլոր խորհուրդները, այդ թվում՝ձեռնադրությունը, բայց հետագայում ձեռնադրության խորհրդի կատարումը վերապահվել է միայն եպիսկոպոսներին: 

Հայ եկեղեցին ունի ամուսնացյալ և կուսակրոն քահանայություն (տես Կուսակրոնություն), որոնք առանձին կարգ չեն, որովհետև քահանայությունը մեկ է ձեռնադրությամբ և օծումով: Քահանայական ձեռնադրությունն ունի երկու մաս՝ կոչումն քահանայության (կատարվում է ձեռնադրության  նախընթաց օրը, երեկոյան ժամերգությունից հետո) և ձեռնադրություն ու  օծում: 

Ներսես Շնորհալին իր  «Թուղթ ընդհանրական»-ում առանձին գլուխ է նվիրել քահանայական դասին: Հայոց կաթողիկոսն իր հոգեշահ խրատներով, հորդորներով ու խորհուրդներով Քահանաներին կոչ է արել ճանաչել քահանայության երկնավոր գործի զորությունը, որը «... հրեշտակային գերաշխարհիկ  զորություններից  ավելի  վեր է նրանց համար, ովքեր անարատությամբ և սրբությամբ են կատարում այն » (Ներսես Շնորհալի, «Թուղթ ընդհանրական», 1991, էջ 80): 

Երկարատև և բարեխիղճ ծառայության համար Քահանաներին տրվում է ավագության պատիվ, և նրանք կոչվում են ավագերեց կամ ավագ Քահանա: 

 

                                                                                                Ղազարյան  Ա.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1047-1048:

  Տես նաև՝

Ս. Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական,  Երևան, 1991:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am