ՔԱՎՈՒԹՅՈՒՆ, փրկանք, հատուցում, փրկագին, մարդկանց գործած մեղքերի,հանցանքների պատժապարտության վերացումը Աստծո կողմից և նրա կամքով, ա՛յն պարագայում, երբ լրացվում կամ հագեցվում է նրա սրբությունն ու արդարությունը այնպիսի՛ զոհաբերությամբ, որը պատշաճում կամ ընդունելի է Աստծուն:
Այնուհետև Քավության օր է սահմանվել յոթերորդ ամսվա 10-րդ օրը (հոկտ. սկզբին), Տաղավարահարաց տոնից հինգ օր առաջ. (Ղևտ.23.26–32): Դա տարվա մեջ միակ պարտադիր ծոմի օրն էր, որի արարողությունները մանրամասնորեն նկարագրված են Ղևտացիների գրքի 16-րդ գլխում: Այդ օրը Քավություն կատարելու համար քահանայապետը, մտնելով Վկայության խորանի Սրբությունների Սրբությունը, հատուկ արարողակարգով նոխազի արյունը սրսկել է երկու քերովբեների միջև գտնվող Ուխտի տապանակի ոսկե կափարիչին (որը կոչվել է Քավություն կամ Քավության սեղան): Նույն օրն է կատարվել նաև ազատ արձակվող նոխազի արարողությունը, որ Տերը պատվիրել էր Մովսեսին (Ղևտ. 16.1–10). երկու նոխազ են ընտրել, մեկի գլխի վրա ձեռք դնելով՝ իրենց մեղքերն ու անօրենությունները թափել են կենդանու գլխին կամ փոխանցել նրան և ժողովրդի մեղքերով բեռնավորյալ՝ ազատ արձակել դեպի անապատ (տես Ղևտ. 16.20–28). Մյուսը զոհաբերել են Տիրոջը՝ քահանայապետի, նրա ընտանիքի և ողջ ժողովրդի մեղքերի Քավության համար: Հատուկ ծիսակարգով կատարել են նաև այլ ողջակեզներ (փրկության, հատուցման, թողության ևն) և անարյուն զոհաբերություններ (տես Ղևտ. 1–6 ևն), որոնց վերջնական նպատակը մեղքերի Քավությունն էր, մեղքերի թողությամբ՝ մարմնավոր ու հոգևոր մաքրագործումը և ուխտի նորոգումը: Հին ուխտում Աստված Քավությունը շնորհում էր կենդանիների զոհաբերությամբ, իսկ նորում՝ Աստծո Գառի՝ ճշմարիտ ու կատարյալ զոհի՝ Հիսուս Քրիստոսի արյամբ. «Ահա՛ Գառն Աստուծո, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1.29, տես նաև Մատթ. 26.28, Մարկ. 14.24, Ա Կորնթ. 5.7, Եփես. 1.7, Եբր.9.26 ևն): Պողոս առաքյալի խոսքերի համաձայն, Քավության «...պատարագները, որ մատուցում էին տարեցտարի, չէին կարող կատարյալ դարձնել մատուցողներին» (Եբր. 10.1) «...նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը» (Եբր. 10.4), քանի որ դրանք ժամանակավոր և երկրային Քավություններ էին:
Աստված նախատեսել էր կատարյալ և հավիտենական Քավություն՝ Հիսուս Քրիստոսին, որն իր անձի պատարագումով հավիտենական Քավություն շնորհեց իրեն հավատացողներին (Եբր. 9.6–10, 18, 10.10, 13.12, Հովհ. 4.9–10 ևն). «եվ նա՛ է քավությունը մեր մեղքերի, և ոչ միայն մեր մեղքերի, այլև՝ ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. 2.2): Քավությանը հետևում է մեղքերի թողությունը, փրկությունը, Տիրոջ մարմնի և արյան Հաղորդությունը: Տես նաև Ապաշխարություն:
Սարգսյան Լ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1052-1053:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am