ԽԱՉԻ ՏՈՆԵՐ, Հայ առաքելական եկեղեցու՝ խաչը փառաբանող Տերունի չորս տոները, որոնցից մեկը՝ Խաչվերացը, Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոներից է:
Երևման Խաչ, Խաչի երևման տոն. կատարվում է ի հիշատակ Խաչի հրաշալի երևման, որը տեղի է ունեցել 351-ին՝ Երուսաղեմի վրա Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռ խաչանման լույսի ճառագումով: Երուսաղեմի հայրապետ Կյուրեղ Երուսաղեմացին այդ առթիվ հատուկ նամակ է հղել բյուզանդական Կոստանդիանոս կայսրին, որտեղ, վկայակոչելով Խաչի երևումը, հորդորել է ամուր մնալ քրիստոնեական ուղղափառ հավատքի և Ընդհանրական եկեղեցու որդեգրած դավանական անառարկելի ճշմարտությունների վրա: Կյուրեղ Երուսաղեմացու այս նամակը V դ. թարգմանվել է հայերեն և ներկայումս էլ տոնի օրը ընթերցվում է Հայ եկեղեցում: Հույները Խաչի երևման տոնը կատարում են մայիսի 17-ին, իսկ Հայ եկեղեցին՝ Հինանց հինգերորդ կիրակի օրը, ս. Զատկից 28 օր հետո, 35 օրվա շարժականությամբ (ապրիլի 19-ից մինչև մայիսի 23-ը): Կաթոլիկ եկեղեցին այս անունով տոն չունի: Երևման Խաչի տոնին հատուկ շարական չի նվիրվել. այդ օրը երգվում են Խաչի մյուս տոների շարականները, որոնցով փառաբանվում է Խաչը:
Վարագա Ս . Խաչի տոն. կապված է ազգային ավանդության հետ: Նշում է միայն Հայ եկեղեցին: Այս տոնը 653-ին հաստատել է Ներսես Գ Տայեցին: Ըստ ազգային ավանդության, ս. Գայանյանց կույսերից ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրել է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք, որը Պատրոնիկե թագուհին Երուսաղեմից բերել էր Հռոմ: Երբ հալածական կույսերն ապաստանել են Հայաստանում, ս. Հռիփսիմեն Վաղարշապատ գնալու ճանապարհին իր պարանոցը զարդարող սև մասունքը, երկու քահանաների պահպանության ներքո, զետեղել է Վարագա լեռան քարայրներից մեկում: Քրիստոնեության դեմ հալածանքների պատճառով երկար ժամանակ ս. Մասունքի գտնվելու վայրը գաղտնի է պահվել, իսկ քահանաների մահից հետո՝ մոռացվել, բայց այդ մասին հյուսված ավանդությունը միշտ հետաքրքրել է սրբակյաց ճգնավորներին: 653-ին Վարագա լեռան վրա ապրող Թոդիկ և Հովել ճգնավորներն աղոթել են՝ իմանալու համար, թե որտեղ է պահված ս. մասունքը: Հանկարծ լսվել է մի ձայն, որից հետո երևացել մի պայծառ լույս Վարագա լեռան վրա և 12 լուսեղեն սյուներ նրա շուրջը: Լույսերը երկար ժամանակ լեռան վրա մնալուց հետո մտել են եկեղեցի և հանգչել եկեղեցու սեղանի վրա:
Հոգևորականներն ու աշխարհականները, իմանալով այդ մասին, մեծ թափորով շտապել են եկեղեցի: Ժամանակի Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն ու Վարդ Ռշտունի սպարապետը, նույնպես Վարագ գալով, ստուգել են եղելությունը և մեծահանդես տոնախմբություն կատարել: Նույն վայրում, որտեղ երևացել էին 12 լուսե սյուները, կաթողիկոսը կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Վարագա վանքի մեջ հանգչող Խաչափայտը կոչվել է ս. Նշան և երկար ժամանակ պահվել այնտեղ: Դեգերումներից հետո, 1655-ին դրվել է Վանի Ս. Տիրամայր Մայր եկեղեցում, որն այնուհետև կոչվել է Ս. Նշան: Տոնը կատարվում է Խաչվերացից 15 օր հետո՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ներսես Գ Տայեցին Վարագա Ս. Խաչի տոնի առթիվ հորինել է «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը:
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 429-430:
Տես նաև՝
Գուշակյան Թ., Սուրբք և տօնք, Երուսաղեմ, 1939, էջ 313–323:
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե., 1992:
Տիգրանյան Ա., Խաչվերացի տոնի ավանդությունները, «Գանձասար», 6, 1996, էջ 110–131:
Մանուկյան Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am