ԽԱՉՎԵՐԱՑ, Սուրբ Խաչի Վերացման տոն, Հայ եկեղեցու հինգ Տաղավար և Խաչի չորս տոներից մեկը: Ունի նավակատիք՝ ութօրյա հանդիսությամբ, և մեռելոց: Խաչի տոներից ամենահինն է և իր պատմական սկզբնավորությամբ հասնում է մինչև քրիստոնեության ակունքները, որովհետև խաչը վերացնելու (բարձրացնելու) և փառավորելու առաջին գործողությունը վերագրվում է Տեառնեղբայր (Տիրոջ եղբայր) Հակոբոս առաքյալին: Նա եղել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը և, խաչը ի տես ժողովրդի բարձրացնելով, «Խաչի քո, Քրիստոս, երկրպագեմք» օրհնությունն ու աղոթքն է ասել: Ենթադրվում է, որ Հակոբոսը ոչ թե Քրիստոսի բուն խաչն է բարձրացրել, այլ նրա նմանությամբ պատրաստված քառաթևով է այդ արարողությունը կատարել: Հայ և Ընդհանրական եկեղեցում տոնը հաստատվել է IV դ.:
Երրորդ պարագան, երբ խաչը հատուկ փառավորություն է ստացել, խաչի վերադարձն է: 614-ին, պարսկա-բյուզանդական պատերազմի ժամանակ, Պարսից Խոսրով II թագավորը գրավել է Երուսաղեմը՝ գրեթե հիմնովին ավերելով քաղաքը: Թալանելով Երուսաղեմը՝ պարսիկները նյութական և հոգևոր շատ արժեքների հետ Քրիստոսի Խաչափայտը ևս գերեվարել են և իբրև ավար տարել Պարսկաստան: Միայն 628-ին բյուզանդացի Հերակլ կայսրը (610–641), հաղթելով Պարսկաստանին և գրավելով Տիզբոնը, վերադարձրել է գերված Խաչափայտը և նույն թվի սեպտեմբերի 14-ին փառավոր հանդեսով զետեղել իր ավանդական տեղում՝ Երուսաղեմի Ս. Հարություն տաճարում: Կայսրը և եկեղեցական հայրերը սեպտեմբերի 14-ը հռչակել են Քրիստոսի Խաչափայտի վերադարձի կամ Խաչվերացի տոն: Հայ եկեղեցին Խաչվերացի տոնը կատարում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը (սեպտեմբերի 11–17-ը հանդիպող կիրակին): Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսը (677–703) կարգավորել է Խաչվերացի արարողությունը՝ գրելով նաև այդ առթիվ երգվող շարականներ:
Խաչվերացի տոնին հայոց բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է հանդիսավոր թափոր և անդաստան (արարողություն, որի ժամանակ քահանաներն օրհնում են աշխարհի չորս ծագերը): Հանդիսավոր թափորի ժամանակ, Մայր աթոռ Ս. Էջմիածնում, ի տես ժողովրդի, բարձրացվում է Քրիստոսի Խաչափայտի մասունքով ճաճանչավոր մի խաչ, որը սրբությամբ պահվում է Մայրավանքի թանգարանում:
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 431-432
Տես նաև՝
Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Ե.,1992:
Տիգրանյան Ա., Խաչվերացի տոնի ավանդությունները,«Գանձասար», 6, 1996, էջ 110–131:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am