ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂ (ծ. և մ. թթ. անհտ), XVI–XVII դարերի խաչքարերի ու տապանաքարերի քանդակագործ: Եղել է ամենաբեղմնավոր քարգործ վարպետը: Նրանից պահպանվել են 54 խաչքար և 10 տապանաքար: Հիմնականում աշխատել է Գեղարքունիքում (ծնունդով այս գավառից էր), սակայն հրավիրվել է և խաչքարեր կերտել նաև Այրարատի, Տավուշի բնակավայրերում (Էջմիածին, Աշտարակ, Եղվարդ, Բերդ ևն): Նշանավոր են Գավառի «Դարի գլուխ» գերեզմանատանը կանգնեցված նրա կերտած զույգ խաչքարերը, մեկը՝ Հախնազարի (1596, պահվում է Երևանի Մատենադարանում), մյուսը՝ Շահնազարի հիշատակին: Քիրամ Կազմողի գործերի մեծ մասը գտնվում է Նորատուսում (32 խաչքար): Նրա ստեղծագործությունները բնորոշվում են հեղինակի ճարտարապետական մտածողության ինքնատիպ դրսևորմամբ և նորարարությամբ: Քիրամ Կազմողի խաչքարերը և, առաջին հերթին, ընդհանուր պատվանդանով խաչքարերի խմբերը ճարտարապետական փոքր ձևեր են՝ նման կառույցին հատուկ ենթաբաժանումներով: Քիրամ Կազմողն առաջինն է կիրառել խաչքարերի սեղանաձև սալեր, խաչաքանդակը ներգծել ցռուկաձև կամարով խորշի մեջ, կատարելության հասցրել խաչքարերի «մանրաքանդակ ոճը»:
Հասրաթյան Մ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանարգիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1057:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am