ՔՈԲԱՅՐԱՎԱՆՔ, Քոբայրի վանք, ՀՀ Լոռու մարզում, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում: Վանքի տարածքից վեր կան բազմաթիվ ժայռափոր կացարաններ, որոնց հետ է կապվում «Քոբայր» տեղանունը: Քոբայրավանքի վերաբերյալ հնագույն հիշատակությունները պահպանվել են XIII դ. պատմիչներ Վարդան Արևելցու ու Մխիթար Այրիվանեցու մոտ: Վանքը պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին, ապա, անցնելով Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան  ներկայացուցիչներին, XIII դ. կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի:  

ՔոբայրավանքՔոբայրավանքը եղել է Հս. Հայաստանի գրչության,հոգևոր ու մշակութ. նշանավոր կենտրոն: Այստեղ է գործել XII դ. նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցին: Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից,  զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից և շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով: Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ մատուռների ավերակներ, խաչքարեր: 

Քոբայրավանքի հնագույն կառույցը Մարիամաշեն միանավ, թաղածածկ եկեղեցին է` տեղադրված համալիրի արլ. մասում, ժայռի եզրին: Ըստ բարավորի վրա պահպանված շին. արձանագրության (1171), կառուցել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը: Եկեղեցուն հետագայում հվ-ից  կցվել է ուղղանկյուն հատակագծով մատուռ: Քոբայրավանքի գլխավոր եկեղեցին (XII դ.վերջ – XIII դ. սկիզբ) գտնվում է վանքի հվ- արլ. մասում: Ուղղանկյուն հատակագծով միանավ դահլիճ է` ծածկված կիսագլանաձև թաղով: Աղոթասրահն արլ-ից ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որը լուսավորվում է երկու շարքով տեղադրված հինգ պատուհաններով: Եկեղեցու արլ. ճակատը մշակված է քանդակազարդ պարակալներով պսակված պատուհաններով և ճակատի ուղղաձիգ առանցքը շեշտող բարձրաքանդակ խաչով: Եկեղեցին 1276-ին վերանորոգել է Շահնշահ Զաքարյանի որդի Գիորգի աբեղան: Սալարկվել են եկեղեցու սրահն ու բակը, ամրացվել ու նորոգվել խարխլված հատվածները (այժմ եկեղեցին կիսավեր է): Գլխավոր եկեղեցուն հս-ից կցվել է մատուռ-ավանդատունը: 1279-ին Շահնշահ Զաքարյանի որդի Մխարգրձելին և նրա կին  անենին կառուցել են վանքի զանգակատուն-տապանատունը` արլ-ում խորանով սրահ, ութասյուն  զանգաշտարակով (պահպանվել են միայն սյուների խարիսխները): Հատակը ծածկված է տապանաքարերով: Վանքի հս.կողմում, գլխ. մուտքի դիմաց թաղածածկ, միանավ, երկրորդ եկեղեցին է (XIII դ.): Քոբայրավանքի սեղանատունը (XIII դ.) գտնվում է տապանատուն-զանգակատնից արմ.: Քոբայրավանքը եզերող բարձր պարսպապատերից պահպանվել են միայն հս. և արլ. հատվածները: Քոբայրավանքում են թաղված Զաքարե Բ Զաքարյանի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ Գիորգին, Մխարգրձելին և եղբայրը` աթաբակ Վահրամը:  

Քոբայրավանքը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք  զարդարում են նրա 4 շինությունները` մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը և զանգակատան տապանատունը: Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը: Մեծ եկեղեցում պահպանվել է միայն բեմի որմնանկարը: Գմբեթարդին պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, երկու կողքերին` հրեշտակապետները, միջին  շարքում «Հաղորդության» տեսարանն է, ներքևում, ողջ հասակով` ութ սուրբ, որոնց թվում` ս. Գրիգոր Աստվածաբանը, ս. Բարսեղ Մեծը, ս. Հովհաննես Ոսկեբերանը և ս. Կյուրեղ Ալեքսանդրացին: Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է: Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում` «Հաղորդությունը», ներքևում` սրբերը: Արմ. և հս. պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները` ս. Գևորգի առջև կանգնած: Քոբայրավանքի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզ. գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունն երը վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստ. Միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղ. արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը ևն): 

                                                                                                          

                                                                                      Ջալալյան Ա., Դրամբյան Ի.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1057-1058:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am