Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն

 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՔԴՔԿ) Հայաստանյայց առաքելական եկեղեցու, ստեղծվել է 1995-ի սեպտեմբերին, Ս. Գայանե  վանքում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի կոնդակով:

Կենտրոնի  խնդիրներն ու նպատակներն են քրիստ. կրոն դասավանդող ուսուցիչների պատրաստումը, կիրակնօրյա դպրոցների հիմնումը, հանրակրթական դպրոցներում քրիստոնեական կրոնի դասավանդումը, քրիստոնեական կրթության և դաստիարակության ծրագրերի մշակումը, դասագրքերի և կրթական համակարգին վերաբերող նյութերի հրատարակումը: Քարոզչական գործունեության ուղղություններն են դավանական, մեկնողական., տոնախոսական, ջատագովական,  քարոզախոսական և խրատական գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների պատրաստումը, հոգևոր կրոնական Թերթի հրատարակումը, ազգային եկեղեց. տոնախմբությունների, ուխտագնացությունների կազմակերպումը: Կենտրոնում գործում են հրատարակչական, մշակույթի, կրոն դասավանդող ուսուցիչների պատրաստման բաժիններ: 

1995–99-ի ընթացքում կրոնի դասավանդումը  կիրակնօրյա վարժարաններում և հանրակրթական դպրոցներում ապահովելու նպատակով ՀՀ 11 քաղաքներում կազմակերպվել են քրիստոնեական կրոնի ուսուցիչների լսարաններ: 1995–99-ին Հայաստանի թեմերում բացվել են շուրջ 50 կիրակնօրյա դպրոցներ: 1998-ից ԼՂՀ և Քաշաթաղի տարածաշրջանի դպրոցներում դասավանդվում է «Քրիստոնեական կրոն» առարկան

ՔԴՔԿ հրատարակում է կրոն. դասագրքեր, կրոնի դասավանդման ուս. ուղեցույց ծրագիր, «Հոգևոր գրադարան» մատենաշարի գրքեր: Կենտրոնը ՀՀ հանրային հեռուստատեսության հետ  համատեղ եթեր է հեռարձակում հոգևոր հաղորդաշարեր: 

1997-ից հրատարակվում է «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը: Կենտրոնի հովանավորությամբ գործում են պատանի ջութակահարների խումբ, մանկ. հոգևոր երգչախումբ: ՔԴՔԿ համագործակցում է քրիստոնեական, մշակութային կազմակերպությունների հետ:

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1059-1060:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am