ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ, Աստվածամայր, Տիրամայր, Աստվածածին, սուրբ Կույս Մարիամ (հուն. Θεοբηvτωρ, Θεοτοvκος), մարդեղացյալ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի մայրը, որը նրան ծնեց կուսական հղությամբ՝ Սուրբ Հոգով, Բեթղեհեմում (Մատթ. 2.1–12, Ղուկ. 2.6–7). բացառիկ առաքելություն ունեցող երանելի Կույսը, ում վերապահված էր մարդկության Փրկչին աշխարհին ընծայելու աստվածային պատիվը, ինչպես մարգարեացված էր Հին ուխտում. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7.14, տես նաև Միքիա 5.2–3):
Մարիամը, ըստ Ավետարանների և պարականոն գրքերի, ուխտի զավակ էր, ինչպես օր., աստվածաշնչյան նահապետներից Աբրահամի ու Սառայի որդի Իսահակը կամ ինչպես Եղկանայի ու Աննայի որդի Սամուել մարգարեն:
Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, երեխա չեն ունեցել և ուխտել են՝ ունենալու դեպքում մանկանն ընծայել սուրբ Տաճարին: Ընծայյալ Մարիամը Տաճարում մնացել է 14 տարի (Տաճարի քահանայապետն էր դարձել Զաքարիան, որի կինն էր Եղիսաբեթը. Նրանք էին Հովհաննես Մկրտչի ծնողները): Ապա Մարիամը նշանվել է Հովսեփի հետ, բնակվել Գալիլիայի Նազարեթ քաղաքում: Կյանքի մոտավորապես 15-րդ տարում սուրբ Կույսի հետ պատահել է մարգարեացված աստվածային հրաշքը. Գաբրիել հրեշտակն այցելել է նրան և ավետել. «Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի..«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ...» (Ղուկ. 1.26–38):
Ժամանակ անց Մարիամը, Հիսուսով հղի, այցելել է Հովհաննես Մկրտչի մորը՝ Եղիսաբեթին, որը Սուրբ Հոգով մարգարեացել է՝ աղաղակելով. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը...» (Ղուկ. 1.41–45): Մարիամը ևս, Սուրբ Հոգով լցված, ասել է իր հրաշագեղ օրհներգությունը (որը կոչվում է Մեծացուսցե՝ Տիրոջը մեծացնելու՝ փառավորելու իմաստն ունենալու համար).«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա: Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկ. 1.46–55):
Ընդհանրական եկեղեցին Մարիամ Աստվածածնի՝ Ամենասուրբ Կույսի (որը, ըստ հրեական մեսիական հավատքի՝ իր մեջ պետք է ընդուներ երկնքից սպասվող Փրկչին) մասին թանձրացյալ այլաբանություններ և մարգարեություններ է դիտում Հին կտակարանի որոշ տեղիները, որտեղ ապագա Աստվածամայրը հանդես է գալիս որպես Մեսիայի՝ Օծյալ Փրկչի տնօրինական գործունեությանը սերտորեն առնչվող անձ. Մարիամը որպես գալիք Փրկչի մայրը: Աստված ասում է օձին (սատանային). «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ [Մարիամի] միջև, քո սերնդի ու նրա սերնդի [Հիսուսի] միջև: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3.15): Տվյալ դեպքում սատանայական օձին ոտնակոխ անողը Հիսուսն է, իսկ «կինը» Հիսուսի մայրը, ով մասնակցում է իր Որդու պայքարին և հաղթանակին, այսինքն՝ մարդկության փրկության գործին: Մարիամը որպես այն Կույսը, որը ծնելու է Էմմանուելին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի 7.14, Միքիա 5.2–3, տես նաև նորկտակարանային արձագանքը՝ Մատթ. 1.22–23), այսինքն՝ հանդես է գալիս որպես Աստվածածին, քանի որ Էմմանուել նշանակում է «Աստված մեզ հետ»: Այդ անունն ակնարկում է Փրկչի Աստվածությունը և Փրկչի Կույս Մոր աստվածային մայրությունը:
Փրկչին Բեղթեհեմում ծնող Կույսը: Եսայու մարգարեությանը Միքիան ավելացնում է մի կարևոր մանրամասն՝ Մեսիայի ծննդյան վայրը. «Եվ դու, Բեթղեհեմ, Եփրաթայի սակավամա՛րդ տուն, կլինես Հուդայի երկրի հազարավորների մեջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայելի մի իշխան, և նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»: Այդ պատճառով Տերը նրանց կթողնի մինչև ծննդկանի ժամանակը...», Միքիա 5.2–3): Մարգարեն «ծննդկանի ժամանակը» ասելով նկատի ունի Եսայու մարգարեության «հղացող և ծնող Կույսին» (մարգարեության իրականացումը տես Մատթ. 2.2–6):
Մարիամ Աստվածածինը որպես առաջինը Տիրոջ խոնարհների ու աղքատների մեջ, այսինքն նրանց, ովքեր սպասում էին Փրկչին խոնարհության ու աղքատության մեջ: Մարիամը գլուխն է «Տիրոջ աղքատների», ինչը երևակվում է մարգարեություններում ու սաղմոսներում: Մարիամի խոնարհության հաստատումը եղավ նրա ինքնաբնութագրումը («Տիրոջ աղախին»)՝ հրեշտակապետի ավետմանն ի պատասխան: Մարիամը՝ աղքատների մեջ ամենաաղքատը, դարձավ ամենահարուստը՝ Փրկչի Մայրը («Երանի հոգով աղքատներիդ, որովհետև Աստծու արքայությունը ձերն է», Ղուկ. 6.20) և խոնարհությունից բարձրացվեց մինչև փառքի գագաթնակետը՝ «խոնարհ և բարձր»:
Մարիամ Աստվածածինը որպես խորհրդաբանյալ «Սիոնի դուստրը», «Երուսաղեմի դուստրը», «Իսրայելի կույսը»: Մարիամը ճշմարիտ «Սիոնի դուստրն է», անձնավորումը կատարյալ Երուսաղեմի, որպես Աստծո ներկայության վայր, որն իր մեջ է կրում Փրկչին, ապրում, տառապում և գործում է նրան ծնելու կենդանի սպասումով. «Հրճվի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղեմ, ուրախացիր և զվարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղեմի, որովհետև... Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է...» (Սոփոնիա 3.14–15, տես նաև Միքիա 4.8–10, Երեմիա 31.21–22): Մարիամը Հին կտակարանի «Սիոնի դստեր» ամենակատարյալ իրականացումն է և մարգարեության վավերացումը Նոր կտակարանում, Հին և Նոր կտակարանների եկեղեցու կապող օղակը: Նա է ավետավոր Կույսը, «Սիոնի դուստրը» սուրբ Իսրայելի անձնավորումը, Հին ուխտի մարգարեության վավերացումը Նոր ուխտում և այն «երկնային տաճարը» (Գրիգոր Նարեկացի), որն իր մեջ է կրում Փրկչին, ուստի և ինքն է անդրանիկ Նոր եկեղեցին:
Նոր կտակարանում առկա են Մարիամի կյանքի հետևյալ հիմնական դրվագները. Մարիամ Աստվածածինը Հիսուսի ծածուկ կյանքի տարիներին, որ միայն ակնարկված է կտակարաններում, սակայն նկարագրված է պարականոն գրվածքներում և բանավոր ավանդություններում:
Մարիամ Աստվածածինը Գալիլիայում: Ավետումը Նազարեթում (Ղուկ. 1.26–38):
Մարիամ Աստվածածինը Հուդայի երկրում. այցելությունը Եղիսաբեթին (Ղուկ. 1.39–56):
Մարիամ Աստվածածինը Բեթղեհեմում. Հիսուսի ծնունդը (Մատթ. 1.18–25, Ղուկ. 2.1–20):
Մարիամ Աստվածածին Երուսաղեմի տաճարում (Ղուկ. 2.22–33, տես Տյառնընդառաջ):
Մարիամ Աստվածածինը Եգիպտոսում, երբ սուրբ ընտանիքը (Մարիամը, Հովսեփը և մանուկ Հիսուսը) հրեշտակի հրահանգով, Հերովդես արքայի նենգ հրամանից խուսափելով, փախչում է Եգիպտոս (Մատթ. 2.13–15, 19–23):
Մարիամ Աստվածածինը Երուսաղեմում. տասներկուամյա Հիսուսին կորցնելը և վերստին գտնելը Տաճարում (Ղուկ. 2.41–52):
Մարիամ Աստվածածինը Կանայի հարսանիքում, որտեղ սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ Հիսուսը ջուրը գինի դարձրեց՝ հայտնելով աստվածային նշանների սկիզբը (Հովհ. 2.1–11):
Մարիամ Աստվածածինը Հիսուսի փրկչական բացահայտ գործունեության ընթացքում, Կափառնայում քաղաքում, երբ զարմիկների հետ կամենում էր տեսնել Հիսուսին (Մատթ. 12.46–49, Մարկ. 3.31–35, Ղուկ. 8.19–21). ևս երկու անգամ՝ հիշատակված տարբեր առիթներով (Մարկ. 6.3, Ղուկ. 11.27–28):
Մարիամ Աստվածածինը Հիսուսի երկրային կյանքի ավարտին, Գողգոթայի խաչելությանն ի տես: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ «... Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը՝ Կղեոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին: Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց.«Ո՛վ կին, ահա՛ քո որդի»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ» (Հովհ. 19.25–27):
Մարիամ Աստվածածինը Հիսուսի փառավորումից՝ Հարությունից և Համբարձումից հետո՝ Վերնատանը (որտեղ Հիսուսը կատարել էր Վերջին ընթրիքը) Հիսուսի աշակերտների հետ, հարատև աղոթքի հանձնված (Գործք 1.13–14) կամ, այլ կերպ ասած՝ Մարիամ Աստվածածինը զինվորյալ (երկրային) եկեղեցում:
Մարիամ Աստվածածինը երկնքում՝ հավիտենության մեջ, կամ՝ Մարիամ Աստվածածինը հաղթական (երկնային) եկեղեցում. իրողություն, որը խորհրդաբանորեն տրված է Հովհաննեսի Հայտնությունում. «Եվ երկնքում մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ և իր գլխի վրա մի պսակ՝ տասներկու աստղերից» (12.1):
Աստվածածնի վերաբերյալ կան նաև բանավոր ավանդություններ, զրույցներ, պարականոն գրքեր (Հակոբոսի նախավետարան, Կեղծ Մատթեոսի ավետարան, Մարիամի ծննդյան ավետարան, Մանկության արաբական ավետարան, Ատաղձագործ Հովսեփի պատմություն, Ամենասրբուհի Կույս Աստվածամոր Վերա-փոխման գիրք ևն): Դրանցում խոսվում են Մարիամի կյանքի այնպիսի դրվագների մասին, որոնք չեն գրառվել կանոնական Ավետարաններում (Մարիամի ծննդյան, մանկության, նրան Տաճարին ընծայելու, Եգիպտոսում անցկացրած տարիների, Նազարեթ վերադարձի, Աստվածամոր ննջման, Վերափոխման ևն):
Քյոսեյան Հ., Ղազարյան Ա., Արևշատյան Ա., Ղազարյան Վ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 699-702:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am