Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մարիամ Աստվածածինը երաժշտության և պատկերագրության մեջ

 ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Երաժշտություն: Մարիամ Աստվածածնին նվիրված 8–9 օրհներգից բաղկացած հիմներգական կանոնի երրորդ միավորն է: Մեծացուսցեն երգվում է առավոտյան ժամին՝ իբրև Աստվածածնի  «Մեծացուսցէ անձն իմ զՏէր» (Ղուկ. 1.46) Ավետում (ծաղկող՝ Գրիգոր, Թարգմանչաց ավետարան, 1232 թ.)երգի կցուրդ: Մեծացուսցեների առաջին նմուշներն ավանդաբար վերագրվում են Մովսես Խորենացուն: Մեծացուսցեները բնորոշվում են բերկրալից, քնարական և փառաբանական բնույթով, որտեղ Աստվածածինն անվանվում է «Արևելք գերարփին, օթարան լուսածին»«Մայր լուսոյ Մարիամ անհարսնացեալ»«Զանճառելի լուսոյ մայր»«Առաւօտ խաղաղութեան, արուսեակ զուարթաբար, տաճար լուսոյ» ևն: Մեղեդիապես Մեծացուսցեներն աչքի են ընկնում զարդոլորուն, ծորերգային հուզական արտահայտիչ նկարագրով:

Պատկերագրություն: Մարիամ Աստվածածնի պատկերագրությունը քրիստոնեական արվեստում ձևավորվել է II–III դդ.: Վաղ շրջանում առաջացել է Ավետման, Աղոթող Աստվածամոր (օրանտ), Մանկանը գրկած Աստվածամոր և հատկապես երկրպագող մոգերի հետ Մանուկը գրկին Աստվածամոր պատկերագրությունը: Մարիամ Աստվածածնի պատկերագրությունը ծագել է կանոնական չորս և պարականոն Ավետարաններից: Առաջին գեղարվեստական պատկերները հանդիպում են II դ. կեսին վերագրվող Հռոմի Պրիսկիլլայի կատակոմբում՝ ստորգետնյա թաքստոցում, որտեղ քրիստոնյաները ժամանակին պատսպարվել են և արարողություններ կատարել:

«Ավետում» պատկերագրական թեմայի առաջին օրինակները Հայաստանում պահպանվել են VI–VII դդ. Օձունի կոթողի հս. սյան արմ. կողմում և «Էջմիածնի Ավետարան»-ի վերջում կցված VI–VII դդ. մանրանկարում ու փղոսկրե կազմի վրա: «Ավետման» տեսարանում սովորաբար Գաբրիել հրեշտակապետը պատկերվում է ձախ, Մարիամը՝ աջ կողմում, իսկ երկնքից դեպի Մարիամն է իջնում աղավնակերպ Սուրբ Հոգին: 1057-ի Ավետարանում (Փոքր Հայք, Մատենադարան, ձեռ. դ 3784) և «Մողնու Ավետարան»-ում միմյանց մոտ նույն էջում պատկերված են «Ավետումը» և «Մարիամի ու Եղիսաբեթի հանդիպումը»:

1057-ի Ավետարանում Մարիամը մերժման ժեստով է (կապադովկյան տիպ),Ծնունդ (Թարգմանչաց ավետարան, 1232 թ.) իսկ «Մողնու Ավետարան»-ում Մարիամը նստած է շքեղ տան առջև՝ մութաքայի վրա, աջ ձեռքն ափի կողմով դեպի մեզ՝ իբրև մերժում, ձախով իլիկ մանելիս: Որմնանկարչության մեջ «Ավետումը» պատկերվել է VII–XVIII դդ.: Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու և Ախթալայի Ս. Աստվածածին վանքի եկեղեցու «Ավետման» նկարները  «Ծնունդի» և «Եգիպտոս փախուստի» հետ ներկայացնում են մեկ շարք: 

XI–XII դդ. պատկերազարդված մի Ավետարանում (Մատենադարան, ձեռ. դ 2877) Մարիամը պատկերված է երկու ձեռքով իլիկ մանելիս, ընդ որում, նրա մատների շարժումը միաժամանակ կապված է օրհնության, Սուրբ Երրորդության և Քրիստոսի աստվածային ու մարդկային բնությունների հետ: Կիլիկյան մանրանկարչության մեջ Մարիամ Աստվածածինը պատկերված է նստած՝ իլիկով (1223-ի Ավետարան, Ստամբուլի Ս. Գրիգոր եկեղեցի, ձեռ. դ 35, «Կեռան թագուհու Ավետարան»«Հովհաննես Արքաեղբոր Ավետարան»,  Մատենադարան, ձեռ. դ. 197 ևն) և կանգնած («Վասակ իշխանի Ավետարան»,  XIII դ. 80-ական թթ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռ. դ 9422 ևն): Ձեռագիր դ 9422 Ավետարանում և Խաչատուր Խիզանցու 1455-ի Ավետարանում (Բալթիմոր, Ուոլթերսի հավաքածու, ձեռ. դ 543) Աստվածածինը «Ավետման» մեջ աղոթողի (օրանտի) կեցվածքով է՝ երկու ձեռքերը դեպի վեր պարզած, ինչպես Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու «Ավետման» որմնանկարում: Պատկերագրության մեջ հրեշտակի և Մարիամի միջև կյանքի ավազանը երբեմն փոխարինվում է արմավի ծառով՝ որպես արդարների փրկության խորհրդանիշ: Սարգիս Պիծակը վերադարձել է աջ ձեռքի ափով Մարիամի մերժման հին կապադովկյան տիպին, իսկ Մարիամի ձախ ձեռքին պատկերել է գալար: Նա պահպանել է նաև ավազանի կամ ջրհորի (որից շիթերի փոխարեն ցայտում են տերևներ՝ զուգորդվելով դեպի Տիրամայրն ընթացող աղավնակերպ Սուրբ Հոգու հետ) հնավանդ պատկերը: Այդ պատկերակերպը կրկնվում է Վասպուրականում: Իսկ Թորոս Տարոնացին և Գրիգոր Տաթևացին «Ավետումը» ներկայացնում են ջրհորի կամ աղբյուրի մոտ՝ հին ասորական տարբերակով:

Աստվածամայրը մանկան հետ (Էջմիածնի ավետարան, 989 թ.)«Աստվածածինը Մանկան հետ» կամ  «Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին» Մարիամ Աստվածածնի պատկերագրության առավել տարածված հորինվածքներից է: Հայաստանն առաջին երկրներից է, որտեղ IV դ. մշակվել և զարգացել է այդ պատկերագրական տիպը: Տիրամոր և մանուկ Հիսուսի պատկերներով հորինվածքը մասնագիտական գրականության մեջ հայտնի է «Օդիգիտրիա» (հուն.՝ ուղի ցույց տվող) անունով: Հռոմի Պրիսկիլլայի որմնանկարի «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերում Մարիամը ներկայացված է գլխին կիսաթափանցիկ քողով (ի տարբերություն ավելի ուշ շրջանի մաֆորիոնի)՝ իբրև ամուսնացած կնոջ նշան: Քողի տակ կարճ թևքերով քիտոն է, քիտոնի վրա՝ մանտիա կամ պեպլոս: Մարիամի կողքին տոգայով մարգարեն է, վերևում՝ աստղ: Սակայն այս նմուշը հատկանշական չի դառնում հետագա պատկերագրության համար:

Եփեսոսի Գ տիեզերաժողովում Աստվածամայր ճանաչված Կույս Մարիամը սկսել է ընկալվել որպես երկնային թագուհի, և գահին բազմած մանուկ Հիսուսին գրկած Աստվածամայրն անջատվել է մոգերից (հնագույն արևելյան պատկերներում ներկայացվել է մոգերի հետ) ու ստացել սրբապատկերային նշանակություն: Աստվածամոր մշտական հագուստը դարձել է տունիկայի վրա գցված մաֆորիոնը (օմոֆորիոն անվան աղավաղում), որը միաժամանակ ծածկում էր և գլուխը, և ուսերով իջնում մինչև ծնկները:

«Օդիգիտրիայի» պատկերագրական  այդ տիպը Հայաստանում տարածվել է IV–VII դդ. քառակող քանդակազարդ կոթողների և դրանցից մի քանիսի պատվանդանների վրա (Բերդաձորի, Հառիճի, Օձունի կոթողներ), իսկ Թալինի մի կոթողի վրա Աստվածամորն ու Մանկանը սպասարկում և հսկում են հրեշտակները: Թալինի և Խարաբավանքի կոթողների վրա (ՀՊՊԹ) Աստվածամայրը պատկերված է կանգնած՝ Մանկան հետ, որի ձեռքին կա գիրք:

«Աստվածամայրը Մանկան հետ» հորինվածքի պատկերագրական հնավանդ այս տիպը գոթական ազդեցությամբ վերստին ի հայտ է եկել XIII–XV դդ. հայկական մանրանկարչության մեջ (Վասպուրական և այլուր): «Էջմիածնի Ավետարան»-ի VI դ. փղոսկրե կազմի ստորին փեղկի կենտրոնական թիթեղին գահի վրա պատկերված է Մանուկը գրկին Աստվածամայրը՝ կողքին Պողոս և Պետրոս առաքյալները:

Հայկական  մանրանկարչության մեջ «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերների առաջին օրինակները պահպանվել են X–XI դդ. Ավետարաններում («Էջմիածնի Ավետարան»,  1000-ի «Էջմիածնի Ավետարան»,  Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի Մատենադարան, ձեռ. դ 2555, 966-ի «Թարգմանչաց Ավետարան»,  Բալթիմոր, Ուոլթերսի հավաքածու, ձեռ. դ 537 ևն):

Հայկական  եկեղեցիների արտաքին հարդարանքում թեմատիկ պատկերների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում  «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերաքանդակները (Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցի, Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի, Նորավանքի, Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքի, Արատեսի վանքի եկեղեցիներ ևն): Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու արմ. պատին «Օդիգիտրիան» պատկերված է Գաբրիել և Միքայել հրեշտակապետների հետ (ինչպես Օձունում), մի մոտիվ, որն առկա է Կիրակոս Տյառնընդառաջ (նկարիչ՝ Մելիքսեդեկ, Ավետարան, 1338, Բերկրի)ծաղկողի 1351-ի Ավետարանում (Մատենադարան, ձեռ. դ 2745), առանց հրեշտակների՝ «Ադրիանուպոլսի Ավետարան»-ում:  «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերը հետագայում տարածում է ստացել Վայոց ձորի, Գլաձորի և Տաթևի մանրանկարչության ու ճարտարապետական դպրոցներում: Բյուզանդական  Էլեուսա (Գորովագին) Աստվածամոր ու Մանկան սրբապատկերի ազդեցությամբ XIII դ. վերջին և XIV դ. գորգազարդ ֆոնի վրա ձևավորվել է նստած Աստվածամոր և նրա գրկին ձեռքերը փարվելու համար տարածած Մանկան կերպարը (Մոմիկ, Արենիի Ս. Աստվածածին և Նորավանքի Բուրթելաշեն եկեղեցիների մուտքերի ճակատակալ քարերի վրա), իսկ գոթական ազդեցությամբ՝ Մանկանը կրծքով կերակրող Աստվածամոր կերպարը (Թորոս Տարոնացի, 1323-ի Ավետարան, Մատենադարան, ձեռ. դ 6289):

Հայ միջնադարյան որմնանկարչության մեջ «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերի պահպանված եզակի օրինակը Գնդեվանքի եկեղեցու հվ-արլ. ավանդատան ճակատի որմն անկարն է: «Օդիգիտրիան»  հանդես է եկել նաև որպես Բարեխոս (մանուկ Հիսուսը գրկին կանգնած Աստվածամայրը պատվիրատուների հետ, Հաղարծինի վանքում գտնվող մի ճակատակալ քարի վրա, Հովհաննես ԽիզանցուՀամբարձում (Ավետարան, 1287) ծաղկած 1460-ի Ավետարանում, Մատենադարան, ձեռ. դ 7566, ևն):

XVII–XVIII դդ. գեղանկարչական գործերում «Աստվածամայրը Մանկան հետ» հորինվածքն ստացել է յուղաներկ սրբապատկերների տեսք, ավելացել են մանրամասներ (օր.՝ Մանկան ձեռքի խաչը ևն), որոնք հատուկ չէին միջնադարին: Հայ եկեղեցական գեղանկարչության մեջ մեզ հասած  «Օդիգիտրիայի»  առաջին գործերից են XVII դ. անհայտ նկարչի «Աստվածամայրը Մանկան հետ» (Սևանի Աստվածամայր), XVIII դ. անհայտ նկարչի «Աստվածամայրը Մանկան, Պողոս և Պետրոս առաքյալների հետ» կտավները, ինչպես նաև՝ Հովնաթան Հովնաթանյանի՝ Աստվածամորը նվիրված գործերը: «Աստվածամայրը Մանկան հետ» սրբապատկերային տիպի վերջին լավագույն օրինակը Վ. Սուրենյանցի «Աստվածամայրը գահի վրա» կտավն է (Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Ավագ խորանում): Հայ եկեղեցու կանոնների համաձայն, Ավագ խորանի ս. Սեղանի նկարի վրա պետք է պատկերված լինի Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին:

Հոգեգալուստ (նկարիչ՝ Զաքարիա Գնունեցի, Ավետարան, 1575, Վան)«Դեիսուսի» («Բարեխոսություն») պատկերագրական թեման, որը կապված է Փրկագործության խորհրդի հետ, Հայաստանում ունի իր հնագույն օրինակները: «Բարեխոսության» առաջին նմուշներից են Պեմզաշենի VI դ. կենտրոնագմբեթ եկեղեցու մուտքին պատկերված երկու կտիտորները՝ Հիսուսը գրկին կանգնած Աստվածամոր ոտքերի մոտ: Մարիամի երկու կողմերում սրբիչները ձեռքերին հորիզոնական ուղղությամբ ճախրող սպասարկու հրեշտակներ են: Աստվածամոր հետ կապված «Բարեխոսության» դասական թեման (գահին նստած Ամենակալ Քրիստոսը, ձախից Աստվածամայրը, աջից՝ Հովհաննես Մկրտիչը՝ որպես բարեխոսներ) հետագայում շարունակվել է խաչքարերի վրա (հատկապես Վայոց ձորի դպրոցում):

Դրա ամենավառ օրինակը Պռոշ իշխանի XIII դ. խաչքարի պահպանված վերևի բեկորն է (Կեչառիսից բերված, այժմ՝ ՀՊՊԹ-ում), որտեղ «Բարեխոսությունն»  ունի ընդլայնված տեսք (բազմած Հիսուսի ձախից Աստվածամայրն է, աջից՝ Հովհաննես Մկրտիչը, նրանց կողքերին՝ մեկական հրեշտակ): «... Բարեխաւս լեր Պռոշին...» վիմագիրը մատնանշում է պատկերաքանդակի բովանդակությունը: Վայոց ձորի դպրոցի «Բարեխոսության» թեմայով մյուս կարևոր հուշարձանը Մոմիկի 1308-ի խաչքարն է (այժմ՝ Ս. Էջմիածնում): «Բարեխոսության» դասական պատկերաքանդակի օրինակներից է Վայոց ձորի Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքի երեք քարաբեկորները (ՀՊՊԹ):

«Դեիսուսի» թեման ավելի բարդ ու նուրբ իմաստներ է ստացել կիլիկյան մանրանկարչության մեջ: Թորոս Ռոսլինի մոտ այն հանդես է եկել մի քանի փոխակերպություններով. ա. 1256-ի «Զեյթունի Ավետարան»-ում (Մատենադարան, ձեռ. դ 10450) Մարկոսի Ավետարանի անվանաթերթի գլխազարդի վերևում պատանիանմորուք Քրիստոսի (Էմմանուելի) կիսանդրին է, իսկ նրանից ներքև, ձախում՝ Մարիամի, աջում՝ Հովհաննես Մկրտչի, բ. 1268-ի «Մալաթիայի Ավետարան»-ի (Մատենադարան, ձեռ. 10675) ընծայական հանդիպակաց խորանների գլխազարդերում Հիսուսի դիմաց Մարիամի կիսանդրին է՝ իբրև բարեխոս, իսկ 1260-ի Ավետարանի (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 251) ընծայականգլխազարդում համակենտրոն երկու կամարների կենտրոնում Քրիստոս Էմմանուելի կիսանդրին է՝ շրջապատված երկու հրեշտակների և Մարիամի ու Հովհաննես Մկրտչի կիսանդրիներով, գ. Սեբաստիայի 1262-ի (Բալթիմոր, Ուոլթերսի հավաքածու, ձեռ. դ 539) և Մալաթիայի Ավետարանների «Վերջին դատաստանի» պատկերներում աթոռին նստած դատավոր Հիսուսի կողքին, որպես արդարների բարեխոսներ, հրեշտակների բազմությամբ շրջապատված կանգնած են Մարիամը և Հովհաննես Մկրտիչը:

Խաչելություն (նկարիչ՝ Մարգարե (?), Ավետարան, 1315, Խորդեանց անապատ)

«Բարեխոսության» թեման մի քանի այլ առանձնահատուկ դրսևորումներ է ստացել կիլիկյան մանրանկարչության մեջ, որտեղ պատկերված են նաև պատվիրատուները, որոնց համար բարեխոսում է Աստվածամայրը («Կեռան թագուհու Ավետարան») կամ իր փեշով հովանավորում է նրանց («Վասակ իշխանի Ավետարան»): «Բարեխոսության» թեման հայ ծաղկողներն օգտագործել են նաև տերունական տոները պատկերող նկարներում («Ծնունդի» պատկերում, Ավագ, 1356–58-ի Աստվածաշունչ, Մատենադարան, ձեռ. դ 6230, «Խաչելության» պատկերում, Սարգիս Պիծակ, «Մարիուն թագուհու Ավետարան», Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 1973, ևն):

«Մոգերի երկրպագությունը» պատկերագրական թեման ունի երկու տարբերակ. ըստ Մատթեոսի Ավետարանի, մոգերին առաջնորդում է աստղը՝ հայտնվելով Քրիստոսի ծնվելու պահին, իսկ ըստ Կեղծ Մատթեոսի պարականոն Ավետարանի՝ մոգերը նվերներով գալիս են Բեթղեհեմ և գտնում երկու տարեկան Մանկանը մոր գրկում: Հնագույն պատկերը Հռոմի Պրիսկիլլայի կատակոմբի հուն. մասի II դ. 1-ին կեսի որմնանկարն է, որտեղ Քրիստոսը բարուրված է և Աստվածամոր գրկում, մոգերը՝ արլ. հագուստներով, առանց թիկնոցների:

IV դ. Կալիստայի կատակոմբում Մարիամը բազմած է բարձր գահին, ծնկներին՝ մանուկ Հիսուսը, աջը պարզած մոգերին: «Էջմիածնի Ավետարան»- ի VI դ. փղոսկրե կազմի վրա «Մոգերի երկրպագությունը» նման է Հռոմի և Ռավեննայի սարկոֆագների պատկերագրությանը. Մարիամը նստած է հյուսածո պարտեզային բազկաթոռի վրա գրեթե երեք քառորդով, ծնկներին՝ մանուկ Հիսուսը, իսկ մոգերն առանց թիկնոցների են՝ արլ. թագերով ու տաբատներով, հրեշտակների առաջնորդությամբ պարգևները ձեռքներին մոտենում են Աստվածամորը: Եզակի պատկեր է նույնԱվետարանի «Մոգերի երկրպագությունը» (VI–VII դդ.), որտեղ Մարիամը պատկերված է որպես Աստվածածին, կրծքի մեդալիոնի կամ վահանի մեջ՝ Հիսուսը (կայսրի պատկերը կրծքերին կամ վահանների վրա կրող զինվորների նման):Խաչից իջեցնելը և ողբ Քրիստոսի վրա (Ավետարան, 1607, Խիզան-Սպահան) Այստեղ Հիսուսը հանդես է եկել իբրև երկնային արքա: Մոգերը սասանյան շքեղ հագուստներով են, ձեռքներին՝ ոսկեդրվագ ափսեներ. նրանցից երկուսը գահի աջ կողմում են, երրորդը հրեշտակի հետ՝ ձախ կողմում:

X–XI դդ-ից «Ծննդյան» պատկերում  «Մոգերի երկրպագությունը» միացվում է «Հովիվների երկրպագության» և «Հրեշտակների ավետման»,  հաճախ նաև՝ «Մանկան լոգանքի» բնանկարի վրա Հովսեփի, որպես փիլիսոփայի, մսուրի ու կենդանիների պատկերների հետ:

Հայկական  մանրանկարչության մեջ և խաչքարերի պատկերաքանդակներում Մարիամ Աստվածածինը պատկերվում է նաև այլ տեսարաններում, որոնցից են «Տյառնընդառաջը» կամ  «Ընծայումն տաճարին»«Համբարձումը»«Հոգեգալուստը»  (շատ հազվադեպ Վասպուրականում), «Խաչելությունը»«Խաչից իջեցումը»«Թաղումը»«Ննջումն Աստվածածնի» կամ «Վերափոխումն Աստվածածնի», ինչպես նաև՝ հազվադեպ պատկերվող «Ծննդյան» շարքում («Ավետում»«Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը»«Ծնունդ»«Փախուստ դեպի Երուսաղեմ» ևն):

(Տես նաև Ավագ շաբաթ, Համբարձում, Հոգեգալուստ, Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Վերափոխումն ս. Աստվածածնի, Տյառնընդառաջ հոդվածների Պատկերագրություն մասը):


Քյոսեյան Հ., Ղազարյան Ա., Արևշատյան Ա., Ղազարյան Վ. 


Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ  705-708:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am