ՄԵԾ  ՊԱՀՔ, քառասնորդական պահք, քառասնօրյա պահք, քառասնորդք, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը (ինչի համար կոչվում է մեծ): Տևում է 48 օր (այստեղից էլ՝ քառասնորդական կամ քառասնօրյա անունը)՝ Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից մինչ Ավագ շաբաթ օրը, որին հաջորդում է Զատիկը: Մեծ պահքի օրերը կոչվում են աղուհացի օրեր, որովհետև նախկինում Մեծ պահքի որոշ օրերին միայն աղ ու հաց էին ուտում, այդպես էին վարվում հատկապես ճգնավորներն ու անապատականները:

Ներկայումս աղուհացը պահքի այն օրերն են, երբ պահքի կերակուրներ են ուտում:

Պահոց օրերը, մասնավորապես Մեծ պահքի օրերը, բացի որոշ կերակուրներից հրաժարվելուց, ծոմապահությունից (վերջինս շաբաթ և կիրակի օրերին չի պահվում) և ժուժկալությունից, հոգևոր, ներանձնական խոկումի, ինքնաքննության, զղջումի, աղոթքի, ապաշխարության, բարոյական կատարելագործման, գործած մեղքերի թողության ու քավության շրջան է: Քառասուն օրը խորհրդանշում է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմ ապահության շրջանը, ինչպես նաև Սուրբ Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թիվը: Քրիստոսի քառասնօրյա առանձնացումը աղոթքի, ծոմապահության և ապաշխարության, իր հրապարակային գործունեության պատրաստության շրջանն էր: Քառասունօրյա պահքի մասին խոսվում է Առաքելականկանոններում, ինչպես նաև տեղական և ազգային եկեղեցական  ժողովների կանոններում: Մեծ պահքի շաբաթ օրերին տոնվում է սրբոց հիշատակը: Երբ Մեծ պահքին զուգադիպում են Տյառնընդառաջի և Ավետման (տես Աստվածածնի տոներ հոդվածում) տոները, Մեծ պահքի բոլոր ծիսական պահանջները դադարում են. եկեղեցու վարագույրը բացվում է, և Պատարագ է մատուցվում, բայց կերակրի պահեցողությունը չի խախտվում:

Մեծ պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, մատուցվում է փակ Պատարագ, ամուսնություններ տեղի չեն ունենում, մինչդեռ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:

Մեծ պահքի շրջանին հատուկ են ապաշխարության շարականները (վերագրվում են Մեսրոպ Մաշտոցին), ինչպես նաև Մեծ պահքի կամ աղուհացի կիրակիների շարականների ամբողջ կանոնը (հեղինակն է Ներսես Շնորհալին): Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի նվիրված է սուրբգրային որևէ դեպքի ու գաղափարի և նրանց անուններով էլ կոչվում է Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան (տես Կիրակի հոդվածում):

 

Գրականության ցանկ

 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 712-713:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am