ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (7.2.1676- 27.4.1749), Վենետիկ, ամփոփված է Ս. Ղազար կղզում), գիտամշակութային, եկեղեցական, հասարակական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Որդին Պետրոսի և Շահրիստանի, ավազանի անունը՝ Մանուկ:

Մխիթար ՍեբաստացիՆախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում (1685–91), ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում (1691–92): 1695-ին մեկնել է Հալեպ, ծանոթացել լատին կրոնավորների հետ: 1691-ին ձեռնադրվել է սարկավագ, 1696-ին՝ կուսակրոն քահանա, 1699-ին՝ վարդապետ: Քսան տարեկանում հղացել է հոգևոր նոր միաբանություն հիմնելու գաղափարը. նպատակն էր աջակցել ազգի հոգևոր և իմացական վերելքին, ծավալել ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն: Ստեղծվելիք կրոնական միաբանության անդամները սոսկ ճգնավոր աբեղաներ չպետք է լինեին, այլ՝ ազգի լուսավորության ու զարթոնքի գործուն առաջնորդներ: 1697-ին Կ. Պոլսում իր մտադրությունը հայտնել է Խաչատուր Էրզրումեցուն՝ արժանանալով նրա քաջալերանքին: 1700-ին Կ. Պոլսում, դավանական  հակամարտությունների այդ կենտրոնում, Մխիթար Սեբաստացին  իր շուրջն է համախմբել 8 աշակերտի և գաղտնի կաթոլիկություն քարոզել նրանց, հիմնել իր վանական միաբանությունը և հրատարակել կրոնական բնույթի 4 գիրք՝ Թովմա Գեմբացու  «Յաղագս համահետեւմանն Քրիստոսի» (1700–01), Խաչատուր Էրզրումեցու «Համառօտ մեկնութիւն Երգոյ երգոցն Սողոմոնի» (1700–01), Պետրոս Թիֆլիսեցու թարգմանությունները լատիներենից՝ «Գիրք մեկնութեան յայտնութեանն սրբոյ Յօհաննու աւետարանչի» (1700–01) և  «Գիրք մտածական աղօթից» (1701): Դավանական հալածանքներից խույս տալու համար նա երկու տարի անց միաբանությունը տեղափոխել է Եվրոպա՝ Վենետիկի հասարակապետության տիրապետության ներքո գտնվող Մեթոն բերդաքաղաքը: Կրելով բազում դժվարություններ՝ Մեթոնում կառուցել է առաջին հայկական եկեղեցին: 1712-ին Հռոմի պապը վավերացրել է միաբանության սահմանադրությունը, որի հիմքում դրվել են Բենեդիկտոսի կանոնները, իսկ Մխիթար Սեբաստացուն շնորհել է «աբբահայր» տիտղոս: 1715-ին, թուրք. հարձակման լուրն առնելով, չնայած 14 տարիների անդուլ աշխատանքին, թողել է Մեթոնը և ապաստանել Վենետիկում: 1717-ին Ծերակույտի հրովարտակով Մխիթարյան միաբանությանը շնորհվել է քաղաքամերձ Ս. Ղազար կղզին:

1717-ի սեպտեմբերի 8-ին Մխիթար Սեբաստացին իր 16 աշակերտներով ոտք է դրելՍ. Ղազար կղզի բորոտների այդ բուժարանը, որը շուտով դարձել է հայաշունչ մենաստան: Այստեղ նրա բազմարդյուն գործունեությունը տվել է իր պտուղները: Մեկնողական, աստվածաբանական, լեզվաբանական, թարգմանական գործունեությանը զուգընթաց՝ նա ձեռնհասությամբ վարել է նորածիլ միաբանության վարչական, ուսումնական, գրահրատարակական տնտեսական վանական աշխատանքները:

Մխիթար Սեբաստացին երբեք չի սահմանափակվել միայն հոգևոր-կրոնական խնդիրներով, ծավալել է իր նախադեպը չունեցող գործունեություն, որի արդյունքում կրոնական միաբանությունը աստիճանաբար վերածվել է նաև գիտամշակութային հաստատության: Ս. Ղազարում կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, որին ինքը «համալսարան» է կոչել: Ուսումնական  ծրագրերի հիմքում դրել է աստվածաբանությունը, միաժամանակ աշակերտներին տվել բազմակողմանի կրթություն: Սկզբից ևեթ մերժել է օտարազգիների անդամակցությունը, միշտ վառ պահել սերը հայ ազգի նկատմամբ, ջանացել պատրաստել հայ ժողովրդի լայն խավերի շրջանում լուսավորություն տարածող միաբան գործիչներ: Մխիթար Սեբաստացին հիմնել է մատենադարան, դրել հայ հին ձեռագրերի հավաքման և ուսումնասիրման սկիզբը, կազմել դասագրքեր: Մխիթար Սեբաստացին  հրատարակել է շուրջ 50 հատոր գիրք (14-ը՝ ինքնագիր), որոնց մեծ մասը կոչված էր քարոզելու քրիստոնեական վարդապետությունը:

Երևույթ էր նրա հրատարակած Աստվածաշունչը (1733)՝ նրբաճաշակ փորագրություններով, ձևավոր տառերով, գեղեցիկ լուսանցազարդերով: Մխիթար Սեբաստացին այն բաղդատել է յոթ այլալեզու թարգմանությունների հետ՝ օգտագործելով Սուրբ Գրքի հայերեն ձեռագիր օրինակները: Ուծացման վտանգը կանխելու նպատակով Թուրքիայի օտարախոս ազգակիցների համար հայատառ թուրքերենով լույս է ընծայել «Դուռն քերականութեան աշխարհաբառ լեզուին հայոց» (1727) դասագիրքը, որի հավելվածը պարունակում է հայ-թուրքերեն. բառարան: Մխիթար Սեբաստացին  ջանք չի խնայել կրոնական կրթությունը ժողովրդականացնելու ուղղությամբ. խաղի միջոցով կրոն սովորեցնելու նպատակով, դարձյալ աշխարհաբարով, հրատարակել է երեխաների համար նախատեսված «Գիրք քրիստոնէականի վարդապետութեան» (1727) աշխատությունը: Տպագրելով «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան սեռի»  (1730) գործը՝ նա իր առջև խնդիր է դրել ձերբազատել հայերենը լատինաբանության խորթ երևույթներից:

Մխիթարյան միաբանությունՄեկնողական և ջատագով. բնույթի, ինչպես և աստվածաբանական  հարցերի վերլուծմամբ առանձն անում է հատկապես Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ Աւետարանի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» (1737): Մեկնությունը գրելիս ուղենիշ է ընդունել Թովմա Աքվինացու երկերը, եվրոպական մի շարք մեկնիչների աշխատություններ: Այստեղից պարզորոշ երևում է, որ կաթոլիկ դավանանքը հեղինակի տեսական խոր համոզումների արտահայտությունն է և չի կրել որևէ «քաղաքագիտական հանգամանք» (Հ. Աճառյան) կամ չի ծառայել իբրև «դիվանագիտական միջոց» (Ա. Չոպանյան): Սակայն նրան քննադատել են և՛ առաքելական, և՛ կաթոլիկ հայերը: Առաջինները մեղադրել են Հռոմի եկեղեցու գիրկն ընկնելու և վերջինիս գերակայությունն ընդունելու մեջ, երկրորդները նրան ներկայացրել իբրև ըմբոստ ու ինքնիշխան՝ Հռոմի եկեղեցական իշխանությունից անկախ: Նման ամբաստանությունների գլխավոր  պատճառը թերևս այն էր, որ ընդունելով կաթոլիկ դավանանքը և անվերապահորեն նաև Հռոմի աթոռի գերակայությունը՝ Մխիթար Սեբաստացին մնացել է ճշմարիտ հայասեր ու հայրենասեր, հավատարիմ ազգային ծեսերին ու արարողակարգին, հետևողական իր հիմնած միաբանության հայադրոշմ նկարագիրը պահպանելու խնդրում: Ըստ նրա՝ ազգը և կրոնը տարբեր հասկացություններ են, ուստի և հարկ չկա մեկի համար մյուսը զոհել: Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոական երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն:

Հայագիտության մեջ խոշոր ներդրում է Մխիթար Սեբաստացու՝ ժամանակի ձեռագիր ու տպագիր բառագանձն ընդգրկող «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 2, 1749, 1769) գործը, որի վրա նա աշխատել է 1727-ից, ընդհատումներով շարունակել մինչև կյանքի վերջը՝ այդպես էլ չտեսնելով իր Բառգրքի լույս աշխարհ գալը: Խորհրդանշական է աշխատության առաջաբանի վերջին հատվածը, որը մահամերձ հեղինակի ընծայականն է մայր ժողովրդին. «Խոնարհ ամիտ սրտիւ ընծայեմ քեզ զպտուղ բազմամեայ աշխատութեանս՝ նուէր սիրոյ. զի ցանկ ալի է ինձ յինէն առնուլ և քեզ տալ» («Բան առ ընթերցօղ»,  էջ 19): Դարագլուխ կազմող կոթողային այս աշխատությունն աչքի է ընկնում գիտական բարեխղճությամբ, հայերենի լեզվական իրողությունները քննելու խորիմացությամբ, նրա նախկին անաղարտությունը վերականգնելու հմտությամբ. այն նշանակալի երևույթ էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային բառարանագրության մեջ:

Մխիթար Սեբաստացին  իր կազմակերպչական ջանքերի շնորհիվ կարողացել է շարունակելի դարձնել միաբանությունը: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս»«Երկրորդ Մեսրոպ»  և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:

                                                                                                         Լաճիկյան Լ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 737-739:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am