Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Օձունի Ս. Աստվածածին եկեղեցի

 ՕՁՈՒՆԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, Խաչ գունդ եկեղեցի, ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղի կենտրոնում: XIII դ. պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին եկեղեցու  կառուցումը Օձունի Ս. Աստվածածին եկեղեցիվերագրում են Հայոց  կաթողիկոս  Հովհաննես Գ Օձնեցուն (717–728), սակայն ճարտ-գեղ. վերլուծությամբ Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է VI դ. վերջ: 

 Եկեղեցին ունի գմբեթավոր բազիլիկի հորինվածք (20,7x31,6 մ արտաքին չափերով), կիսաշրջանաձև խորանի երկու կողքերին երկհարկ ավանդատներով: Աղոթասրահը երեք զույգ մույթերով բաժանվում է երեք նավի, որոնցից միջինը երեք անգամ լայն է կողայիններից: Ի տարբերություն նմանատիպ հայկական եկեղեցիների, որոնք  քառամույթ են, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին մույթերի երրորդ զույգի շնորհիվ ունի դասական գմբեթավոր բազիլիկներին բնորոշ համաչափություններ: Եկեղեցին հս., հվ. և արմ. կողմերից եզերվում է արմ. կողմում սենյակով և հվ-ում աբսիդով արտաքին կամարաշարով, որը, դատելով պատերին պահպանված քարե պահունակներից, կառուցվել է շենքի հիմնական ծավալի հետ միաժամանակ: Սրահը վաղ միջնադարում վերակառուցվել է (հավանաբար՝ Հովհաննես Գ Օձնեցու կողմից): Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու հորինվածքը կարևոր նշանակություն ունի վաղմիջնադարյան  եռանավ  բազիլիկներից գմբեթավորին անցնելու ընթացքի բացահայտման համար: 

Եկեղեցու պատերին կան վաղքրիստոնեական քանդակագործ. արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ: Արլ. ճակատի կենտր. լուսամուտի պսակի գագաթին, արմավենու ոճավորված տերևների մեջ Քրիստոսի անդրին է՝ ձախ ձեռքով բաց գիրք բռնած, որի երկու էջերին Հովհաննեսի Ավետարանի առաջին խոսքերն են: Հվ. պատի լուսամուտի պսակին, երկու կողմերում սավառնող հրեշտակների հարթաքանդակն է, ներսում, մկրտության ավազանի խորշում՝ «Աստվածածինը Մանկան հետ» պատկերաքանդակը: Տպավորիչ է արմ. շքամուտքի շրջանակը՝ զարդարված խաղողի տերևի և ողկույզի քանդակների շարքով: 

1888-ին եկեղեցին նորոգել են Զ. և Բ. Աբովյանները: Օձունի Ս. Աստվածածին եկեղեցուց մոտ 10 մ հս-արլ. կանգուն կոթողը (V–VI դդ.) վաղքրիստոնեական արվեստի կարևոր հուշարձաններից է: Աստիճանաձև պատվանդանի վրա, երեք մույթերով կամարակապ բացվածքներում տեղադրված են մոտ 4 մ բարձրությամբ երկու քառակող սյուներ՝ քանդակազարդ նիստերով:  Դեպի հուշարձանի պատերը նայող նիստերին բուս. և երկրաչափ. զարդաքանդակներ են, հս. սյան արմ. երեսին՝ «Աստվածածինը Մանկան հետ»«Հիսուսի մկրտությունը», Կոստանդիանոս Մեծ կայսրը քրոջ հետ, հվ. սյան արմ. նիստին՝ 12 առաքյալները լուսապսակներով, ձեռքերին՝ Ավետարան: Սյուների արլ. նիստերին պատկերված են Տրդատ Գ Մեծի խոզակերպ դառնալը, նրա բուժվելը, թագավորի քույր Խոսրովիդուխտը, Հռիփսիմեի վկայարանը, Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Ա Լուսավորչի երթը: Օձունի կոթողի քանդակները պատկերում են քրիստոնեության հաղթանակը Բյուզանդիայում և Հայաստանում: Իրենց ինքնատիպությամբ դրանք վաղքրիստոնեական արվեստի լավագույն ստեղծագործություններից են: 

 

                                                                                                 Հասրաթյան   Մ.  

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1065:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am