ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ. սուրբ Բարդուղիմեոս առաքյալ, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից: Քրիստոնեություն է տարածել նաև Հայաստանում՝ 60–68-ին: Ըստ Նոր կտակարանի՝ Նաթանայելն է, որի մասին Հիսուսն ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Համաձայն աղբյուրների՝ Բարդուղիմեոս առաքյալը Հայոց Սանատրուկ թագավորի գահակալության 29-րդ տարում եկել է Գողթն գավառ, որտեղ եպիսկոպոս է ձեռնադրել իր պարսիկ հետևորդներից մեկին՝ Կումսիին: Այստեղ ավետարանագործելուց հետո անցել է Հեր և Զարեվանդ գավառները, այնուհետև՝ Անձևացյաց գավառն ու Հայաստանի մյուս շրջանները (ըստ իր վկայաբանության՝ Արտաշատում հանդիպել է Թադեոս առաքյալին): Բարդուղիմեոս առաքյալի գործուն՝ Սուրբ Հոգով լեցուն քարոզխոսությամբ քրիստոնեություն են ընդունել նաև թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին), և Տերենտիոս հազարապետը: Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Սանատրուկ թագավորի կարգադրությամբ՝ Արևբանոս (Ուրբանոս) քաղաքում: Բարդուղիմեոս առաքյալի՝ Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլև ասորական և լատինական աղբյուրները: Նրա կյանքի, անձի և քարոզչական գործունեության մասին են պատմում «Վկայութիւն սրբոյ առաքելոյն Բարդուղիմէոսի», «Գիւտ նշխարաց սրբոյ առաքելոյն Բարդուղիմէոսի», «Վերադարձումն պատուական նշխարացն սուրբ առաքելոյն Բարդուղիմէոսի», «Վասն գալստեանն սրբոյ առաքելոյն Բարդուղիմէոսի ի յերկիրն Գողթնեաց թղթոյն Թովմայի առաքելոյն», «Վասն գնալոյ սրբոյ առաքելոյն Բարդուղիմէոսի ի յԱգուլիս եւ վասն զնոսա լուսաւորելոյն և զամենագով վանքն նոցա շինելոյն յանուն սրբոյ առաքելոյն Թովմայի»: Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները ևայլն: Որպես Հայաստանյայց առաքելական եկեղեցու հիմնադիր՝ Բարդուղիմեոս առաքյալն ըստ արժանվույն է ներկայացվել հայ միջնադարյան կերպարվեստում ևս: Նա սովորաբար պատկերվել է դաշույնով (որով նահատակվել է) և Տիրամոր պատկերը ձեռքին (այն, ըստ ավանդության, Բարդուղիմեոս առաքյալն է բերել Հայաստան և զետեղել Անձևացյաց գավառի Հոգեաց վանքում):

Հայտնի է Բարդուղիմեոս առաքյալի անունով վանք՝ Վասպուրականի Աղբակ գավառում: Ըստ ավանդության, այդ վանքում է թաղվել առաքյալը: Հայ եկեղեցին Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալների հիշատակը տոնում է նոյեմբեմբեր կամ դեկտեմբեր ամսին, Հիսնակի 1-ին կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am