ԲԵՐԻՈ ԹԵՄ. Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է: Առաջնորդանիստը՝ Հալեպի Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի (հիմնադրված 13-րդ դարին): 1660-ական և 1920-ական թվականներին եղել է Կիլիկիո վարչական և հոգևոր կենտրոնը: Բերիո թեմում գործում է Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը, իսկ մնացած հայաբնակ շրջանները և Հալեպի թաղերը կառավարում են թաղական խորհուրդները: Թեմի հնագույն եկեղեցիներից է Հալեպի Սուրբ Աստվածածինը (առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, այժմ՝ Զարեհյան թանգարան), որը եղել է ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև այլ ազգիների համար: Հալեպում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Վարդան, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Աստվածածին եկեղեցիները. պաշտոնավարում է 14 քահանա: Թեմի տարածքում են գտնվում. Արամոյում՝ Սուրբ Ստեփանոս (12-րդ դարին, վերանորոգվել է 1958-ին), Կամըշլիում՝ Սուրբ Հակոբ, Լաթաքիայում՝ Սուրբ Աստվածածին (10-րդ դարին), Կարադուրանում՝ Սուրբ Աստվածածին (վերանորոգվել է 1960-ին), Հասաքեում՝ Սուրբ Հովհաննու Կարապետ, Յագուպիեում՝ Սուրբ Հռիփսիմե (վերանորոգվել է 1954-ին), Քեսաբում՝ Սուրբ Աստվածածին (19-րդ դարին), Ռաս ուլ Այնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Յագուպիեում՝ Սուրբ Աննա ուխտատեղի-մատուռը, Մարկատեում՝ Սուրբ Հարություն մատուռը (1995), Քյորքյունայում՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեղի-մատուռը (գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը): Դեյր էզ Զորում գործել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1931), որը վերանորոգումից հետո վերաօծվել է և վերանվանվել Սուրբ Նահատակաց եկեղեցի (1990):

 

Ջեզիրեի առաջնորդական փոխանորդությունը հիմնվել է 1943-ին: Կենտրոնը՝ Կամըշլիի Սուրբ Հակոբ եկեղեցի: Առաջին առաջնորդական փոխանորդն է եղել Խորեն վարդապետ Բարոյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Բարոյան): Ներկայիս առաջնորդական փոխանորդն է Նորայր վարդապետ Աշըգյանը: Բերիո թեմի առաջնորդն էր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը (1977-2003), իսկ 2004-ից առայսօր՝ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am