ԿԱԹՈՂԻԿՈՍ. (հունարեն καθολικοvς – ընդհանրական, համընդհանուր), քահանայապետ, հայրապետ, եպիսկոպոսապետ, Արեվելյան մի շարք եկեղեցիների [Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների] գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Հայ իրականությունում Կաթողիկոս համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը: Կաթողիկոս տերմինը սկսել է գործածվել 5-րդ դարի կեսից: Կաթողիկոսը տնօրինում է եկեղեցու վարչատնտեսական, հոգևոր-բարոյական, ծիսական, դավանական բոլոր հիմնական հարցերը: Նրա անմիջական և առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մյուռոն օրհնելը: Կաթողիկոսն իրավասու է նաև հրավիրել ազգային-եկեղեցական ժողով, նշանակել և ազատել թեմական առաջնորդներին կամ վավերացնել նրանց ընտրությունը, պատժել կարգազանց հոգևորականներին (ընդհուպ՝ կարգալույծ անելը): Սկզբնական շըրջանում, քանի դեռ կային ժառանգներ, կաթողիկոսական աթոռին բազմել են Գրիգոր Ա Լուսավորչի տան ներկայացուցիչները (325–373, ձեռնադրվել են Կեսարիայում), հետագայում, ժառանգներ չլինելու պատճառով, այս կարգը խախտվել է քրմական ծագում ունեցող Աղբիանոսի տան (տե՛ս Աղբիանոսյաններ) ներկայացուցիչ Շահակ Ա Մանազկերտցու աթոռակալությամբ (373–377): 4-րդ դարի ընթացքում կաթողիկոսները ժառանգաբար պաշտոնի են կոչվել գլխավորապես թագավորների կամքով և օժանդակությամբ, սակայն 5-րդ դարի կեսից քաղաքական կացության կտրուկ վատթարացումը, մասնավորապես պետականության կորուստը, հարկադրել է հայ նախարարներին և եպիսկոպոսներին ստեղծել համատեղ խորհուրդներ կամ ժողովներ, որոնց
Կաթողիկոսներին պաշտոնի են կոչել կա՛մ տիրող քաղաքական իշխանությունը, կա՛մ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները: Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է: Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում: Ընտրվելու իրավունքով կաթողիկոսական ընտրություններին կարող են մասնակցել բոլոր եպիսկոպոսները, իսկ որոշ նախադրյալների առկայության պարագայում՝ նաև աշխարհականները (Ներսես Ա Մեծ, Զաքարիա Ա Ձագեցի): Կաթողիկոս կարող են ձեռնադրել տասներկու կամ նվազագույնը՝ երեք եպիսկոպոսներ: Ձեռնադրությունից հետո կատարվում է կաթողիկոսի օծում սրբալույս Մյուռոնով՝ ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով: Վախճանվելու դեպքում կաթողիկոսի իրավասությունները, որոշ սահմանափակումներով, ստանձնում է Եպիսկոպոսաց ժողովի ընտրած կաթողիկոսական տեղապահը:
Կաթողիկոսները եկեղեցական գործունեության շրջանակից դուրս օժտվել են նաև քաղաքացիական, դատական ատյանի լիազորություններով, տնօրինել են մշակութային, կրթական կյանքին առնչվող խնդիրներ: Հատկապես հայոց պետականության չգոյության պայմաններում կաթողիկոսները դարձել են երկրի կենտրոնական անձը և ստանձնել նաև համապատասխան քաղաքական իրավասություններ (բանակցություններ վարել, պատվիրակություն ընդունել, բանագնացներ առաքել ևն): Օտարների տիրապետության շրջանում, երբ շեշտված դրսևորվել են ներքին ուժերի կենտրոնախույս հակումները, կաթողիկոսներից շատերը դարձել են հայ ժողովրդին միավորող կարևորագույն գործոն և աջակցել նրա մղած ազատագրական պայքարին:
Քաղաքական անբարենպաստ պայմանների թելադրանքով հայոց ընդհանրական կաթողիկոսի նստավայրը բազմիցս փոխվել է (տե՛ս Կաթողիկոսություն ամենայն հայոց): 1441-ից ի վեր կաթողիկոսի նստավայրը գտնվում է Ս. Էջմիածնում: Ս. Էջմիածնի ընդհանրական կաթողիկոս կոչվում է Ամենայն հայոց (այդ տիտղոսը սկսել է գործածվել 10-րդ դարից, տարածում ստացել՝ XV դարից, պաշտոնապես կիրառվել՝ 19-րդ դարից, Ներսես Ե Աշտարակեցու օրոք): Ներկայիս տիտղոսն է Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս ամենայն հայոց:
Պատմաքաղաքական անբարենպաստ հանգամանքների բերումով 16-րդ դարից կաթողիկոսներին կից գործել են «աթոռակից» կաթողիկոսներ, որոնց ներկայությունն
Կաթողիկոսի տարազը հիմնականում համապատասխանում է եպիսկոպոսական զգեստին, այն տարբերությամբ, որ կաթողիկոս՝ իբրև գերագույն իշխանության մարմնավորում, իրավունք ունի կրելու նաև հայրապետական ասա (տե՛ս Գավազան) և կոնքեռ (տե՛ս Զգեստ եկեղեցական): Կաթողիկոսին անմիջապես դիմելու հարգելի ձևը «Վեհափառ Տեր» կամ «Վեհափառ» մակդիրն է: Կաթողիկոսի նստավայրը կոչվում է Վեհարան: 1999-ից Ամենայն հայոց հայրապետը Գարեգին Բ Ներսիսյանն է:
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am