Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Դավիթ Դ Վաղարշապատցի

ԴԱՎԻԹ Դ ՎԱՂԱՐՇԱՊԱՏՑԻ. ծնվել է Վաղարշապատ, ծննդյան թվականը անհայտ է, մահացած է 1633-ին Սպահան: Ամենայն հայոց կաթողիկոս 1590–ից մինչեւ 1629: Հաջորդել է Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն: Եղել է Էջմիածնի Մայր տաճարի լուսարարապետ, 1584-ից օծվել Գրիգոր ԺԲ Վաղարշապատցու աթոռակից: Դավիթ Դ Վաղարշապատցին, չկարողանալով վճարել Օսմանյան կայսրության՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վրա դրված հարկը, ծանր կացությունից դուրս գալու միջոց է համարել հարուստ աթոռակից ընտրելը: 1593-ին աթոռակից է օծվել Մելքիսեդեկ Գառնեցին, 1603-ին՝ Սրապիոն Ուռհայեցի եպիսկոպոսը: 1603-ին շահ Աբբաս I-ը օսմանյան Թուրքիայից վերագրավել է Ատրպատականի և Հայաստանի մի մասը: Երևանում հաստատվելով՝ նա իր մոտ է կանչել Դավիթ Դ Վաղարշապատցուն, աթոռակից Մելքիսեդեկ Գառնեցուն և պահանջել թուրքերին պարտք մնացած հարկերն իրեն վճարել: 1604-ին շահ Աբբաս I-ը Պարսկաստան հայերի բռնագաղթի ժամանակ Սպահան է տարել նաև Դավիթ Դ Վաղարշապատցուն և աթոռակից Մելքիսեդեկ Գառնեցուն: Վերջինիս հաջողվել է փախչել և վերադառնալ Սուրբ Էջմիածին: Դավիթ Դ Վաղարշապատցու բացակայության ժամանակ Մելքիսեդեկ Գառնեցին Մայր աթոռը անփառունակ վիճակի է հասցրել: 1607-ին կաթողիկէ կրոնավորները, օգտվելով հայերի բռնագաղթից, շրջել են տարբեր գավառներ՝ լքյալ տաճարներից սրբություններ հավաքելու: Երկուսին հաջողվել է Սուրբ Հռիփսիմե վանքից սուրբ Հռիփսիմեի մասունքները գողանալ: Սակայն հայ եպիսկոպոսները բռնել են նրանց: Կաթողիկէները աթոռակից Մելքիսեդեկ Գառնեցուն կաշառել են և մասունքների մի մասը վերցրել: Հնդկաստան գնալու ճանապարհին՝ Սպահանում նրանք բռնվել են, և մասունքները հետ են վերադարձվել:

1612-ին Դավիթ Դ Վաղարշապատցին Երևանի և Նոր Ջուղայի մեծահարուստների հարկադրանքով վերադարձել է Սուրբ Էջմիածին: Սակայն էական ոչինչ չկարողանալով անել՝ 1617-ին կրկին մեկնել է Սպահան: Նրա օրոք շահ Աբբասի հրամանով, Պարսկաստան գաղթեցված հայերի վերադարձը կանխելու նպատակով, Հայաստանից Պարսկաստան է տարվել Լուսավորչի Աջը, թանկագին ոսկե տուփով Ավետարան, այլ սրբություններ և Մայր տաճարից 15 «նշանավոր քարեր»: 1623-ին ինքնակոչ կաթողիկոս Մելքիսեդեկ Գառնեցին, Էջմիածնի վրա դրված ծանր հարկերը չկարողանալով վճարել, իր փոխարեն կաթողիկոս է օծել եղբորորդուն՝ Սահակ Գառնեցուն, ինչը 1626-ին հրովարտակով հաստատել է շահ Աբբաս I-ը: Սակայն Հայաստանում և Նոր Ջուղայում նրան որպես կաթողիկոս չեն ընդունել: 1629-ին, ժողովրդի կամքով Դավիթ Դ Վաղարշապատցին գահազրկվել է: Կաթողիկոսական գահին Դավիթ Դ Վաղարշապատցուն հաջորդել է Մովսես Գ Տաթևացին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am