«ԷՋՄԻԱԾԻՆ». կրոնական, պատմաբանասիրական ամսագիր, Ամենայն հայոց կաթողիկոսության պաշտոնական հրատարակություն: Լույս է տեսնում 1944-ից` Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ: Մինչև 1961-ը տպագրվել է Երևանում, այնուհետև` Էջմիածնում «Արարատի» ավանդույթով ամսագրի խմբագրապետ է համարվել Ամենայն հայոց կաթողիկոսը: Խմբագիրներ` Ա. Առաքելյան, Լ. Կիսիբեկյան, Ա. Աբրահամյան, Ա. Հատիտյան, Ե. Մելքոնյան և ուրիշներ, 2000-ից` Ա. Զեյթունյան: Խմբագրությունն իր աշխատանքները կազմակերպել է ժամանակի քաղաքական իրադրության ու գրաքննության մշտական պահանջներին համապատասխան: Սկզբնական շրջանում կրոնական բնույթի նյութեր գրեթե չի տպագրել: Ամսագրի բաժիններն են եղել` Օտարները հայերի և Հայաստանի մասին, Հայրենական պատերազմի ճակատում, Գաղութային կյանք, Մամուլի տեսություն, Հայոց եկեղեցին և այլն: «Էջմիածին» սկզբից մեծ նշանակություն է տվել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ինչն արտահայտվել է «Հայ եկեղեցու պարտքը իր ժողովրդի հանդեպ» անդրանիկ խմբագրականում. «Հայրապետական ամսագիրը այն միջոցն է, որը պետք է համախմբի սփյուռքի բոլոր հայերին իրենց սրբազան հայրենիքի շուրջը, Մայր աթոռի շուրջը... Հայը Հայաստանից դուրս չունի այլ հաստատուն կռվան, բայց եթե մայր հայրենիքը, Հայ եկեղեցին և նրան գլխավորող Ամենայն հայոց հայրապետությունը` Սուրբ Էջմիածնի հայրապետական աթոռով» («Էջմիածին», 1944, դ 1, էջ 3): Ներգաղթը Հայաստան կազմակերպելու համար Գևորգ Զ Ամենայն հայոց և Գարեգին Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները Հայաստանի կառավարությանը խրախուսել և իրենց աջակցությունն են հայտնել «Ներգաղթը և հայ հոգևորականները», «Հայրենադարձության» ուղիով և այլ հոդվածներով ու խմբագրականներով: Ամսագրի հրապարակումից և Էջմիածնի հոգևոր ճեմարանի վերաբացումից (1945) հետո պատմական նշանակություն ունեցող մյուս իր ադարձությունը, հայրապետական գահի տևական թափուր մնալուց հետո, 1945-ին Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր և այդ առիթով հրավիրված ազգային-եկեղեցական ժողովը: «Էջմիածին» հրապարակել է հիշյալ իրադարձությունը լուսաբանող նյութեր, հոդվածներ, լուսանկարներ: 1950-ական թվականներին քաղաքական մթնոլորտի մեղմացման շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվել ամսագրի (խմբագիր` Ա. Հատիտյան,1956–82) բուն ուղղության ձևավորման համար: Հրատարակվել են բազմաթիվ և բազմաբնույթ կրոնական, եկեղեցական հոդվածներ, և «Էջմիածին», ի վերջո, ստանձնել է կրոնական հանդեսի իր առաջնային դերը: Բացվել են նոր բաժիններ` Մայր աթոռում, Կրոնական եկեղեցական, Հոգևոր ճեմարան, 1980–90 ականներին նաև` Աստվածաշնչական ընթերցումներ, հետագայում ավելացել է Էկումենիկ կյանք, Դիվան Մայր աթոռի, Թեմական կյանք, Քրիստոնյա աշխարհ: Այդ տարիների հոգևոր զարթոնքն իր բոլոր դրսևորումներով արձագանք է գտել ամսագրի էջերում (ղարաբաղյան տագնապ, եկեղեցիների կառուցում ու վերակառուցում, վերաբացում, քրիստոնեական դաստիարակության կենտրոնների հիմնում և այլն): Խմբագրությունը պատշաճ տեղ է հատկացրել կաթողիկոսի արտասահմանյան ուղևորություններին, կարևորել դրանց ոչ միայն ազգային-եկեղեցական, այլև միջեկեղեցական, միջպետական նշանակությունը: Հրապարակվել են հայրապետական կոնդակներ, շրջաբերականներ, քարոզներ, թեմերի զեկույցներ, գրություններ (կաթողիկոսի և ազգային մարմինների, առաջնորդների և թեմական եկեղեցական խորհուրդների, կաթողիկոսի և քույր եկեղեցիների առաջնորդների միջև և այլն): Հիշարժան են նաև Մայր աթոռի դիվանատան հաղորդագրությունները հոգևոր ճեմարանի, եկեղեցական ժողովների, բարձրաստիճան հոգևորականների հանդիպումների, քահանայական ձեռնադրումների վերաբերյալ: Ամսագիրը պարբերաբար հրատարակում է խրատներ, սուրբգրային նյութեր, համակողմանիորեն ներկայացնում Մայր աթոռի, սփյուռքի ու ներքին թեմերի եկեղեցական կյանքը, անդրադառնում միջեկեղեցական, միջազգային կրոնական և խաղաղության հարցերին: Հայ եկեղեցու անկախությունը տարատեսակ հարձակումներից, այլևայլ աղանդներից պաշտպանելը ամսագրի գլխավոր խնդիրներից է: «Էջմիածին» իր հրապարակումներում մշտապես անդրադարձել է Էջմիածին-Անթիլիաս երկարամյա հակամարտության պատճառներին, կաթողիկոսական կոնդակներով ու քարոզներով ջանացել վերականգնել խաղաղությունը և միաբանությունը: 1984–86-ին երկու աթոռների միջև բուռն քննարկման առարկա է եղել Հայ եկեղեցու վարչատնտեսական կազմակերպչական միասնական կանոնադրության հարցը: «Էջմիածին» հրատարակել է կանոնադրության նախագիծը, երկու կաթողիկոսների միջև նամակագրությունն այդ խնդրի վերաբերյալ: Իր եռամյա գործունեության մասին զեկույցում Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսը եկեղեցու վերականգնման և հզորացման գործում կարևոր և պատասխանատու է համարել ընդհանրապես հայ կրոնական մամուլի և մասնավորապես` Մայր աթոռի պաշտոնաթերթի դերը: Նրա մեծ ցանկությունն էր «Էջմիածին» ամսագիրը հետզհետե դարձնել նաև հայ աստվածաբանական մտքի զարգացման կենտրոն: Ամսագիրը մեծ ուշադրություն է դարձրել Հայ եկեղեցու բարեկարգության հարցերին: 1980-ին հրատարակել է Երուսաղեմում այդ առիթով կայացած միաբանական ժողովի նյութերը: Եկեղեցական սահմանադրություն ունենալու հարցը բազմիցս քննարկվել է «Էջմիածին»-ի էջերում: Հրատարակվել են սահմանադրության նախագծեր: Ամսագիրը բազմաթիվ արտատպություններ է արել «Արարատ», «Հասկ», «Շողակաթ», «Սիոն», «Հայաստանյայց եկեղեցի» հանդեսներից, վերահրատարակել Բ. Կյուլեսերյանի, Ե. Դուրյանի, Խրիմյան Հայրիկի, Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի քարոզները, իր էջերը հաճախակի տրամադրել լեզվաբանությանը, բանասիրությանը, եկեղեցու, մատենագրության պատմությանը, բնագրագիտությանը, ձեռագրերին, վիմագրությանը, հայ և օտար հայագետներին, տպագրել նրանց աշխատությունների մատենագիտություններ (Հ. Աճառյան, Հ. Ոսկյան, Ն. Բյուզանդացի, Վ. Բընըցեանու), հետաքրքրական արխիվային նյութեր հրապարակել Կ. Եզյանի, Մ. Սանասարյանի, Մ. Էմինի, Գ. Խալաթյանցի, Հ. Այվազովսկու, Պ. Ադամյանի, Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի մասին: Հրատարակության ավելի քան հիսունհինգ տարիների ընթացքում «Էջմիածին» ունեցել է եկեղեցական ու պետական` համազգային նշանակության տոներին և հիշատակի օրերին նվիրված բազմաթիվ բացառիկներ` կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու 500-ամյակ, Վարդանանց պատերազմի 1500-ամյակ, 1955-ին ազգային-եկեղեցական ժողովի գումարում, կաթողիկոսական ընտրություն և առաջին մյուռոնօրհնեք: Մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված 1965-ի միացյալ համարները լի են ականատեսներ Կ. Մելիք Օհանջանյանի, Հ. Սերինկյուլյանի, Հ. Սիրունու, Հ. Մորգենթաուի հուշերով, նամակներով, դրանք լրացնում, ամբողջացնում է Ս. Քոլանջյանի «Հայկական կոտորածները և մեր ձեռագրական կորուստները» հոդվածաշարը: 1966-ին մեծ հանդիսությամբ նշվել է Աստվածաշնչի հայերեն տպագրության 300-ամյակը,1968-ին` «Արարատ» ամսագրի 100-ամյակը (նոյեմբեր-դեկտեմբեր միացյալ համարներ), 1970- ին` Առաքել Դավրիժեցու մահվան 300-ամյակը, Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 200 և Խրիմյան Հայրիկի` 150-ամյակները, 1998-ին` Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակը. այդ առիթով տպագրվել են ճակատամարտին հոգևորականների մասնակցությունը լուսաբանող նյութեր և այլն: «Էջմիածին»-ին աշխատակցել են Հ. Աճառյանը, Ս. Մալխասյանը, Գարեգին Ա կաթողիկոսը, Կ. Ղաֆադարյանը, Լ. Մելիքսեթ-Բեկը, Ա. Ալպոյաճյանը, Ն. Պողարյանը, Ա. Սյուրմեյանը,Վ. Արքեպիսկոպոս Տերյանը և ուրիշներ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am