Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Էջմիածնի Մայր Տաճար

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ. Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է 4-րդ դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում: Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը։ Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թվականին իշխան Վասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է՝ նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։ 7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանի մասը։ Մայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք կրոնական-պատմական կառույցներ՝ «Տրդատ թագավորի դուռը», «Ղազարապատը», Հին և նոր վեհարանները, միաբանական «Երեմյան» շենքը։ Թանգարանում են պահպանվում հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածու։

 

Կառուցումը:

Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։

«Եւ մի ահաւոր տեսիլ մարդոյ բարձր եւ ահեղ, որ զառաջն ունէր եւ զէջսն ի վերուստ մինչեւ ի խոնարհ առաջապահ յառաջեալ, եւ ի ձեռինն իւրում ուռն մի մեծ ոսկի. եւ այն ամենայն զհետ խաղացեալ գայր։ Եւ ինքն սլացեալ խոյացեալ գայր՝ ըստ նմանութեան արագաթեւ արծուոյ. եւ եկն էջ եհաս մինչեւ մօտ ի յատակս երկրիս, ի շինամէջ քաղաքին, եւ բաղխեաց զթանձրութիւն լայնատարած գետնոյն, եւ մեծ եւ անչափ դրնդիւնքն հնչեցին Սանդարամետս անդնդոց. եւ ամենայն երկիր յերեւելիս, յական տեսանելեաց բաւելոյ, հարթ հաւասար դաշտաձեւ յատակեցաւ»։ 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը և կառուցեցին Մայր Տաճարը։ Թագավորին օգնում էին Աշխեն թագուհին և արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը։

Սուրբ Էջմիածինը նաև կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականի օգոստոսին։ Տաճարի օծումը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածնի Փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը և տաճարն անվանվեց Սուրբ Մարիամ Աստվածածին։ Այդ պատճառով Մայր Տաճարի հիշատակության օրը նշվում է Աստվածածնի փոխակերպման տոնին նախորդող շաբաթ օրը։ Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց որպես Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ, և չնայած այդ անվանմանը, հաճախ կոչվեց «Վաղարշապատի կաթողիկե», «Կաթողիկե» կամ պարզապես «Առաջին Եկեղեցի»։ 360 թվականին Սուրբ Էջմիածինը կրեց առաջին հարվածը, երբ պարսից Շապուհ II արքան, մեծաթիվ բանակով ներխուժելով Հայաստան, փորձեց Մայր Տաճարը զրադաշտական մեհյանի վերածել։ Շապուհ արքայի զորքը երկրից դուրս գալուց անմիջապես հետո Ներսես Մեծ Կաթողիկոսը ձեռնամուխ եղավ տաճարի վերակառուցմանը։

Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտից հետո՝ 5-րդ դարի սկզբին, Վաղարշապատի Կաթողիկոսությանը կից հիմնադրվեց «մեսրոպյան» հայկական դպրոց։ Վերանորոգչական աշխատանքներ կատարվեցին նաև Սահակ Պարթև Կաթողիկոսի (387-428) օրոք։ 484 թվականին Հայրապետական Աթոռը տեղափոխվեց Դվին, որն այդ ժամանակ երկրի քաղաքական կենտրոնն էր։ Չնայած Աթոռի տեղափոխմանը՝ Սուրբ Էջմիածինը շարունակում էր մնալ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը։ 5-րդ դարի՝ հայ գրականության ոսկեդարյան շրջանի պատմիչ Ղազար Փարպեցին գրում է, որ մոտավորապես այդ շրջանում Վահան Մամիկոնյանը պարսից արքայության կողմից Հայաստանի մարզպան նշանակվեց։ Նա կարևոր բարեփոխումներ կատարեց Էջմիածնի տաճարում, որի արդյունքում Ղազար Փարպեցին նշանակվեց Էջմիածնի վանքի վանահայր։ Մայր Տաճարը ստացավ այն տեսքը, որն ունի այժմ։

Հայաստանում իշխող քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 931 թվականին Դվինից տեղափոխվեց Աղթամար, այնուհետև՝ Անի և կրկին Կիլիկիա, ուր 1198 թվականին հիմնվեց հայկական թագավորություն։ 1375 թվականին Կիլիկիայի հայոց թագավորության անկումից հետո, այդ ժամանակ տիրող քաղաքական իրադրության պատճառով Կաթողիկոսական Աթոռը նորից տեղափոխվեց։ 1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից ի վեր Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը մնաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դարեր շարունակ մեծ վնասներ կրած այս սրբավայրի նորացումն ու վերանորոգումը վերջին տարիներին Հայոց Հայրապետների առաջնահերթ մտահոգությունն են եղել։ 1945 թվականին Գևորգ Զ Կաթողիկոսը համայն հայությանը կոչ արեց օժանդակել Մայր Տաճարի վերանորոգչական աշխատանքներին։ Հայրապետի այս հորդորն անպատասխան չմնաց։ Շուտով դրան արձագանքեց ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանը, և սկսվեցին եկեղեցու բարեկարգման աշխատանքները։ Այս ջանքերը նոր եռանդ ստացան երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի օրոք՝ ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ապա նրա զավակների՝ Ռիչարդ և Լուիզ Մանուկյանների նվիրատվություններով։ 2001 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և տնօրինությամբ, միջազգային և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչների և համայն հայ ժողովրդի մասնակցությամբ նորովի վերանորոգված և գեղեցկացված Մայր Տաճարում նշվեց Քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն հռչակելու 1700 ամյակը։ Սուրբ Էջմիածնի պատմության մեջ գրվեց նոր էջ։ Մայր Տաճարի սյուներին ու կամարներին, որմերին ու գմբեթներին, քարերին ձուլվել է դարերի դրոշմը։ Դրանք միահյուսվել են իրար և հայ ժողովրդի կենդանի հավատքին։

 

Կառուցվածքը:

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.

«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....»:

1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե դարից սկսած Մայր Տաճարը ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերն ունեցել են կողային աբսիդներ, որոնք ներսից կիսաշրջանաձև են, իսկ դրսի կողմից հնգանկյունաձև։

Ցանկացած կրոնական շինության կարևոր մասը պատարագի սեղանն է, որը քրիստոնեական եկեղեցիներում Ավագ Խորանն է, ուր մատուցվում է Սուրբ Պատարագը։ Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Նմանապես, Մայր Տաճարը հիմնադրվել է Տրդատ թագավորի, Գրիգոր Լուսավորիչի և ժողովրդի կողմից ավերված հեթանոսական Սանդարամետի մեհյանի տեղում, որը, համաձայն Սուրբ Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։ Նույնկերպ, աշխարհում դժվար թե գտնվեր մեկ այլ եկեղեցի, որի հիմնաքարը, կամ վեմ քարը լիներ այդքան բազմաշերտ և որի վրա այդքան շատ դարեր ու այդքան տարբեր հավատալիքներ դրոշմված լինեին։

1958 թվականի հնագիտական պեղումների ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ (1 – 1.5 մետր) խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը։ Հին խորանը նույնպես երկշերտ է։ Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի։ Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։

Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։


Տես՝ Վաղարշապատ:

Տես նկարները՝ տեսադարանի պատկերասրահում:



Աղբյուր՝

Հայկական Սովետական Հանրագիտարան, չորրորդ հատոր:

Հասմիկ Հմայակյան, Հոգևոր ավանդույթների ժառանգությունը (Պտղաբերության պաշտամունքից մինչև քրիստոնեություն),  «21–րդ դար» 2 (8), Երևան, 2005, էջ 165-175։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am