Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Էջմիածնի Ավետարան

«ԷՋՄԻԱԾՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «ՓՂՈՍԿՐՅԱ ԱՎԵՏԱՐԱՆ». հայ գրչության և մանրանկարչության ձեռագիր մատյան: Ընդօրինակել է Հովհաննես գրիչը` 989-ին, Բղենո Նորավանքի Ս. Ստեփանոս եկեղեցում: Պատվիրատու` Ստեփանոս քահանա: Բնագիրը պարունակում է (35x28 սմ) չափի 233 մագաղաթեթերթ (Մատենադարան, ձեռագիր դ 2374): Բաղկացած է գեղեցիկ երկաթագրով գրված չորս Ավետարաններից: Մատթեոսի Ավետարանին նախորդում է քառաթերթ մի պրակ` ամբողջ էջերն զբաղեցնող մանրանկարներով: (1ա–5ա) էջերում Եվսեբիոսի թուղթն է և համաբարբառները` ճոխ խորանների մեջ առնված: (5բ) էջում պատկերված է մի տաղավարիկ (tempietto), որին հաջորդում են թեմատիկ մանր անկարներ. գահին բազմած Հիսուսը (6ա), զույգ-զույգ կանգնած չորս ավետարանիչները (6բ, 7ա), Աստվածածինը` Մանուկը գրկին (7բ) և Աբրահամի զոհաբերությունը (8ա): Ձեռագրի վերջում ներմուծված է 6–7-րդ դարերի Երկու թերթ` 228, 229, որոնց վրա պատկերված են «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը» և «Մկրտություն» մանրանկարները: «Էջմիածնի Ավետարան»-ի լուսանցքներում նույնպես կան պատկերներ: Ձեռագրի կազմը բաղկացած է (36,5x30,5 սմ) մեծության փղոսկրե երկու կողքերից, որոնք 6-րդ դարի աշխատանք են համարվում: Կողքերից յուրաքանչյուրը բաղկացած է հնգական սալիկից, որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված է առանձին տեսարան: Այդ կազմը վաղ քրիստոնեական հայկական արվ-ի նշանակալից հուշարձաններից է: Բացառիկ արժեք ունեն 6–7-րդ դարերի մանրանկարները: Չորս տեսարաններն էլ իրենց խորհրդանշական բնույթով վերաբերում են հայտնության թեմային: Հագեցված և փոքրինչ մուգ ու խաղաղ երանգները կանաչի, կապույտի և ոսկու ոչ շռայլ գործածությամբ ստեղծում են տպավորիչ գունագեղություն: Արտահայտիչ են դեմքերը` օժտված ազգային ինքնատիպությամբ: Կատարողական որոշ առանձնահատկություններով ու երանգավորմամբ այդ աշխատանքները մոտենում են նույն շրջանի հայ որմնանկար օրինակներին (Արուճ, Լմբատ): Սկզբնաթերթերի մանրանկարները ոճական առանձնահատկություններով ու պատկերագրությամբ 9–10-րդ դարերի գեղանկարչության ավանդույթների արտահայտությունն են: Գեղեցիկ են խորանները: Օգտագործված են հիմնականում պայտաձև զույգ կամարներ, որոնց հորինվածքը երփներանգ զարդամոտիվների և լրացուցիչ մանրամասերի կիրառմամբ համահնչուն է մատյանի ընդհանուր բնույթին: Բացառիկ է «Էջմիածին Ավետարան»-ի մանրանկարների դերը հայ գեղանկարչության հետագա զարգացման գործում: «Էջմիածին Ավետարան»-ի ուսումնասիրությամբ զբաղվել են Ա. Ուվարովը, Վ. Ստասովը, Ն. Կոնդակովը, Յոհաննես Ստրժիգովսկին, Գ. Վայցմանը, Ֆ. Մակլերը, Ս. Տեր-Ներսեսյանը և ուրիշներ:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am