ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԴՊՐՈՑ (ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ). հոգևորկրթական հաստատություն: Հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին` Գրիգոր Ա Լուսավորչի օրոք` եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոց և Սահակ Ա Պարթևը Վաղարշապատում աշակերտներ են հավաքել հայ գրի տարածողներ ու թարգմանիչներ պատրաստելու համար: Նրանց ջանքերի շնորհիվ Էջմիածնի դպրոցը դարձել է հայալեզու առաջին դպրոցը, վերափոխվել մայր վարժարանի և ժամանակի բարձրագույն կրթարանի, որտեղ հիմք է դրվել նաև գրչության արվեստին: Սկզբում դասավանդել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը, այնուհետև` Եզնիկ Կողբացին, Աղան Արծրունին: Ուսուցանել են Սուրբ Գիրքը, վարքաբանություն, քերականություն, ճարտասանություն, գրչության արվեստ, երաժըշտություն, տրամաբանություն, հետագայում` նաև աստղաբաշխություն, բարոյագիտական, թվաբանական և այլ առարկաներ (հունական բարձրագույն դպրոցի օրինակով): Էջմիածնի դպրոցի վրա էր դրված Հայաստանում կրթության կազմակերպման ու ծավալման գործը: Դպրոցն ունեցել է մատենադարան: 5-րդ դարի վերջին դպրոցը կաթողիկոսարանի հետ փոխադրվել է Դվին և այլ վայրեր` կապված կաթողիկոսական աթոռի տեղափոխությունների հետ: Սաներից են Հովհան Եկեղեցացին, Հովսեփ Պաղնացին, Տիրայր Խորենացին, Թաթիկ Բասենցին, Դանան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Ղևոնդ Վանանդեցին, Կորյուն Սքանչելին, Երեմիան, Մովսես Խորենացին, Վարդան Մամիկոնյանը, Տաճատ Գնթունին, Ներսես Քաջբերունին և ուրիշներ: 1441-ին կաթողիկոսարանը վերստին Էջմիածնում հաստատվելուց հետո դպրոցը վերաբացվել է. կազմակերպիչն ու ուսուցչապետը Թովմա Մեծոփեցին էր: Անբարենպաստ պայմանների պատճառով դպրոցը երկու տարի հետո փակվել է: 1640-ին Էջմիածնում Փիլիպոս Ա Աղբակեցու նախաձեռնությամբ բացվել է նոր դպրոց` Վարդապետարան անունով, որը որոշ ընդմիջումներով գոյատևել է մոտ երկու և կես դար` հետագայում հայտնի դառնալով Էջմիածնի ժառանգավորաց դպրոց անունով: Ուսուցանել են Ոսկան Երևանցին, Սիմեոն Ջուղայեցին, Ստեփանոս Լեհացին, Առաքել Դավրիժեցին, Պետրոս Նախիջևանցին և ուրիշներ: Դասավանդվել են կրոնական գիտություններ, հայոց լեզու, փիլիսոփայություն, դասական գրականություն, տրամաբանություն, քերականություն: Էջմիածնի դպրոցը կրկին հայտնի է դարձել Սիմեոն Ա Երևանցու օրոք: 1813-ին Ներսես Ե Աշտարակեցին կառուցել է դպրոցի նոր շենք (50 աշակերտի համար) և աշխատելու հրավիրել Պ. Ղարադաղցուն, որին աշակերտել են Մ. Թաղիադյանը (1832–34-ին դասավանդել է նույն դպրոցում) և Խ. Աբովյանը: Տարբեր տարիներ այնտեղ դասավանդել են Մ. Պատկանյանը, բժիշկ Կ. Վասակյանը, Կ. Շահնազարյանը և ուրիշներ: 1836-ից ուսուցանել են ռուսաց լեզու, իսկ 1860-ական թվականներին` լատիներեն, ֆրանսերեն, հայոց պատմություն: 1874-ին նրա հիմքի վրա ստեղծվել է Գևորգյան ճեմարանը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am