Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Էջմիածնի Սուրբ Գայանե վանք

ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ. Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում, սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարվ-արևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավերու լքված: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652-ին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավ պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն: 1688-ին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Սուրբ Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ սրահ, նրա հարավ և հյուսիս ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն: 1764-ին Սիմեոն Ա Երևանցին Էջմիածնի Սուրբ Գայանե վանք-ի տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը: 1910-ին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի գերեզմանի համար: 1959-ին Էջմիանի Սուրբ Գայանե վանքը նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան): 1960-ին վանքի տարածքում Մայր աթոռի՝ 1920-ից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976-ին Սուրբ Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով: 1977–80-ին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը՝ բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am