Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանք

ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՎԱՆՔ. Վաղարշապատ քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, սուրբ Հռիփսիմեի և նրա երեսուներկու ընկերուհիների նահատակման վայրում: Ըստ Ագաթանգեղոսի, այնտեղ 301-ին, Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ ու նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր դամբարան, վրան՝ Մասիս լեռան լանջից Տրդատ Գ-ի բերած քարերից քառասյուն ամպհովանի: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Հռիփսիմեի վկայարանը, որն ավերել էր Պարսից Շապուհ արքան: Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի, 618-ին Կոմիտաս Ա Աղցեցին քանդել է այդ վկայարանը՝ «ցած և մթին» լինելու պատճառով, և տեղում սրբատաշ տուֆից կառուցել այսօր կանգուն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Այն կենտրոնագմբեթ է, քառախորան, չորս անկյուններում երեք քառորդ խորշերով, որոնցից մուտքեր են բացվում դեպի ավանդատները: Արևելյան՝ Ավագ խորանի տակ սուրբ Հռիփսիմեի թաղածածկ դամբարանն է, որի մուտքը հյուսիս-արևելյան ավանդատնից է: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին իր ճարտարապետության բյուրեղյա հստակության և կատարյալ հորինվածքով այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է: Հռիփսիմեատիպ կառույցների շարքին են պատկանում Հայաստանում Մոխրենիսի Օխտը դռնի վանքի (6-րդ դար), Ավանի Սուրբ Հովհաննես (6-րդ դար), Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան (6-րդ դար), Զորադիրի Սուրբ Էջմիածին (6-րդ դար), Գառնհովիտի Սուրբ Գևորգ (7-րդ դար), Այգեշատի Թարգմանչաց վանքի (7-րդ դար), Սյունի վանքի Սուրբ Հովհաննես (7-րդ դար), Արծվաբերի Սուրբ Աստվածածին (7-րդ դար), Արծվանիստի Սուրբ Աստվածածին (10-րդ դար), Վարագավանքի Սուրբ Աստվածածին (10-րդ դար), Աղթամարի վանքի Սուրբ Խաչ (10-րդ դար) եկեղեցիները, Վրաստանում՝ հայ քարգործ վարպետների մասնակցությամբ շինված Մցխեթի Սուրբ Խաչ (7-րդ դար), հայ ճարտարապետական Թոդոսակի կառուցած Աթենիի Սուրբ Սիոն (7-րդ դար), Շուամթայի (7-րդ դար) և Մարտվիլիի (10-րդ դար) եկեղեցիները: Կոմիտաս Ա Աղցեցին թողել է շինարարական երկու արձանագրություն, որոնցից Ավագ խորանին փորագրվածում իրեն անվանել է եկեղեցու «շինող»: Հայկական ճարտարապետության մեջ վաղ միջնադարում շինող բառը կիրառվել է ճարտարապետ իմաստով, հետևաբար՝ Կոմիտաս Ա Աղցեցին եղել է եկեղեցու ոչ միայն կառուցողը, այլև՝ ճարտարապետը: 628-ին կաթողիկոսը վախճանվել է և ամփոփվել սուրբ Հռիփսիմեի դամբարանի առջև, եկեղեցու ներսում (տապանաքարը հետագանորոգումների ժամանակ ծածկվել է սալահատակի տակ): 17-րդ դարի սկզբին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանք եղել է կիսավեր և լքված: Այդ տարիներին, ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, կաթողիկե երկու միսիոներ քանդել են սուրբ Հռիփսիմեի դամբարանը և հափշտակել տապանում ամփոփված սրբուհու մասունքները: Էջմիածնի Գրիգոր և Վարդան եպիսկոպոսները հետ են խլել մասունքները և նորոգել դամբարանը: Փիլիպոս Ա Աղբակեցին 1651–53-ին նորոգել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու գմբեթը, տանիքը, պատերի որոշ հատվածներ, սալահատակել ներսը և արևմտյան մուտքի առջև քառամույթ սրահ կառուցել: 1655-ին վախճանված Փիլիպոս Ա Աղբակեցուն Երևանի Մահմադղուլի խանն արգելել է թաղել Էջմիածնի Մայր տաճարի մոտ, և կաթողիկոսին ամփոփել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ներսում: Եկեղեցու արևմտյան մուտքի առջև թաղված են Հայոց կաթողիկոսներ Աստվածատուր Ա Համադանցին (1715–25) և Կարապետ Բ Ուլնեցին (1726–29): Արևելյան' մասում Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանք-ի վանահայրեր Ղազար վարդապետ Աստապատցու (17-րդ դար), Անտոն վարդապետի (18-րդ դար), ինչպես նաև 17-րդ դարի աստվածաբան, փիլիսոփա Ստեփանոս Լեհացու շիրմաքարերն են: Եղիազար Ա Այնթապցին 17-րդ դարի վերջին տասնամյակում նորոգել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի շենքերը, հաստատել վանքի միաբանությունը: Սիմեոն Ա Երևանցին 1776-ին կառուցել է վանքի աղյուսաշեն պարիսպները, հյուսիսային դարպասը և երկու շրջանաձև բուրգերը՝ Մկրտիչ եպիսկոպոսի միջոցներով: 1790-ին Ղուկաս Ա Կարնեցին կառուցել է եկեղեցու արևմտյան մուտքի առջևի սրահի վրայի զանգակատունը: Մկրտիչ Ա Վանեցին 1898-ին վանքի հարավային կողմում կառուցել է միաբանության համար երկհարկանի շենք և չթրծված աղյուսից պարիսպների հարավայիպ և արևելյան հատվածները փոխարինել սրբատաշ տուֆից շինված պատերով: 1936-ին մասնակի նորոգվել են վանքի շենքերը: 1945-ին վանքի բակի հարավ մասում այգի է տնկվել: Վազգեն Ա Պալճյանի հայրապետության տարիներին բարեկարգվել է վանքի տարածքը, հարավ կողմում աղբյուր կառուցվել (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան): 1958-ին մաքրել են եկեղեցու ներսի ուշ շրջանի սվաղը, Ավագ խորանում նոր սեղան տեղադրել և կոփածո երկաթից ջահ պատրաստել: Պեղումներով Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան որմնամույթերի տակ հայտնաբերվել են որպես խարիսխներ օգտագործված, հոնիական ոճի քանդակներով խոշոր քարեր, որոնք պատկանել են, ըստ երևույթին, հին Վաղարշապատի հեթանոսական տաճարներից մեկին (դրանց այդ-օրինակ տեղադրությունը խորհրդանշել է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ): 1979-ին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի արևելյան կողմում պեղումներով բացվել են 4–5-րդ դարերի միանավ եկեղեցու հիմքեր, իսկ հյուսիսային պարսպից դուրս՝ վաղ միջնադարյան հնձան: 1987-ին հիմնովին վերակառուցվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի վթարային վիճակում գտնվող զանգակատունը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am