Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ընդհանրական Եկեղեցի

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Կաթողիկե եկեղեցի, Տիեզերական եկեղեցի. եկեղեցու չորս հատկանիշներից կամ ստորոգելիներից (Մի, Ընդհանրական, Առաքելական և Սուրբ) մեկը, որը բանաձևված է Հավատո հանգանակումական «Հաւատամք ի Մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցի»: Եկեղեցին որպես Հիսուս Քրիստոսի խորհրդավոր մարմին և Տիրոջ ներկայության և փրկագործության երկրային արտահայտություն՝ մեկ ամբողջություն է, Մի և Ընդհանրական իր հիմնադրով՝ Հիսուս Քրիստոսով, իր գլխով, որ է՝ Հիսուս Քրիստոս. «Քրիստոս գլուխն է եկեղեցու» (Եփեսոս 5.23), կամ «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ: Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված...» (Եփեսոս 4.4–5): Եկեղեցին Ընդհանրական է, որովհետև Քրիստոսն իր մեջ ունի համայն մարդկությունը, չի ճանաչում ազգություն, աշխարհագրություն կամ այլ սահմանափակում և կոչված է քրիստոնեությունը քարոզելու ամբողջ աշխարհում ու բոլոր ժողովուրդների մեջ. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկոս 16.15): Եկեղեցին Մի և Ընդհանրական է իր նպատակով և առաքելությամբ, այն է՝ Աստծո թագավորության հաստատումը և Աստծո կամքի կատարումը, Մի և Ընդհանրական է առ Քրիստոս իր հավատով, իր առաքելականությամբ՝ հաստատված նախ Քրիստոսով, ապա առաքյալների կողմից Երուսաղեմի Վերնատանը՝ Հոգեգալստյան իրադարձությամբ: Այդ եկեղեցին կոչվել է Աշխարհամատուռ, այսինքն՝ աշխարհին պատկանող մատուռ և առաջին եկեղեցի, որն այնուհետև առաքյալների տիեզերական առաքելությամբ աճել, տարածվել, հաստատվել է տարբեր վայրերում ու դարձել բազմաճյուղ: Առաքյալների և նրանց հաջորդների կողմից աշխարհի տարբեր ծայրերում հաստատված եկեղեցիներն Աշխարհամատուռ եկեղեցու ճառագայթումներն են: Եկեղեցին Մի և Ընդհանրական է իր էության և իսկության մեջ, բայց բազմաճյուղ ու բազմաճառագայթ է երկրի վրա. «Ինչպես մեկ է մարմինը և ունի բազում անդամներ, և մարմնի այդ բազում անդամները բոլորը մեկ մարմին են, այնպես էլ՝ Քրիստոս» (Ա Կորնթ. 12.12): Այս իմաստով հատկանշական է Իգնատիոս Անտիոքացու (1-2-րդ դարեր) այն միտքը, թե տեղական եկեղեցին ոչ թե մեկ մասնիկն է Ընդհանրական եկիղեցու, այլ հենց Ընդհանրական եկիղեցի է՝ գլուխ ունենալով Հիսուս Քրիստոսին և առաքյալներին: Բազմաճյուղ Ընդհանրական եկիղեցի Մի և Ընդհանրական է եղել նաև Քրիստոսի խոսքի, մարմնի և արյան խորհրդի հաղորդությամբ, որով եկեղեցին ապահովում է Տիրոջ ներկայությունն իր մեջ և հավատացյալների միջև: Նա, ով դուրս է այդ հաղորդությունից, չի կարող քրիստոնեական եկեղեցու մաս կազմել: Աղանդավորներն ու հերետիկոսները, ենթարկվելով բանադրանքի, զրկվել են եկեղեցու հաղորդությունից: Եկեղեցու ընդհանրականությունն ու միությունն արտահայտվել են նաև ուղղափառ դավանանքով, դրսևորվել տիեզերական ժողովներում, որոնք բանաձևել են հայտնությամբ տրված դավանանքը: Այն եկեղեցիները, որոնք ընդունել են տիեզերական երեք ժողովների (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431) հաստատած հավատի հիմնական սկզբունքները՝ Հոր և Որդու համագոյությունը, Որդու Աստվածությունը, Մարդեղության և Փրկագործության խորհուրդները, Սուրբ Հոգու Աստվածությունն ու Ամենասուրբ Երրորդության վարդապետությունը, Սուրբ Կույսի Աստվածածին կամ Աստվածամայր լինելը, կազմել են քրիստոնեական Ընդհանրական եկիղեցու ընտանիքը, միասնաբար պայքարել աղանդների և հերձվածների դեմ: Ընդհանրական եկիղեցին ունեցել է տարբեր ժամանակներում հաստատված և հավասար իրավունքներով օժտված հինգ տիեզերական աթոռներ՝ Հռոմի, Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի և Երուսաղեմի: Եկեղեցական կարևորագույն գործերում նրանցից ոչ մեկն առանց մյուսների համաձայնության չէր կարող որևէ բան ձեռնարկել կամ թելադրել: Բացի այդ հինգ աթոռներից կային նաև այլ հայրապետություններ՝ առաքելահաստատ և առաքելական նույն իշխանությամբ, որոնցից է Հայոց աթոռը կամ հայրապետությունը՝ հաստատված Սուրբ Էջմիածնում:

Սակայն հատկապես քրիստոսաբանական տարբեր ընկալումները, արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ավանդությունները, ուղղափառության սահմանների և հասկացության շուրջ դավանական տարաձայնությունները, ինչպես նաև պատրիարքական աթոռների հակամարտություններն ու քրիստոնյա աշխարհում գերիշխանության հասնելու նկրտումները պատճառ են դարձել Ընդհանրական եկիղեցու պառակտման: 451-ի Քաղկեդոնի ժողովը սկիզբ է դրել Ընդհանրական եկիղեցու բաժանմանը, ինչը խախտել է եկեղեցու միությունը, խզել եկեղեցիների միջև հաղորդությունը: Եթե Քաղկեդոնի ժողովից առաջ հայ, Հույն կամ Լատին եկեղեցիներում և փոխադարձաբար օտարազգիները Հայ եկեղեցում կարող էին առանց այլևայլության հաղորդվել Տիրոջ մարմնի և արյան խորհրդով, ապա Քաղկեդոնի ժողովից հետո եկեղեցիների միջև ստեղծված դավանական տարբերությունները խախտել են այն ներդաշնակությունը և միությունը, որ ներկայացնում էր Ընդհանրական եկիղեցին: Եթե մինչև Ընդհանրական եկիղեցու պառակտումը բոլոր եկեղեցիները հավատի ավանդության առնչությամբ ունեցել են ընդհանրական և առաքելական համընդհանուր ակունք, այն է Աստվածաշունչը, տիեզերական ժողովների դավանական բանաձևումները և վճիռները, համաքրիստոնեական եկեղեցու սուրբ հայրերի ուսուցումները, ապա բաժանումից հետո յուրաքանչյուր եկեղեցի կամ եկեղեցիների ընտանիք ունեցել է իր դավանանքը, համաքրիստոնեական եկեղեցու հայրերի ու տիեզերական ժողովների սեփական ցանկը: Քաղկեդոնի ժողովի դավանական վճիռները չընդունած եկեղեցիները, այդ թվում՝ Հայ եկեղեցին, կազմել են Ընդհանրական եկիղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: Ընդհանրական եկիղեցու պառակտումը դարերի ընթացքում ավելի է խորացել և հանգեցրել նորանոր բաժանումների: 1054-ին միմյանց նզովել և խզել են իրենց հաղորդությունը Կ. Պոլսի և Հռոմի աթոռները: Պատմության մեջ դա հայտնի է արևելյան և արևմտյան եկեղեցիների մեծ բաժանում անունով: Առաջացել են ուղղափառ (օրթոդոքս) և արևմտյան (կաթողիկե) եկեղեցիները: Ավելի ուշ, 16-րդ դարի վերակազմավորման արդյունքում, երբ ի հայտ է եկել բողոքականությունը, ստեղծվել են նոր եկեղեցիներ և հարանվանություններ՝ ձևավորված դավանական, վարդապետության, վարչական և կազմակերպական տարբեր հիմքերի վրա: Հայ եկեղեցին ընդունել է տիեզերական երեք ժողովների դավանությունը համապատասխան վճիռներով և իր Տոնացույցում առանձին հիշատակում է դրանք՝ տոնախմբելով այդ ժողովներին մասնակցած բոլոր եկեղեցիների հայրապետների հիշատակը: Հայ եկեղեցին իր առաքելական հաջորդականությամբ, առաքելությամբ, դավանանքով և ինքնուրույն նվիրապետությամբ Ընդհանրական եկիղեցու մեկ և անբաժան մասն է և ճանաչում է Քրիստոսի եկեղեցին իր միության, սրբության, առաքելականության և ընդհանրականության մեջ: Եկեղեցու ընդհանրականության և միության՝ Հայ եկեղեցու ըմբըռնումը խտացված է «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, եւ սէր՝ յամենայնի» բանաձևում: Հայ եկեղեցին որպես անկախ և ինքնիշխան եկեղեցի մշտապես հաղորդակցվել է մյուս եկեղեցիների հետ. դրա արտահայտություններից է նաև քույր եկեղեցիների սրբերի (Սուրբեր Հայաստանյայ ցառաք ելական եկեղեցու) և հայրապետների ներկայությունը Հայ եկեղեցու Տոնացույցում ու ծիսական կյանքում: Հայ եկեղեցին ունի եկեղեցու հայրերի մի ցանկ՝ «երկոտասան Վարդապետք» անվամբ, որն արևլյան և արևմտյան քրիստոնեական մտածողության համադրություն է: Այնտեղ ընդգրկված են Ընդհանրական եկիղեցու հինգ տիեզերական աթոռների, ինչպես նաև Աթենքի, Կեսարիայի, Կիպրոսի աթոռների մեծահռչակ հայրապետները: Քաղկեդոնի ժողովը խախտել է եկեղեցու միությունը հաղորդության ու դավանանքի պարագայում, բայց եկեղեցու, որպես Քրիստոսի խորհրդավոր մարմնի, ընդհանրականությունն արտահայտվում է մի հոտ լինելու և մի հովիվ ունենալու իրողությամբ՝ «պիտի լինի մի հոտ և մի հովիվ» (Հովհաննես 10.16), և հիմնադրի ու գլխի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ բոլոր եկեղեցիների ու աթոռների ունեցած հավատարմությամբ, սիրով և հնազանդությամբ՝ «եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին» (Եփեսոս 5.24):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am