ԳԱՆՁ. հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր: Որպես երաժշտաբանաստեղծական տեսակ սերում է ժամագրքային հնագույն երգեցիկ քարոզից: Գանձի ձևավորումը կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ, որի անվանական ծայրակապ ունեցող և «գանձ» խոսքով սկսվող ներբողները («Գանձ լուսոյ...», «Գանձ բաղձալի...», «Գանձ անապական...») ստացել են այդ անունը: Հետագայում նմանատիպ ստեղծագործությունների համար Գանձ ձեռք է բերել ժանրային որակման իմաստ: Գրիգոր Նարեկացուց հետո այս ժանրին են դիմել հայկական միջնադարի գրեթե բոլոր խոշոր բանաստեղծ-երաժիշտները՝ Ներսես Շնորհալին, Մխիթար Այրիվանեցին և ուրիշներ, ընդհուպ մինչև Գրիգոր Խլաթեցին: Գանձերը ունեն պատմողական-նկարագրողական բնույթ, ըստ ձևի՝ դրանց մեջ կան թե՛ արձակ բանաստեղծություններ, թե՛ հանգավոր կամ անհանգ տաղաչափված քերթվածքներ: Հնագույն եղանակավոր քարոզից Գանձ ժառանգել է բնորոշ կրկնակը և պարտադիր ու անփոփոխ վերջնամասը:
Երաժշտական առումով Գանձ, որպես կանոն, ունի վանկային կառուցվածք, սաղմոսատիպ, պարզ մեղեդի և ծավալվում է պատմողական ասերգի հունի մեջ: Գանձը Գանձ-շարքի առաջին միավորն է:
Ուշ միջնադարում Գանձ ժողավածու երգարվեստի ազդեցությամբ զգալի փոփոխություններ է կրել: Հայտնի են զուտ ծիսական կիրառության, այսպես կոչված՝ «մեռելաթաղի» Գանձեր, որոնցում Գանձ անվանումը զուտ պայմանական է: Դրանք ըստ էության քնարական մահերգեր են՝ ոճով շատ մոտիկ ժողովրդական ողբերին: Մեռելաթաղի Գանձեր են գրել Առաքել Բաղիշեցին, Մկրտիչ Նաղաշը և ուրիշներ: Մեռելաթաղի որոշ Գանձեր, մեղեդիներով հանդերձ, բանավոր հասել են մինչև մեր օրերը: Գանձերը 11-12-րդ դարերից ամփոփվել են Գանձարան կոչվող հատուկ մատյաններում: Ուշ միջնադարում զետեղվել են նաև Տաղարան և Մաշտոց ժողովածուներում:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am