Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Գարեգին Բ Ներսիսյան

ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ավազանի անունը` Կտրիճ, ծնվել է 21.8.1951, գյուղ Ոսկեհատ Արմավիրի մարզ, ՀՀ: Ամենայն հայոց կաթողիկոս 1999-ի հոկտեմբերից: Օծվել է 1999-ի նոյեմբեր 4-ին: Հաջորդել է Գարեգին Ա Սարգիսյանին: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում:

1965–71-ին ուսանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո մեկ տարի ծառայել է ճեմարանում որպես տեսչի օգնական, միաժամանակ դասավանդել «Նոր կտակարան» առարկան: 1972-ին ձեռնադրվել և օծվել է կուսակրոն քահանա: Նույն թվականին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ մեկնել է Վիեննա` տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում սովորելու: 1975-ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ` միաժամանակ շարունակելով աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979-ին ուսանել է Զագորսկի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում: 1980-ին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983-ի ապրիլին` առաջնորդական փոխանորդ: 1983-ի հոկտեմբեր ձեռնադրվել է եպիսկոպոս, 1992-ին ստացել արքության պատիվ և տիտղոս: 1990-ին Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը Արարատյան հայրապետական թեմի հովանու ներքո հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը, թեմում` Քրիստոնյա դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է թեմի տարածքի շուրջ 56 հանրակրթական դպրոցներում եկեղեցու կողմից իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը: 1992-ին նրա ջանքերով Երևանի երեք պիոներ պալատներ վերակազմավորվել են հայորդաց տների, որտեղ հազարավոր երեխաներ հոգևոր-գեղագիտական կրթություն են ստանում:

1990-ից Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է: 1995-ին Ազգային եկեղեցական ժողովում կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը երրորդ փուլում հանել է իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի (Գարեգին Ա Սարգիսյան` Ամենայն հայոց կաթողիկոս): 1998-ին Գարեգին Ա Սարգիսյանի կողմից նշանակվել է կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ: Ընտրությունից ի վեր Գարեգին Բ կաթողիկոսը ձեռնամուխ է եկեղեցական ներքին կյանքի կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթարանների վերաշխուժացմանը, հոգևորականության նոր սերնդի պատրաստմանը, քրիստոնեական քարոզչության զորացմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը:

1999-ին Մայր աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը հիմնվել է Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական հայագիտական կենտրոն, որի հարուստ գրականության հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռվել նաև մտավորականությանը:

2000-ի հունվարին 14–24-ը Վեհափառ հայրապետն ուխտագնացության է մեկնել Տերունական սրբավայրեր` Հորդանան և Երուսաղեմ: Երուսաղեմում Հուլյան տոմարով հանդիսապետել է Սուրբ Ծննդյան արարողությունները, որոնց ներկա է գտնվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2000-ի օգոստոսի 28–31-ին Գարեգին Բ կաթողիկոսը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի կազմակերպած Կրոնական առաջնորդների` հազարամյակի խաղաղության համաշխութեան համաժողովին և ՄԱԿ-ի գլխավոր հանձնախումբում «Դեպի ներողամտություն և հաշտություն» թեմայի շրջանակներում զեկուցում է կարդացել: Վատիկան կատարած այցելության առիթով (2000, նոյեմբեմբեր 11) էկումենիկ արարողության ընթացքում Հովհաննես Պողոս II պապը Վեհափառ հայրապետին է հանձնել Գրիգոր Ա Լուսավորչի մասունքներից մի մաս, որը պահվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:

Հայոց հայրապետը Հռոմի պապի հետ ստորագրել է համատեղ հայտարարություն, որում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածները բնորոշվել են որպես ցեղասպանություն:

Կարևորելով միջեկեղեցական կապերի ամրապնդումը` Գարեգին Բ կաթողիկոսը այցելել է քույր եկեղեցիներ` Ռուս, Վրաց, Ռումին, Ղպտի ուղղափառ եկեղեցիներ, Եթովպիայի Թևահեդո եկեղեցի, Հռոմի կաթոլիկ եկեղեցի, հանդիպել նրանց գահակալ առաջնորդների հետ: Հանդիպումներ է ունեցել նաև Ալ-Ազհարի շեյխի, Եգիպտոսի Հանրապետության մուֆթիի, Կովկասի մուսուլմանների հոգևոր պետի հետ: Վերջին հանդիպման ընթացքում (2000-ի նոյեմբեր 24), որը տեղի է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի միջնորդությամբ, ստորագրվել է համատեղ հայտարարություն` ի շահ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման:

Ձեռամբ Վեհափառ հայրապետի օծվել են Սպիտակի Սուրբ Հարություն, Վայքի Սուրբ Տրդատ, Տաշիրի Սուրբ Սարգիս, Մալիշկայի Սուրբ Աննա նորակառույց եկեղեցիներն ու Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, վերաօծվել են Դվինի Սուրբ Հարություն, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցիները, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Շիրակի թեմում կատարվել է Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնարկեքը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվել է Տրդատ Մեծ Բաց խորանը: Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ պետությունն անհատույց` սեփականության իրավունքով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնել (2001-ի հուլիս) 150 վանք և եկեղեցի:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, որն Ամենայն հայոց երեք հայրապետների դրոշմն է կրում, կառուցվել է Վեհափառ հայրապետի անմիջական հոգածությամբ: 2000-ի հունիսի 26-ին Գարեգին Բ Ներսիսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու խաչերի, 2001-ի սեպտեմբերի 23-ին` եկեղեցու օծումը:

1700-ամյա մեծ հոբելյանի տոնակատարության սկիզբը Վեհափառ հայրապետն ազդարարել է 2000-ի դեկտեմբեր 31-ի տարեմուտի գիշերը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` «Լուսավորչի կանթեղը` ուղեցույց առ Աստված» նշանաբանով Գրիգոր Ա Լուսավորչի կանթեղի լույսից տարածված մոմավառությամբ: 2000-ի մարտին ՀՀ կառավարության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջև ստորագրվել է «Մտադրությունների հուշագիր», որը նոր ուղիներ է նախանշում եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների զարգացման համար: Հուշագրի շրջանակներում 2000-ի սեպտեմբեր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը: Այդ փաստաթղթերով հստակեցվել և կանոնակարգվել է Հայոց բանակում հոգևոր ծառայության գործունեությունը:

Գարեգին Բ կաթողիկոսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ: Նրան շնորհվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Ընտրվել է Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: Պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի, «Բեթղեհեմ 2000», Ռումինիայի ազգային բարձրագույն` «Ռումինիայի աստղ» շքանշաններով:


 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր` Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am