Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Գայանյանց Կույսեր

ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐ. սուրբ Հռիփսիմյանց և սուրբ Գայանյանց կույսեր (նահատակված 301 թվականին, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ:

Մարտիրոսական պսակ են ընդունել Հռիփսիմյանց կույսերից հետո՝ մեկ օր անց, Հայոց թագավորի՝ Տրդատ Գ Մեծի հրամանով: Գայանյանց Կույսեր են կոչվել իրենց ընդհանուր դաստիարակի և մայրապետի՝ ս. Գայանեի պատվին, սակայն ավանդաբար հայտնի են առավելապես ս. Հռիփսիմեի անունով: Գայանեին չարչարել են, ապա՝ գլխատել: Նրա մարմինը Գրիգոր Ա Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, ապա և քահանայական-հայրապետական կնիքով:

Նրա վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը: Գայանյանց Կույսերին (և ընդհանրապես՝ ս. Հռիփսիմյանց կույսերին) է նվիրված Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի՝ հայոց այբուբենի տառերի հերթականությամբ գրած «Անձինք նուիրեալք» շարականը:

Հայ եկեղեցին ս. Գայանյանց Կույսերի հիշատակը տոնում է ս. Զատկին հաջորդող առաջին կիրակիից հետո, երեքշաբթի օրը՝ ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված տոնից մեկ օր անց: 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am