ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն Վաղարշ ապատում: Հայագիտական, մանկավարժական ու մշակութային կարևոր կենտրոն: Նպատակն էր՝ Հայ եկեղեցին ու դպրոցը համալրել բարձրագույն կրթությամբ հոգևորականներով և ուսուցիչներով: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Ռուսաստանի Ալեքսանդր II ցարի հետ անձնապես հանդիպման արդյունքում (1866) ճեմարան հիմնադրելու թույլտվություն է ստացել: Գևորգյան ճեմարանի շինարարությունը սկսվել է 1869-ի մայիսի 25-ին, հանդիսավոր բացումը կատարվել է 1874-ի սեպտեմբեր 28-ին, դասավանդումը՝ սեպտեմբեր 30-ից, 60 սաներով: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա (հավասարեցված ռուսական միջնակարգ դպրոցին) և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն: 1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Ս. Գևորգյան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան ճեմարան:
Գևորգյան ճեմարանը փակ տիպի գիշերօթիկ էր (փոքրաթիվ երթևեկ աշակերտներով): Ընդունվել են Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող 14–16 տարեկան շնորհալի պատանիներ՝ անվճար ուսուցմամբ: 20-րդ դարի սկզբին Գևորգյան ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ուսանողները մանկավարժական պրակտիկան անցկացրել են հատուկ հենակետային դպրոցում՝ վարժոցում, կամ Վաղարշապատի ծխական դպրոցներում: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով (տարեկան շուրջ 50 հազար ռուբլի): Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուսանողական խորհրդի և տեսչի միջոցով: Գևորգյան ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպիսկոպոս Գալֆայանը, Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկին, Արշակ վարդապետ Նահապետյանցը, Սարգիս եպիսկոպոս Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վարդապետ ՏերՄկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանը, Մեսրոպ վարդապետ Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը և այլք:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Գևորգյան ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է Գևորգյան ճեմարանի աստվածաբան. առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական: Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայկական մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն: Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն (քննական), եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպիսկոպոս գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն: Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Տարբեր տարիներ Գևորգյան ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարամուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Գևորգյան ճեմարանի նախկին սաներն էին:
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսանողական ծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:
19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևելահայ հոգևորականները մեծ մասամբ Գևորգյան ճեմարանի շրջանավարտներն էին: Նշանավորներից են Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանը, Հուսիկ արքեպիսկոպոս Զոհրապյանը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը, Տիրայր արքեպիսկոպոս Տեր-Հովհաննիսյանը և այլք: Մեծ է Գևորգյան ճեմարանի ավանդը գրականության, գիտության, հասարակաքաղաքագիտության մտքի, մանկավարժության զարգացման բնագավառներում: Այդտեղ են սովորել գրողներ Ա. Ահարոնյանը, Ա. Բակունցը, Դ. Դեմիրճյանը, Ա. Իսահակյանը, Լ. Շանթը և ուրիշներ, հայագետներ Մ. Աբեղյանը, Ա.Աբրահամյանը, Ն. Ադոնցը, Ն. Աղբալյանը, Թ. Ավդալբեգյանը, Ա. Զամինյանը, Խ. Կանայանը, Ս. Մալխասյանցը, Ա. Տերտերյանը և ուրիշներ, երաժշտագետներ Ա. Բրուտյանը, Կոմիտասը, Ա. Շահմուրադյանը և ուրիշներ, մանկավարժներ Կ. Աբովյանը, Բ. Բահաթրյանը, Գ. Էդիլյանը, Սիմակը և ուրիշներ, հասարակապետական գործիչներ Ա. Դարբինյանը, Ա. Գյուլխանդանյանը, Գ. Խաժակը, Ա. Միկոյանը, Ա. Մռավյանը, Ս. Վրացյանը, Հ. Տեր-Հակոբյանը (Իրազեկ) և ուրիշներ: Գևորգյան ճեմարանի սաներն ու դասախոսերը կազմը գործուն մասնակցություն են ունեցել հայկական դպրոցները փակելու և եկեղեցական գույքը բռնագրավելու՝ ցար. կառավարության 1903-ի հունիսի 12-ի որոշման դեմ ցույցերին ու ելույթներին, կամավոր. շարժմանը, 1918-ի մայիսյան հերոսամարտերին և այլ իրադարձությունների:
1917-ի վերջին քաղաքային ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբեր 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը: 1919–20-ին փորձեր են
Գևորգյան ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի (հետագայում՝ ԵՊՀ) ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հազար գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից: 1945-ի նոյեմբեմբեր 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Գևորգյան ճեմարանի ավանդույթները: 1995-ին Գևորգյան ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին: 1996–97-ին հիմնովին վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Գևորգ և Սիրվարդ Հովնանյանների միջոցներով՝ օժանդակությամբ ու հսկողությամբ ԱՄՆ-ի հայոց արևելյան թե-մի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ):
1997–98 թթ. ուսանողական տարվա շեմին տեղի է ունեցել Գևորգյան ճեմարանի վերաբացման հանդիսությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կարգադրությամբ Գևորգյան ճեմարան վերանվանվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Ուսումնառության շրջանը՝ վեցամյա: Դասավանդում են ինչպես նախորդ տարիների ճեմարանական լավագույն շրջանավարտները, այնպես էլ արտերկրից հրավիրված կրոնի ուսուցման մասնագետները: Ուսանողների թիվը՝ մոտ 100: Ճեմարանում գործում են համակարգչային և երաժշտական սրահներ: Կառուցվել է ննջարանային նոր մասնաշենք (2000):
Վեհափառ հայրապետի և տեսչության ջանքերով հնարավորություն է ընձեռվել ճեմարանավարտներին՝ ուսումը շարունակելու արտերկրի կրոնական հաստատություններում:
Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչն է Եղիշե ավագ քահանա Սարգսյանը (2000-ից):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am