ՂԱԶԱՐ Ա ՋԱՀԿԵՑԻ, Ճահկեցի. ծնվել է Ջահուկ գավառում, սակայն ծննթյան թվականն անհայտ է, մահացած է 1751-ին, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե վանքի գավթում: Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1737-ից: Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն: Եղել է հայրապետական նվիրակ Զմյուռնիայում: Աջակցել է Արևմտյան Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում վերաբնակեցնելու գործին: Պարսկական իշխանություններից հալածվել և աքսորվել է Սևանա կղզի: 1747-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին: Կառուցել է Էջմիածնի վանքի Վեհարանը և մի հյուրանոց՝ Ղազարապատը: Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի»-ն (1735)՝ նվիրված Հայ եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, և «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս»-ը (1744, 2 հրտ., 1786): Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737):

Կաթողիկոսական գահին Ղազար  Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին:


 

Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

Սիմեոն Երեվանցի, Ջամբռ, Վաղ-պատ, 1873: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am