ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ, Սուրբ Ղեվոնդ,Ղեվոնդ Վանանդեցի. ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու՝ նա ծնվել է Վանանդ գավառի Իջավանք գույղում, սակայն ծննդյան թվականը անհայտ է, մահացել է 454-ին, Պարսկաստանի Ապար նահանգում: 5-րդ դարի վկա, Հայ եկեղեցու Քահանայից անվանված սրբերից և Վարդանանց պատերազմի առաջնորդներից: Նրա անվամբ են նահատակյալ ինը քահանաները՝ կոչվել են սուրբ Ղևոնդյանք, նրանց շարքում էին (ինքը՝ Ղ.Ե., Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս Ռշտունյաց, Թաթիկ եպիսկոպոս Բասենի, Մուշե քահանա Աղբակեցի, Արշեն երեց Բագրեվանդցի, Սամվել քահանա, Աբրահամ սարկավագ, Քաջաջ սարկավագ):

Ղևոնդ Երեցը  պաշտոնավարել է Բագրեվանդ գավառում: Եղել է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից: Մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին (444): Պարսից արքա Հազկերտ Բ օրոք Հայ եկեղեցու և քրիստոնեության նկատմամբ ծավալված հալածանքների ժամանակ գլխավորել է հավատացյալ ժողովրդի պայքարը զրադաշտ մոգերի ու մոգպետների դեմ, իսկ Ավարայրի ճակատամարտի ընթացքում (451), մյուս հավատակիցների ու գործակիցների հետ, ոգեշնչել է հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու հավատի թշնամիների դեմ, ինչի համար և արժանացել է «Ավարայրի արծիվ» պատվանունին:

Ավարայրի ճակատամարտից հետո պարսիկները Քահանայից դասին և 37 հայ նախարարների տարել են Տիզբոն, մեղադրել իբրև «կրակասպանների» և պատերազմի հրահրիչների, բանտարկել Նյուշապուհ քաղաքում, ապա աքսորի ճանապարհին չարչարել, որպեսզի ուրանան Հիսուս Քրիստոսին: Տեսնելով հայ քահանաների անհողդողդ հավատքը և ստանալով վճռական մերժում՝ արքունի պաշտոնյա Դենշապուհը հրամայել է գլխատել նրանց, այդ թվում՝ նաև Ղևոնդ Երեցին (հավանաբար հուլիսի 25-ին):

Հայ եկեղեցին սուրբ Ղևոնդ Երեցի հիշատակը նշում է Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը: Սուրբ Ղևոնդյանց նվիրված «Մանկունք» շարականի մեջ նրան են վերաբերվում հետևյալ տողերը. «Լուսաւորիչն ամենեցուն Ղեւոնդէի Ս. Վարդապետ Խոհական մեծ խորհրդով խրատեալ լցոյց զաշակերտեալն...»:

 

 

Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե. 1994:

Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994:

Գալուս տյան Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am