ՂՈՒԿԱՍ Ա ԿԱՐՆԵՑԻ (ծնվել է 1722-ին, Կարինի գավառի Քղի ավանում – մահացել է 1799-ին՝ Վաղարշապատում, ամփոփվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում, Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1780-ից: Հաջորդել է Սիմեոն Ա Երևանցուն: Ուսանել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն: 1751-ին ձեռնադրվել է քահանա և նվիրակի պաշտոնով մեկնել Ռումելի: 1763-ին օծվել է եպիսկոպոս և նշանակվել Զմյուռնիայի (Իզմիր) հայոց առաջնորդ: Ղուկաս Ա Կարնեցին Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության կողմից իրեն կաթողիկոս ընտրելու մասին տեղյակ է պահել Կ. Պոլսի Զաքարիա Կաղզվանցի պատրիարքին: Վերջինս մերժել է այդ ընտրությունը: Զաքարիա պատրիարքի աքսորից հետո, 1781-ին Հովհաննես Համադանցի պատրիարքն ընդունել է Ղուկաս Ա Կարնեցու ընտրությունը և օսմանյան կառավարությունից ձեռք բերել հաստատման հրովարտակ: 1782-ին Ղուկաս Ա Կարնեցին դիմել է ռուսական հրամանատարությանը՝ հայ ժողովրդին պարսկական լծից ազատագրելու խնդրանքով: 1797-ին խնդրել է ռուս Պավել Ա կայսրին իր հովանավորության տակ վերցնել հայ ժողովրդին և ճանաչել Ս. Էջմիածնի հոգևոր իշխանությունը Ռուսաստանի հայերի նկատմամբ (խնդրանքը բավարարվել է 1798-ի փետրվար 26-ի կայսերական հրովարտակով):
Ղուկաս Ա Կարնեցին ծավալել է շինարարական գործունեություն, նորոգել է տվել Մայր տաճարը, իսկ նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը նկարազարդել է այն:
Կաթողիկոսական գահին Ղուկաս Ա Կարնեցուն հաջորդել է Դավիթ Ե Էնեգեթցին:
Գրականության ցանկ՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Դիվան Հայոց պատմության. Նոր շարք, գիրք առաջին, հ. 1, Ղուկաս Կարնեցի, աշխատասիր. Վ. Գրիգորյանի, Ե., 1984:
Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am