ՂՈՒԿԱՍ ԼՈՌԵՑԻ, Ղուկաս Հաղպատեցի. ծնվել է 15-րդ դարի 80-ական թթ., Հաղպատ – մահացել է 1561-ին, Արցախ, մատենագիր, մանկավարժ, գրիչ: Դասավանդել է Էջմիածնի (1513 – 1541), ապա Սանահինի դպրոցներում: Ղուկաս Լոռեցու մոտ ուսանելու և վարդապետական աստիճան ստանալուեն եկել Հայաստանի գրեթե բոլոր վայրերից՝ Վանից, Գողթնից, Արցախից, Լիմից, Քաջբերունիքից: Ձեռագրերում հիշատակվում է «տիեզերալույս վարդապետ», «մեծ րաբունի», «քաջ գրամատիկոս, ուղղափառության վարդապետ» և այլ անվանումներով:
Ղուկաս Լոռեցու երկասիրություններից այժմ հայտնի է միայն նրա աշակերտներ Հովհաննես Ծարեցու և Թորոս վարդապետի խնդրանքով 1540–50–ական թթ. Էջմիածնում գրված «Քարոզգիրքը»: 40 քարոզներից բաղկացած, ստվարածավալ աշխատությունը հեղինակի ինքնագրով պահպանվում է Մատենադարանում (ձեռ. դ 4355): Ղուկաս Լոռեցու քարոզներն ունեցել են մեծ ճանաչում, բազմաթիվ ընդօրինակություններով պահպանվել ավելի քան 50 ձեռագրերում: Քարոզներն սկսվում են աստվածաշնչյան բնաբաններով: Դրանք ունեն մեկնողական, կրոնախրատական բնույթ, գրված են միջին հայերենով, պարզ, մատչելի ոճով: Քարոզները տոգորված են հայրենասիրական, ազգային միաբանության, համերաշխության գաղափարներով: «Քարոզգիրքը» հարուստ շտեմարան է երկրի ներքին կյանքի ուսումնասիրման համար: Այնտեղ շոշափված են սոցիալտնտեսական, առևտրավաշխառուական, դատ ու դատաստանին, հոգևորականությանը, գյուղացիությանը, քաղաքային կյանքին վերաբերող բազմապիսի հարցեր: Օգտագործելով աստվածաշնչյան պատումները՝ քարոզիչը խորհուրդներ, հոգեշահ խրատներ է տվել, հորդորել մարդկանց չհուսալքվել, պահպանել հավատը, ազատության ոգին: Իր խոսքն առավել դյուրըմբռնելի և պատկերավոր դարձնելու համար Ղուկաս Լոռեցին քարոզներին միահյուսել է առակներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր, ժողովրդական բառ ու բան, նաև գրավոր և բանավոր աղբյուրներից քաղած 24 զրույց:
«Քարոզգիրքը» ունի պատմագրական, աղբյուրագիտական սկզբնաղբյուրի արժեք և իր ուրույն տեղը 16-րդ դարի լուսաբանող գրականության մեջ:
Ըստ հիշատակարանային տեղեկությունների, 1517-ին Էջմիածնում Ղուկաս Լոռեցին գրել է նաև Դավթի սաղմոսների մեկնությունը և նվիրել Լիմ անապատի միաբանությանը: Հեղինակել է նաև դավանաբանական բնույթի վեց գլխից բաղկացած
մեկնություն, կատարել ընդօրինակություններ: 1560-ի Հայսմավուրքի մի ընդօրինակության պատվիրատուն և ստացողն է: Հայսմավուրքը գրվել է Այրարատում և ավարտվել Արցախում, 1561-ին:
Գրականության ցանկ՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ակինյան Ն., Մովսես Գ կաթողիկոս Տաթևացի և յուր ժամանակը, Վնն., 1936, էջ 373–375:
Հարությունյան Է., Ղուկաս Լոռեցին և նրա Քարոզգիրքը, ԲՄ, դ 10, 1971:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am