Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ղպտի Ուղղափառ Եկեղեցի

ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ. Արևելյան ուղղափառ եկեղեցիներից է: Հիմնադիրը և Ղպտի  ուղղափառ  եկեղեցու հնագույն հոգևոր կենտրոնի՝ Ալեքսանդրիայի աթոռի առաջին եպիսկոպոսը Մարկոս ավետարանիչն է (1-ին դար): Եկեղեցու գլուխը պատրիարքն է, նստավայրը՝ Ալեքսանդրիայից հետո, սկսած 11-րդ դարից, Կահիրեում (1968-ին կառուցված Ս. Մարկոս Մայր տաճար): Մինչև 20 դարի կեսը Ղպտի  ուղղափառ  եկեղեցուն վարչականորեն ենթակա է եղել դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցին, որի եպիսկոպոսապետը պարտադիր պետք է ազգությամբ ղպտի լիներ և ձեռնադրվեր Եգիպտոսում:

Մինչև 7-րդ դարի (արաբական արշավանքները) Եգիպտոսի եկեղեցին հայտնի էր Տիեզերական հինգ պատրիարքություններից մեկի՝ Ալեքսանդրիայի աթոռ կամ պատրիարքություն անունով:

«Ղպտի» անվանումով, որը Եգիպտոս տեղանվան աղճատված ձևն է, արաբները կոչել են հին եգիպտացիների հետևորդներին՝ քրիստոնյա եգիպտացիներին, իսկ «ղպտի» անունը տարածվել է նաև Եգիպտոսի եկեղեցու (Ալեքսանդրիայի աթոռի) վրա: Ալեքսանդրիայի աթոռը կարևոր դեր է խաղացել Ընդհանրական եկեղեցու պատմության մեջ: Ընդհանրական եկեղեցու ամենահռչակավոր հայրերից մի քանիսը եղել են Ալեքսանդրիայի պատրիարքներ: Աթոռի հեղինակությունը բարձրացել է հատկապես 45 դարերին քրիստոսաբանական մեծ վեճերի և երեք տիեզերական ժողովների ժամանակ, երբ Ալեքսանդրյան դպրոցի աստվածաբանությունը հաղթել է և ուղղափառ ճանաչվել տարաբնույթ հերձվածողների և աղանդների դեմ պայքարում: Այդ շրջանի ամենանշանավոր պատրիարքներից էին Պետրոս Ա (293–303), Աթանաս Ալեքսանդրացին, Կյուրեղ Ալեքսանդրացին, Տիմոթեոս Կուզը, Դիոսկորոսը (443–458), որոնք հետևողականորեն պայքարել են արիոսականության (Նիկիայի Ա տիեզերական ժողով 325), մակեդոնականության (Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381), նեստորականության (Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431), եվտիքականության, ինչպես նաև քաղկեդոնականության դեմ: Մերժելով 451-ի Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը՝ Ղպտի  ուղղափառ  եկեղեցին հավատարիմ է մնացել երեք տիեզերական ժողովների դավանությանը, խզել հաղորդությունը բյուզանդական եկեղեցու հետ և դավանակից մյուս եկեղեցիների (այդ թվում՝ Հայ եկեղեցու) հետ կազմել Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը:

11–13–րդ դարերին, խաչակրաց արշավանքների ժամանակ և հետագա դարերում, Հռոմի կաթոլիկ եկեղեցին ձգտել է ղպտիների մեջ տարածել կաթոլիկություն. հիմնվել են կաթոլիկ միաբանություններ, եկեղեցիներ, վանքեր, նույնիսկ փորձ է արվել (1438-ին) ստեղծելու երկու եկեղեցիների (ներառյալ Եթովպական եկեղեցին) ունիա, սակայն այդ ճիգերը ոչ մի արդյունքի

չեն հանգեցրել: Նման քայլեր են ձեռնարկվել նաև հետագայում (1597, 1824), բայց՝ ապարդյուն: 19-րդ դարի կեսից Եգիպտոս են թափանցել բողոքական միսիոներներ, որոնք տարբեր միջոցներով ձգտել են վերացնել ղպտիների ավանդական ծիսակատարությունները և իրենց ազդեցության ոլորտի մեջ առնել Ղպտի  ուղղափառ  եկեղեցուն: Այդ նույն շրջանում նման նպատակ է հետապնդել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին, սակայն ղպտիներին դավանափոխ անելու բոլոր փորձերը, աննշան բացառությամբ, անհաջողության են մատնվել: Իբրև հակազդեցություն օտար եկեղեցիների այդօրինակ նկրտումների, 19-րդ դարի կեսից սկսվել է Ղպտի  ուղղափառ  եկեղեցու վերազարթոնքի և բարեկարգության շրջանը, որը կապված է Կյուրեղ Դ պատրիարքի (1854–61) անվան հետ: Նա բացել է նոր դպրոցներ, որոնցից մեկը՝ աղջիկների համար, կառուցել է նոր եկեղեցիներ, վերանորոգել հները, վերակենդանացրել է ղպտիերենը, Եգիպտոսում հիմնել երկրորդ տպարանը, որտեղ մեծաքանակ կրոնական գրքեր է տպագրել: Կյուրեղ Դ պատրիարքը բարեկարգել է Ղպտի  ուղղափառ  եկեղեցու ծիսակատարությունը, շարականներն ու երաժշտությունը, կանոնակարգել սարկավագների աշխատանքը ևայլն: Նա ուղղափառ եկեղեցիների միության եռանդուն ջատագովն էր, մերձեցման փորձեր է կատարել հատկապես Հույն ուղղափառ եկեղեցու հետ: Ղպտիները նրան անվանել են Վերածննդի հայր: Ղպտի  ուղղափառ  եկեղեցու բարեկարգության գործը շարունակել է Կյուրեղ Ե պատրիարքը (1874–1927), որն իր երկարատև գահակալության շրջանում զարկ է տվել հատկապես ուսումնական և կրթական գործին:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայ-ղպտական  եկեղեցական  և մշակութային հարաբերությունները, որոնք սկիզբ են առել 5-րդ դարից: «Մենք նույն հավատքն ունենք և միահամուռ ենք եղել նույնիսկ Քաղկեդոնի ժողովը մերժելու և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը կազմելու հարցում», շեշտել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանը 1998-ի հունվարին եգիպտահայ թեմ իր հովվական այցելության ժամանակ, Կահիրեի Ս. Մարկոս Մայր տաճարում

7-րդ դարին Երուսաղեմի սրբավայրերի զգալի մասը գտնվել է հայերի, ղպտիների, ասորիների և եթովպացիների տնօրինության տակ: Այժմ Երուսաղեմում ղպտիները ծիսակատարությունները կատարում են հայկական եկեղեցիներում: Ղպտի մատենագիրները ծանոթ են եղել հայ մատենագրությանը, մասնավորապես՝ Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ին, որից պահպանված արաբական համառոտ խմբագրությունը թարգմանվել է ղպտիերենից:

1998-ի հունվարին Կահիրեում Գարեգին Ա և Ղպտի  ուղղափառ  եկեղեցու պատրիարք Շենուդա Գ ստորագրել են համատեղ հայտարարություն երկու եկեղեցիների հետագա համագոր­ծակ­ցության վերաբերյալ, հաստատել երկու եկեղեցիների «...քրիստոնեական հավատքի միութ­յունը, որը հավատարմորեն պահպանվել է անցյալ բոլոր դարերի ընթացքում և որը հիմնված է Սուրբ Գրքի վրա, վաղ եկեղեցական ավանդության վրա, ինչպես որ բանաձևված է երեք Տիեզերական ժո­ղով­ների կողմից, որոնք են՝ Նիկիա (325), Կոստանդնուպոլիս (381) և Եփեսոս (431)»:

 

 

Նվիրապետությունը:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցին ունի նվիրապետական երեք աստիճան՝ եպիսկոպոսություն, քահանայություն և սարկավագություն:

­Պատրիարքը եպիսկոպոսներից մեկն է, բայց քանի որ մայրաքաղաքի եպիսկոպոսն է և սուրբ Մարկոսի ժառանգորդը, նա ստանում է նախապատվություն և վայելում ավագ եղբոր իրավունքներ: Սարկավագներին ու քահանաներին ընտրում է իրենց ծուխը, եպիսկոպոսներին՝ իրենց թեմերը, իսկ պատրիարքին՝ ամբողջ ազգը՝ ընդհանուր քվեարկությամբ: Ներկայումս (2000) Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարքն է Շենուդա Գ (1971-ից, Ալեքսանդրիայի 117-րդ պատրիարքը): Ղպտի ուղղափառ եկեղեցու բարձրագույն իշխանությունը եպիսկոպոսների ժողովն է, որը որո­շում­ներ ընդունելիս պետք է խորհրդակցի աշխարհիկ առաջնորդների հետ: Եթե ժողովա­կան­ների ձայները կիսվում են, պատրիարքը ստանում է երկու ձայնի իրավունք:

Կան ամուսնացած և կուսակրոն քահանաներ: Հյուսիսային Ամերիկայում գործում է Ղպտի  ուղղափառ  եկեղեցու թեմ: ԱՄՆ-ում գոյություն ունի 51, Կանադայում և Ավստրալիայում՝ 14 ծուխ: Վեց ղպտի համայնքներ կան Անգլիայում և մեկը՝ Իռլանդիայում: 1994-ին Ղպտի  ուղղափառ  եկեղեցին պաշտոնապես իր իրավասության ներքո ընդունեց Բրիտանական կղզիների փոքրիկ ուղղափառ եկեղեցուն, որը վերանվանվեց Բրիտանական ուղղափառ եկեղեցի: Սակայն վերջինս բավական առանձնացած է Շենուդա Գ պատրիարքի անմիջական իրավասության ներքո գտնվող Բրիտանական  կղզիների ղպտի ուղղափառ համայնքներից:

Ղպտի ուղղափառ  եկեղեցու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Քրիստոնեության վրա ունեցած Ղպտի  ուղղափառ  եկեղեցու ամենավճռորոշ ազդեցությունը վանական կյանքի նկատմամբ  որդեգրած նրա բացառիկ դիրքորոշումն է: Անապատականությունը սկզբնավորվել է Ղպտի  ուղղափառ  եկեղեցում: Վանական ճգնակեցության առավել երևելի ներկայացուցիչը սուրբ Անտոն Անապատականի աշակերտ սուրբ Մակար Մեծն է: Ալեքսանդրիայի պատրիարքների մեծ մասն ընտրվել է սուրբ Մակարի հետևորդներից, որի համար նա համարվել է պատրիարքների հայր: Ներկայումս Ղպտի  ուղղափառ  եկեղեցին ունի 12 վանք՝ շուրջ վեց հարյուր վանականներով, և 6 կուսանոց՝ մոտ 300 միանձնուհիներով:

 

 

Դավանանքը և վարդապետությունը:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցու դավանանքը հիմնված է երեք տիեզերական  ժողովների դավանության վրա, մերժում է Քաղկեդոնի ժողովը և հավատքի վրա ավելացրած հետագա բոլոր նորահայտ բանաձևումները: Եգիպտական եկեղեցու հայրերի գործուն մասնակցությամբ են Նիկիայի Ա տիեզերական  ժողովում վավերացվել Հավատո հանգանակը, մեկ Մկրտությունը (ինչպես մարմնավոր ծնունդն է լինում մեկ անգամ, այնպես էլ՝ հոգևորը), քահանաների ամուսնությունը (այն հիմամբ, որ առաքյալների մեջ կային թե՛ ամուսնացածներ և թե՛ կուսակրոններ) և սուրբ Զատիկի օրը (որը սահմանվեց կատարել հրեական Զատիկից հետո, ապրիլի առաջին շաբաթվա և մայիսի առաջին շաբաթվա միջև. բոլոր եկեղեցիները դրանով առաջնորդվել են մինչև 1582-ը): Հայ եկեղեցու նման Ղպտի  ուղղափառ  եկեղեցին ևս Մարիամին համարում է մշտնջենական Կույս: Ղպտի հայրերն առաջինն էին, որ Մարիամին անվանեցին Աստվածամայր և Աստվածածին: Տիրամոր Վերափոխման տոնը Ղպտի  ուղղափառ  եկեղեցին կատարում է օգոստոսի 22-ին:

 

 

Խորհուրդները և ծեսերը:

Ղպտի ուղղափառ եկեղեցու խորհուրդները յոթն են.

1.   Մկրտություն,

2.   Դրոշմ (կատարվում է Մկրտությունից անմիջապես հետո),

3.   Հաղորդություն (բնորոշ է, որ դրանից հետո ղպտի հավատացյալը ո՛չ երկրպագում է, ո՛չ ծնրադրում, ո՛չ էլ խոնարհվում, որովհետև իր մեջ կրում է Քրիստոսին),

4.   Խոստովանություն և Ապաշխարություն (Ղպտի  ուղղափառ  եկեղեցում խոստովանությունը կոչվում է հոգևոր բժշկություն, իսկ խոստովա­նահայ­րը՝ հոգևոր բժիշկ),

5.   Օծում (Ավագ ուրբաթ օրը, ծեսի ավարտից հետո հավատաց­յա­լին օծում է պաշտոնակատար քահանան),

6.   Պսակ,

7.   Ձեռնադրություն: Առաջին վեց խորհուրդ­ները կատարում են եպիսկոպոսները և քահանաները, իսկ յոթերորդը՝ միայն եպիսկո­պոս­ները:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցու ծեսի և արարողությունների մեջ կենտրոնական տեղ է գրավում Պատարագը: Կիրառվում են Կյուրեղյան (ավանդել է Մարկոս ավետարանիչը, գրի առել ու ամբողջացրել Կյուրեղ Ալեքսանդրացին), Գրիգորյան (գրել է Գրիգոր Նազիանզացին 4-րդ դարի վերջին), Բարսեղյան (գրել է Բարսեղ Կեսարացին 4-րդ դարի վերջին) պատարագները: Բարսեղյանը Ղպտի  ուղղափառ  եկեղեցում ամենահաճախ կատարվող պատարագն է: Ղպտի  ուղղափառ  եկեղեցում ընդունված է պատարագ մատուցել հավատացյալների պատվերով՝ ընտանիքի որևէ մահացած անդամի անվան հիշատակության նպատակով: Պատարագ կարող է մատուցվել նաև հարս ու փեսայի համար՝ նախքան նրանց պսակադրությունը, նաև նրանց համար, ովքեր պատրաստվում են վիրահատվել, մեկնել երկարատև ճամփորդության, նոր աշխատանքի անցնել ևայլն: Նման պատարագները կոչվում են՝ մասնավոր:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցում կատարվող արարողություններից են նաև «Յոթ կանոն ժամերը», որ կատարել են անապատական հայրերը 3-րդ դարից սկսած: Կարգը բաղկացած է յոթ ժամերգությունից, որոնք կատարվում են օրվա որոշակի ժամերին: Դրանցից յուրաքանչյուրն սկսվում է Տերունական աղոթքով, գոհության աղոթքով և ԾԱ սաղմոսով: Ղպտի  ուղղափառ  եկեղեցու պահքերն են.

1.     Գալստյան պահքը, որը նախորդում է Սուրբ Ծնունդին (տևում է 43 օր),

2.     Մեծ պահքը (55 օր),

3.     Երեք օր՝ ի հիշատակ Նինվեի ապաշխարության (Հովնան 3.5–10),

4.     Հոգեգալստին հետևող պահք, որը կոչվում է Առաքյալների պահք: Այս պահքը շարժական է՝ կապված սուրբ Զատկի օրից.

5.     Սուրբ Կույսի պահք, որն ավարտվում է Տիրամոր Վերափոխմամբ և տևում 15 օր: Պահքի օրեր են նաև տարվա բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերը (բացառությամբ Զատկի և Հոգեգալուստի միջև ընկած հիսուն օրերի):

Ղպտի ուղղափառ  եկեղեցու կարևոր ծեսերից է Կիակը: Այսպես է կոչվում ղպտիների այն ամիսը, որը վերջանում է հունվարի 8-ին: Ղպտի  ուղղափառ  եկեղեցու հաշվարկով Սուրբ Ծնունդը եղել է Կիակի 29-ին: Այս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր երգվում են աղոթքներ, որոնք հիմնականում նվիրված են Մարիամ Աստվածածնի մեծարմանը: 12-րդ դարին ղպտիերենը դադարել է խոսակցական լեզու լինելուց, ղպտիները դարձել են արաբախոս: Ղպտիերենը մնացել է իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու: Այնուհանդերձ, ընդհուպ մինչև 18-րդ դար, ղպտիերենով գրվել են եկեղեցական հիմներ: Ղպտիական գրականությունը սկզբնավորվել է Եգիպտոսում քրիստոնեության տարածման հետ և հիմնականում զարգացել վանքերում: Ղպտիական առաջին գրավոր հուշարձանները եղել են Հին և Նոր կտակարանների, քրիստոնեական աստվածաբանների երկերի թարգմանությունները հունարենից: Ղպտիերենով ստեղծվել է վարքագրական հարուստ գրականություն: Լայն ճանաչում են ունեցել ճգնավորների մասին առասպելները:

Ուշ միջնադարում երևան են եկել նաև քերական գրողներ, վանքերի և եկեղեցիների պատ­մութ­յունը արձանագրողներ, որոնց թվում՝ Աբու Սալիհ անունով հայազգի պատմիչը:

Ղպտիերենով պահպանված գրականության մեջ մեծ հետաքրքրություն են ներկայացնում պա­րա­կա­նոն գրքերը. «Ավետարան Թովմայի», Հովհաննես առաքյալի «Ավետարան առ Եգիպտացիս», «Հայտնություն Պողոս առաքյալի», «Գործք Պետրոս առաքյալի» ևայլն:

 

 

Ճարտարապետությունը և արվեստը:

Եկեղեցական ճարտարապետության հիմնական ոճը բազիլիկն է, իսկ սկզբնապես, քրիստոնեության վաղ շրջանում, հեթանոսական տաճարներն էին վերափոխում եկեղեցիների: Ճարտարապետական կոթողները (եկեղեցիներ, վանքեր, դամբարաններ ևայլն) սփռված են ողջ Եգիպտոսում՝ Կահիրե, Ալեքսանդրիա, Նեղոս գետի հովիտներ: Պահպանվել են Բաուիտի վանքը (4-րդ դար), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440 թ.), Կարմիր վանքը (5-րդ դար), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (46 դդ.): Ճարտարապետական կոթողներում առկա են աստվածաշնչյան և ավետարանական թեմաներով վաղ շրջանի որմնան­կար­ներ: Ղպտիների արվեստը նոր ծաղկում է ապրել 17-րդ դարին: Ղպտիական եկեղեցիներում պահպան­վել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը հայազգի Հովհան­նեսն է (Հաննա էլ Արմանի) և նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), արաբ նկարիչ Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը:

 

 

 

Ուսումնական հաստատությունները:

Ղպտի  ուղղափառ  եկեղեցու նշանավոր ուսումնական հաս­տա­տություններից են Աստվածաբանական ճեմարանը, որը վերաբացվել է Կյուրեղ Ե պատ­րիարքի ջանքերով, և Ղպտիական հետազոտությունների բարձրագույն ինստիտուտը (1954): Աստվա­ծաբանական ճեմարանի մի ճյուղն է Դիդիմուսի դպրանոցը, որտեղ ուսանում են դպիրները: Հին Կահիրեի երկու ամենահին և նշանավոր եկեղեցիների՝ Օրհնյալ Կույսի և Աբու Սերգանի միջև է գտնվում Ղպտիական թանգարանը՝ իր հարուստ գրադարանով: Գրադարան ունեն նաև վանքերը և կուսանոցները: Միջազգային  հռչակ ունի “La Societe de l’Archeologie Copte” ընկերությունը (1932), որն զբաղվում է գրքերի հրատարակությամբ, գիտաժողովների կազմա­կերպ­մամբ: Կյուրեղ Ե պատրիարքի ժամանակներից Ղպտի  ուղղափառ  եկեղեցում գործել են կիրակ­նօրյա դպրոցներ, որոնք այժմ տարածված են Ալեքսանդրիայից մինչև Ասուան՝ ընդգրկելով նաև գյուղերը: Դրանք հայտնի են որպես հոգևոր կրթարաններ և գործում են ուրբաթ ու կիրակի օրերին:

     

 

Գրականության ցանկ՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

Միքայելյան Ն., Նկարիչ Հովհաննես Երուսաղեմացին Եգիպտոսում, ՊԲՀ, 1967, դ 2–3:

Այրիս Էլմըսրի, Ղպտի եկեղեցի, «Գանձասար», 6, 1996, էջ 587–615:

Ղպտի ուղղափառ եկեղեցի, «Էջմիածին», 1999, դ 4:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am