ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ. Գրիգոր Մագիստրոս Բջնեցի (մոտ 990–1058), գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ: Սպարապետ Վասակ Պահլավունու որդին: Կրթվել է Անիի դպրոցում, այնուհետև՝ Կ. Պոլսում: Հորեղբոր՝ սպարապետ Վահրամ Պահլավունու և նրա կուսակիցների հետ պայքարել է ներքին և արտաքին թշնամիների դեմ, նպաստել Բագրատունիների գահի ամրապնդմանը: 1045-ին Կ. Պոլսում Կոստանդին կայսրի կողմից Գագիկ Բ-ի ուխտադրժորեն ձերբակալվելուց հետո, կանխազգալով հայկական թագավորության անկումը, իր տիրույթները հանձնել է Բյուզանդիային և փոխարենը կալվածքներ ստացել հարավային Հայաստանում ու Միջագետքում: Բյուզանդական կայսրը նրան շնորհել է մագիստրոսի տիտղոս, 1048-ին նշանակել հարավային Հայաստանի և Միջագետքի կուսակալ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գլխավորած ռազմական ուժերը հաշվեհարդար են տեսել թոնդրակեցիների հետ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, սակայն, նշում է, որ, ի տարբերություն նախորդ աղանդահալած իշխանների և կաթողիկոսների, ինքը մեղմ է վարվել, թույլ չի տվել, որ զինվորները խոշտանգեն աղանդավորներին, սպանեն կամ աղվեսադրոշմով խարանեն նրանց: Լինելով բարձրաստիճան բյուզանդական պաշտոնյա՝ շարունակել է սերտ կապեր պահպանել հայ իրականության հետ, նշանակալից դեր խաղացել Հայաստանի հասարակական և մտավոր կյանքում:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունին եղել է ժամանակի ամենակրթված մարդկանցից, զգալի հետք թողել միջնադարյան հայ մշակույթի պատմության մեջ, նպաստել գիտության և գրականության զարգացմանը: Հիմնել է բարձրագույն տիպի սեփական դպրոց-ճեմարան, դասավանդել ճարտասանություն, փիլիսոփայություն, քերականություն, մաթեմատիկա և այլն: Ծավալել է շինարարական գործունեություն (կառուցել է Բջնիի Ս. Աստվածածին վանքը, Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հավուց թառ վանքի Ս. Ամենափրկիչ եկեղեցին և այլն): Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ միջնադարյան Հայաստանի միակ աշխարհական փիլիսոփայի աշխարհայացքն ու գիտական հետաքրքրություններն արտահայտվել են իր բազմաթիվ նամակներում՝ «Թղթերում» (հրատարակված 1910): Գրել է նաև «Մեկնութիւն քերականին» քերականա-գիտական երկը [հրատարակած է Խաչերյան Լ., «Գրիգոր Պահլավունի Մագիստրոս (985–1058 թթ.). Կյանքն ու գործունեությունը» գրքում, 1987], չափածո ստեղծագործություններ (հրատարակած է «Տաղասացութիւնք», 1868), որոնցից ամենանշանավորը «Առ Մանուչե» («Հազարտողեան») պոեմն է՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը: Պոեմը բաղկացած է 1016 տողից, որից վերջին 116-ը հեղինակը նվիրել է հայոց եկեղեցական պատմությանը՝ Գրիգոր Ա Լուսավորչից մինչև հայերեն գրերի գյուտն ու թարգմանիչները: Նամակներից պարզվում է, որ թարգմանել և ծրագրել է թարգմանել հույն և ասորի հեղինակների երկեր, որոնցից պահպանվել է միայն Էվկլիդեսի «Սկզբունքների» մի հատվածի թարգմանությունը: Ունեցել է հետաքրքրասիրությունների լայն շրջանակ՝ հին հունական և հայկական դիցաբանություն, փիլիսոփայություն ու աստվածաբանություն, ճշգրիտ գիտություններ, պատմություն, գրականություն, արվեստ: Ըստ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝ կրթությունը պետք է սկսել Աստվածաշնչի ընթերցանությամբ, այնուհ ետև ուսումնասիրել դիցաբանություն, գեղեցիկ հատվածներ սերտել«հոմերական և պղատոնական» երկերից, քանզի դրանք նախապատրաստությունն են «յոթ ազատ արվեստների» ուսումնասիրության, որի առաջին փուլին՝ «եռյակ» գիտություններին (քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն), հաջորդում է ճշգրիտ գիտությունների «քառյակը» (թվաբանություն, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն):
Վերջիններս բաղկացուցիչ մասերն են մաթեմատիկայի, որը բնագիտությունից (ֆիզիկա) բնազանցությանը (մետաֆիզիկա) անցնելու անհրաժեշտ աստիճանն է: Գրիգոր Մագիստրոս Պահլավունի, զարգացնելով Դավիթ Անհաղթի նորպլատոնականությունը, հակվել է դեպի ռացիոնալիզմը և բնափիլիսոփայությունը: Կարևոր նշանակություն է տվել բնագիտությանը և մաթեմատիկային, որոնք նախապատրաստում են մարդկային միտքը «բնությունիցվեր գտնվող» գերագույն գոյի՝ Աստծո ճանաչման համար: Ընդունել է Աստծո գոյության տիեզերաբան. ապացույցը. բնության՝ որպես Աստծո ստեղծագործության ճանաչումով կարելի է ըմբռնել նրա Արարչի էությունը:
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու աշխատություններում ուշագրավ մտքեր կան կենսաբանության, բժշկագիտության, տիեզերագիտության, երաժշտության տեսության, գեղագիտության և այլնի վերաբերյալ: Գրիգոր Մագիստրոս Պահլավունի հայտնի է նաև որպես շարականագիր և տաղասաց: Նա պատկանում է այն սակավաթիվ աշխարհիկ հեղինակների թվին, որոնց հոգևոր երգերը եկեղեցին կանոնացրել է և ներմուծել Շարակնոցի մեջ: Ըստ Գրիգոր Տաթևացու շարականագիրների ցուցակի, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գրչին է պատկանում Խաչի նավակատյաց Ե օրվա «Զորս ըստ պատկերի քում» շարականը, իսկ Հակոբ Սսեցին իր ցուցակում այդ շարականին ավելացնում է նաև նույն կանոնակարգի Դ օրվա «Խաչն կենարար» օրհնությունը:
Մի շարք ձեռագիր Գանձարաններում զետեղված է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու «Կարապետ սուրբ հաւատոյ» սկզբնատող ունեցող խազագրված տաղը՝ նվիրված Հովհաննես Մկրտչին: Մի Հայսմավուրքում Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գերեզմանը մատնանշված է Դարույնքում (այժմ՝ Հասանկալա):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am