Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Իրաքի թեմ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու

ԻՐԱՔԻ ԹԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ. կազմավորվել է 1944-ին (մինչ այդ եղել է Իրանա-Հնդկաստանի թեմի կազմում): Առաջնորդանիստը՝ Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Իրաքի թեմի տարածքում ներկայումս (2001) գործում են 8 առաքելական եկեղեցիներ: Բաղդադում հայերը բնակություն են հաստատել քաղաքի հիմնադրումից ի վեր (762): 14-րդ դարին համայնքն ունեցել է հոգևոր առաջնորդ: 1638-ին Բաղդադը գրավվել է օսմանյան բանակի հայ թնդանոթաձիգ Գոգ Նազարի (Գևորգ Նազարյան) ձուլած թնդանոթի շնորհիվ: Այդ ծառայության դիմաց Նազարը սուլթանից հողամաս է խնդրել հայերի համար: Սուլթանի հրամանով Բաղդադում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու և գերեզմանատան համար: 1640-ին (այլ տվյալներով՝ 1639-ին) կառուցվել է Իրաքի առաջին հայկական եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը: Տարբեր քրիստոնյա համայնքներ, այդ թվում և նեստորականները, պաշտամունքի վայր չունենալով, հոգևոր ծիսական արարողություններ են կատարել այդ եկեղեցում: Հետագայում նեստորականները, օգտվելով հայերի սակավաթվությունից, գրավել են եկեղեցին (շուրջ մեկ դար): 1750-ական թվականերուն Հայերը դատարանի որոշմամբ, եկեղեցու ձախակողմյան որմի հայկական արձանագրության հաստատումով, հետ են վերցրել եկեղեցին: Այն հիմնովին վերակառուցվել է 1968–71-ին (բարերարությամբ՝ Արամ Ղարիբյանի), օծվել 1971-ին՝ ձեռամբ թեմի առաջնորդ Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի: Եկեղեցու շրջակայքը ցայսօր կոչվում է Կեոք Նազար: Այն ուխտատեղի է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար:

1847-ին Բաղդադի թեմն անջատվել է (որոշ ժամանակաշրջան) Իրանա-Հնդկաստանի թեմից և անցել Կ. Պոլսի հայոց պատրիարքության գերակայության տակ: 1852-ին Բաղդադի թեմի անդրանիկ առաջնորդ Մեսրոպ ծայրագույն վարդապետ Պոլսեցու նախաձեռնությամբ քաղաքի Շորճա թաղամասում կառուցվել է Սուրբ Երրորդություն առաջնորդանիստ եկեղեցին (1957-ից չի գործում): 1876-ին բացվել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, 1922-ին՝ Սվաճյան դպրոցը, 1948-ին այդ երկուսը միացել են և կոչվել Սրբոց Թարգմանչաց Սվաճյան ազգային միացյալ վարժարան: Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1954-ին, օծումը՝ 1957-ին: 1972-ին Բաղդադի Մելինե Դանիել Իսքենտերյան ազգային ծերանոցի տարածքում կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցին (օծվել է 1973-ին): Կից գործում են քահանաների պատրաստության (քառամյա), ինչպես նաև Հայ եկեղեցասիրաց կազմի Սուրբ Գրոց և Հայ եկեղեցու պատմության դասընթացներ: Բաղդադի հայոց գերեզմանատան տարածքում 1986-ին կառուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցին (1990-ին օծել է թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը): Բասրայում դեռևս 1222-ին (քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով) հիմնվել է հայոց հոգևոր թեմ: 1736-ին քաղաքի Հին Բասրա թաղամասում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (օծվել է 1754-ին): Կից գործել է դպրոց: 1920-ին եկեղեցու տարածքում բացվել է Հայ ազգային վարժարանը: Բասրայի հայկական գերեզմանատանը 1973-ին կառուցվել է Սուրբ Հովհաննես Կարապետ մատուռը (1973-ին օծել է Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանը): Մոսուլում 1857-ին կառուցվել է Սուրբ Էջմիածին եկեղեցին, որը մեկ դար հետո ավերվել է: 1968-ին նույն վայրում կառուցվել է ավելի ընդարձակ նույնանուն եկեղեցի (օծվել է 1969-ին), կից բացվել կիրակնօրյա դպրոց և դպրաց դաս: Կիրկուկի Ղորիա կոչվող հայաշատ թաղամասում 1932-ին կառուցվել է առաջին հողակերտ աղոթատեղին, որին կից 1952-ին հիմնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (վեմը օծվել է 1956-ին, նորոգվել 1997–98-ին, եկեղեցին և Սուրբ Սեղանը օծվել են 1998-ին): Ժամանակի ընթացքում այդ թաղամասում հայերի թիվը նվազել է: Գալուստ Կյուլպենկյան հաստատությունը նորաշեն և արդիական Ալմաս թաղամասում հայ համայնքի համար գնել է հողամաս, որտեղ կառուցվել են դպրոց, քահանայի բնակարան, մարզական ակումբ: Զախոյում 1926-ին կառուցվել է աղոթատեղի (կանգուն է, բայց չի գործում): 1935-ին հիմվել է առաջին հողաշեն եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը: 1969-ին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության բարերարությամբ (օծվել է 1970-ին): Իրաքահայ համայնքի ազգային կյանքը ղեկավարում են Հայոց առաջնորդարանը և Ազգային կենտրոնական վարչությունը (7 հոգուց բաղկացած), որոնց կից գործում են կրթական ազգային կալվածքները վերահսկող եկեղեցական հանձնաժողովներ: 1990-ից լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը: Իրաքի թեմի առաջնորդն է Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը (1994-ից):




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am