ԻՐԱՆԱ-ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԹԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ. կազմավորվել է 17-րդ դարի սկզբին: Առաջնորդանիստը՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք: Իրանահայության հնագույն թեմերից է: Ընդգրկել է Իրանի ամբողջ տարածքը, բացառությամբ Ատրպատականի թեմի տարածքի: Նրա գերակայության տակ են գտնվել նաև Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (տես Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն), Իրաքի հայ համայնքները: 1944-ին նրանից անջատվել են Թեհրանի և Իրաքի թեմերը, իսկ 1958-ին՝ Հնդկաստանն ու Ծայրագույն Արևելքը, սակայն ին Իրանա Հնդկաստանի թեմը շարունակել է պաշտոնապես կոչվել Իրանա-Հնդկաստանի թեմ: 1958-ին թեմն անջատվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և անցել Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո՝ պահելով թեմի անվանումը մինչև 1960-ը, ապա կոչվել է Սպահանի և Հարավային Իրանի թեմ, 1995-ից՝ Սպահանի թեմ: 1604-ին շահ Աբբաս 1-ը, ռազմավարարական և տնտեսական նպատակներով Հայաստանից մեծ թվով հայեր բռնագաղթեցնելով Պարսկաստան, նրանց բնակեցրել է երկրի հյուսիս և կենտրոնական շրջաններում, գլխավորապես՝ մայրաքաղաք Սպահանում և շրջակայքում: Գաղթականության հետ կամավոր գնացել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցին, նրան ուղեկցել է Մայր աթոռի միաբան Մովսես եպիսկոպոսը: Սպահանի նահանգ գաղթած Ջուղայի հայերը 17-րդ դարին սկզբին հիմնել են Նոր Ջուղան, որն իր հոգևոր, տնտեսական և մշակութային կյանքով մեծ դեր է կատարել թեմի կյանքում: Անդրանիկ առաջնորդ է նշանակվել Մովսես եպիսկոպոսը (1605–20): Կառուցվել են Սուրբ Հակոբ (1607), Սուրբ Գևորգ (1611), Սուրբ Աստվածածին (1613), Սուրբ Ստեփանոս (1614) եկեղեցիները: Թեմի առաջնորդ Դավիթ եպիսկոպոսի ջանքերով 1655-ին կառուցվել է առաջնորդանիստ Սուրբ Ամենափրկիչ վանքը: Իրանա Հնդկաստանի թեմի աշխարհիկ կառավարիչներն ընտըրվել են համայնքի ազդեցիկ հայ ընտանիքներից: Հոգևոր առաջնորդներն ընտրությունից հետո հաստատվել են Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով: Կազմվել է Նոր Ջուղայի համայնական խորհուրդ, որը թեմի գերագույն խորհրդի և թեմակալ առաջնորդի հետ վարել է թեմի ներքին գործերը: Թեմի իրավասության տակ էր Նոր Ջուղա, Շիրազ, Բուշեր, Թեհրան, Համադան, Ռեշտ, Էնզելի քաղաքների և 8 գավառների 74 գյուղերի հայ բնակչությունը: Նրանք, օգտվելով շահ Աբբաս 1-ի հանդուրժողական քաղաքականությունից, կարճ ժամանակամիջոցում հայաբնակ քաղաքներում և գյուղերում կառուցել են 70–80 եկեղեցի: Շահը, հայերի վերադարձը կանխելու նպատակով, 1614-ին Հայաստանից տարել է Լուսավորչի Աջը, այլ սրբություններ, 1615-ին՝ Մայր տաճարից 15 «նշանավոր քարեր»՝ Նոր Ջուղայում նոր Էջմիածին կառուցելու համար: Այդ քարերն առ այսօր պահվում են Նոր Ջուղայի մոտ 1611-ին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում: Իրանա Հնդկաստանի թեմի ծաղկուն շրջանը համարվել է 17-րդ դարին.: Թեմի առաջնորդ Խաչատուր վարապեդ Կեսարացու (1620–46) նախաձեռնությամբ թեմում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը (1621), Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ Սուրբ Կատարինե մենաստանը (1623), Սուրբ Բեթղեհեմը (1628), Սուրբ Նիկողայոսը (1630), Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1633) և այլն: Խաչատուր Կեսարացին Սուրբ Ամենափրկիչ վանքում հիմնել է դպրոց (1630), որը ժամանակակիցները կոչել են «համալսարան»: Այդ դպրոցում են ուսանել կրոնական և ազգային գործիչներ Փիլիպոս եպիսկոպոսը (1633–55-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցի), Հակոբ եպիսկոպոսը (1655–80-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի), Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցը, Հովհաննես Մրքուզը: Նրանք նպաստել են թեմի կրթական, մշակութային կյանքի զարգացմանը, պայքարել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քարոզիչների դեմ (հիսուսյաններ, դոմինիկյաններ ևայլն): 17-րդ դարի 2-րդ կեսից Արևելքում գործող Հռոմյական եկեղեցու հավատքի տարածման այս միաբանները փորձել են (շուրջ երկու դար) հայերին դավանափոխել: Նրանց հաջողվել է կառավարական հատուկ արտոնագրով Նոր Ջուղայում, Սպահանում իրենց վանքն ու դպրոցն ունենալ: Կաթոլիկ քարոզիչների դեմ առաջին պայքարը կազմակերպել և գլխավորել է Խաչատուր Կեսարացին: Նա 1636-ին առաջնորդարանին կից հիմնել է Արևելքի առաջին և ցայսօր գործող տպարանը, որտեղ տպագրվել են դավանաբանական և հայրենասիրական բնույթի գրքեր: Երկու դարերի ընթացքում կաթոլիկ միաբանությունները, որևէ էական հաջողության չհասնելով, 21-րդ դարին կեսից դադարեցրել են իրենց քարոզչական գործունեությունը Իրանա Հնդկաստանի թեմում: Իրանա Հնդկաստանի թեմի առաջնորդներ են եղել Դավիթ եպիսկոպոսը (1652–83), Ստեփանոս եպիսկոպոսը (1684–95), Աղեքսանդր Ջուղայեցին (1699–1706, 1706–14-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցի), Մովսես Ջուղայեցին (1706–25): 17-րդ դարին սկզբից թեմը ծանր ժամանակաշրջան է ապրել: Պարսից խաներն ու պետական պաշտոնյաները զենքի ուժով կողոպտել են հայերին, իսկ 1722-ին աֆղանների արշավանքը դեպի Պարսկաստան ոչ միայն հիմնահատակ քանդել է Նոր Ջուղան, այլև կասեցրել թեմի հոգևոր ու մշակութային կյանքի առաջընթացը: Պարսկաստանի ներքին քաղաքական և տնտեսական անկայուն վիճակը, քրիստոնյաների ֆիզիկական անապահով կացությունն Իրանա Հնդկաստանի թեմի հայությանը մղել են զանգվածային արտագաղթի: 1851–59-ին թեմի առաջնորդ է նշանակվել Թադեոս եպիսկոպոս Բեկնազարյանը: Նա մարել է առաջնորդարանի նախկին պարտքերը, ձեռնարկել տնտեսական, ազգային, եկեղեցական բարենորոգչական աշխատանքներ: Թադեոս եպիսկոպոսի ջանքերով նվազեցվել է հայ համայնքից գանձվող հարկերի չափը: Բացվել են դպրոցներ՝ Սուրբ Կատարինյան (հիմնադրության՝ 1858-ին, Սուրբ Կատարինե մենասնափրկիչ, 1840-ից՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում) ևայլն: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է Ազգային կենտրոնական դպրոց: Այնուհետև՝ 1899-ին հիմնվել է Քանանյան ազգային դպրոցը: Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը (1901–09) Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում կառուցել է ձեռագրատան նոր շենք (1906), որտեղ պահվում են շուրջ 750 գրչագիր ձեռագրեր, տպագիր գրքեր: 1904–08-ին նրա խմբագրությամբ հրատարակվել է առաջնորդարանի «Նոր Ջուղայի լրաբեր» ամսաթերթը: Ժամանակ առ ժամանակ տպագրվել են ձեռագիր կամ մեքենագիր թերթեր: 1945–52-ին Իրանա Հնդկաստանի թեմի առաջնորդն էր Վահան եպիսկոպոս Կոստանյանը: 1952–61-ին թեմը կառավարել է թեմական խորհուրդը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am