ԿԱԹՈԼԻԿՈՒԹՅՈՒՆ. (հունարեն Καvθολικοvτητα – ընդհանրականություն), քրիստոնեության հիմնական ուղղություններից: Կաթոլիկության սաղմերը երևան են եկել դեռևս 4-րդ դարում, երբ Արևմուտքի միակ՝ Հռոմի աթոռը, որի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկելով Արևմուտքի եկեղեցիները, ձգտել է Արևելքում ևս տարածել իր գերիշխանությունը: Արևմուտքում ձեռք բերելով գերիշխող դիրք և հեղինակություն՝ Հռոմի աթոռը սկսել է իրեն բարձր դասել տիեզերական մյուս աթոռներից (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ) և միջամտել Արևելքի եկեղեցական գործերին: 451-ի Քաղկեդոնի ժողովը և քրիստոնյա Արևելքին պարտադրած դավանական նորամուծությունն Արևելքում գերիշխանության հասնելու Հռոմի աթոռի դրսևորումներից էր, որը հանգեցրել է Ընդհանրական եկեղեցու պառակտման (տե՛ս Արևելյան ուղղափառ եկեղեցիներ): Քաղկեդոնի ժողովից հետո, մինչև 518-ը, երբ բյուզանդական կայսր Հուստինոս Ա Քաղկեդոնի հանգանակը հռչակել է պաշտոնական դավանանք, Արևմուտքն ու Արևելքը կրոնական վեճերի մեջ էին, և փաստորեն Հույն և Հռոմի եկեղեցիներն այդ շրջանում բաժանված էին: Հակասություններն ավելի են սրվել 7–9 դարերին: Հռոմի նկրտումներն ավելի ցայտուն են դարձել 9-րդ դարից, երբ ձևավորվել է պապականությունը, նրա վարչական և գաղափարական հիմքերը: Հռոմը կարողացել է ձեռք բերել նաև քաղաքական իշխանություն, և 756-ին ստեղծվել է կրոնապետություն՝ Պապական մարզը: Հռոմի պապերի նկրտումներն Արևելքի նկատմամբ հանդիպել են Կ. Պոլսի պատրիարքների (Փոտ, Նիկողայոս Միստիկոս, Միքայել Կերուլարիոս) հակազդեցությանը: 867-ին Կ. Պոլսի ժողովում Հույն եկեղեցին խզել է իր կապերը Հռոմի եկեղեցուց: Այդ խզումը շարունակվել է որոշ ընդհատումներով և իր վերջնակետին հասել 1054-ին, երբ Հռոմն ու Կ. Պոլիսը փոխադարձաբար նզովել են միմյանց և վերջնականապես բաժանվել:

Բաժանման դավանական առիթը Արևմուտքի ընդունած «և Որդւոյ» (Filioque) վարդապետությունն էր, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է Հորից և Որդուց: Դրանով քրիստեական եկեղեցում առաջացել է նոր բաժանում՝ արևմտյան կաթոլիկական և արևելյան երկաբնակ ուղղափառ (օրթոդոքս): Այդ ժամանակվանից էլ ձևավորվել է Կաթոլիկությունը որպես դավանանք և եկեղեցական կազմակերպություն: Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, 1929-ին ճանաչվել է առանձին պետություն: 8-րդ դարին ստեղծված Պապական մարզը մինչև 962-ը եղել է ֆրանսական Կարոլինգների թագավորության, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրության կազմում: 13-րդ դարին Պապական մարզը դարձել է կայսրերից անկախ, իսկ 1274-ին պաշտոնապես ճանաչվել ինքնիշխան պետություն: Պապությանը լուրջ հարված է հասցրել ֆրանսացի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը, որը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխել է Ավինյոն (1309–1377): Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով: 16–18-րդ դարերում Պապական մարզում հաստատվել է բացարձակապետություն, իսկ 19-րդ դարին մտել է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարել գոյություն ունենալուց:

11-րդ դարին Կաթոլիկ եկեղեցին ընդարձակել և ամրապնդել է իր դիրքերը, Հռոմի աթոռն իր շուրջն է համախմբել Արևմուտքի բոլոր եկեղեցիները: Արևմուտքում հաստատվել է Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատարությունը քաղաքական խնդիրներում: Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տարածվել Արևելք, ձեռնարկել է Խաչակրաց արշավանքներ (11–13-րդ դարերին), ստեղծել ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան ևն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին, ժողովրդական շարժումները հալածելու, ճնշելու և պատժելու համար 13-րդ դարին ստեղծել է ինկվիզիցիա (հավատաքննություն), պայքարել բողոքականության դեմ: Հռոմը փորձել է ամենատարբեր եղանակներով Կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության փորձերով, ապա՝ 14-րդ դարասկզբից բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով (տե՛ս նաև Միսիոներություն):

Արևելքում Հռոմի քաղաքականությունը հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած (Uniate) Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին: Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանական, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպականոնական յուրահատկություններով: Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ: Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի լրիվ տիտղոսն է՝ Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ: Համարվում է Պետրոս առաքյալի տեղապահ ժառանգորդը: Հատկանշական է պապի՝ որպես Տիեզերական եկեղեցու գլխի ընկալումը (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն հանձնել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իր հաջորդներին (իմա՝ պապերին), այստեղից էլ՝ պապը երկրի վրա Աստծո տեղապահը և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորն է: Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, հետևաբար՝ նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, անհնար է, որ մեղք կամ սխալ գործի (1869–70-ի Վատիկանի 1-ին ժողովն ընդունել է պապի անսխալականության դոգման): Պապին կից գործում են նրա վարչական հիմնարկների պաշտոնյաներից կազմված կուրիան և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է: Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ): Կոնկլավը սահմանվել է Լիոնի 2-րդ ժողովում (1274): Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով:

Կարդինալի տիտղոսը շնորհում է պապը: 1059-ին և 1179-ին կարդինալներին է վերապահվել պապին ընտրելու իրավունքը, որը հետագայում վերածվել է միայն կարդինալների միջից պապ ընտրելու իրավունքի: Ուրբանոս Զ (1378–89) վերջին պապն էր, որ ընտրվել է ոչ կարդինալների թվից: Գոյություն ունի կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ: Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր: Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը: Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ): Պատրիարք, մետրոպոլիտ և արքեպիսկոպոս կոչումները դարձել են պատվանուններ և գործնական արժեք չունեն: Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը: Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են բոլոր կարգի կարդինալներից: Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ): Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են զինվոր-միաբանությունները, որոնց վանքերը թեմական իշխանություններին ստորադաս չեն և ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ): Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններԿաթոլիկության գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (4-5-րդ դարեր), Թովմա Աքվինացու (13-րդ դար) և այլոց ուսմունքներն են:

   Կաթոլիկության ընդունում է ինդուլգենցիան (մեղքերի քավության շնորհագիր) և քավարանի (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439-ին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը: Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեցական խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին ևն): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան (պաշտոնապես հաստատվել է Լատերանի 4-րդ ժողովում՝ 1215-ին), սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեցական պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իր ականացնողներ: Պսակը բոլոր դեպքերում անքակտելի է, ամուսնալուծությունը՝ անհնարՆույնպիսին է նաև հոգևորականի կարգաթողությունը, զանցառու կամ մեղավոր հոգևորականը միայն զրկվում է գործելու իրավունքից:

Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց (Քրիստոսի սրտի, մարմնի ևն) և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան (օրինակ, կաթոլիկ միաբանությունների հիմնադիրներ Իգնատիոս Լայոլա, Ֆրանկիսկոս Ասսիզցի, Դոմինիկոս Գուսման և այլք): Ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը (ընդունվել է 1854-ին): Ունի «տիեզերական» ժողովների սեփական ցանկ (թվով՝ 21): Ընդունում է երկաբնակությունը (տե՛ս Քաղկեդոնականություն) և Քաղկեդոնի ժողովի հանգանակը:

Կաթոլիկության տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի հիմնականում Եվրոպայում (հզոր է հատկապես Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատինական և Կենտրոնական Ամերիկայում: Եռանդուն միսիոներական գործունեության շնորհիվ բավական տարածված է նաև Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում:

ԿԱԹՈՂԻԿԵ. 1. աթոռանիստ եկեղեցի, մայր եկեղեցի: Այդ անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: 2. Հայկական ճարտարապետությանը բնորոշ՝ բարձր թմբուկով և սրածայր վեղարով գմբեթ: Հայաստանում մայր եկեղեցիները գմբեթավոր են եղել, և նրանց օրինակով Կ. են կոչել նաև գմբեթ ունեցող եկեղեցիներն ընդհանրապես: Գմբեթի Կաթողիկե անվանումը աստվածաբանության մեջ համարվել է եկեղեցու հոգևոր ընդհանրականության տեսանելի խորհրդապատկերը:

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am