Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչատուր Տարոնացի

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑԻ, Հաղարծնեցի. ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: Երաժիշտ, բանաստեղծ, գիտնական: Ապրել և ստեղծագործել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանում: Լինելով

իր ժամանակի նշանավոր երաժիշտ վարդապետներից մեկը՝ ստանձնել է Հաղարծնի վանքի առաջնորդությունը, նպաստել վանքի հոգևոր բարենորոգմանը, որտեղ նոր մակարդակի է բարձրացրել պաշտոներգության կատարումը: Խաչատուր Տարոնացու գործունեությունը նշանավորվել է միջնադարյան մասնագիտացված երաժշտության մի շարք բնագավառներում: Վարդան Արևելցու, Հովհաննես Երզնկացու Պլուզի հետ  Խաչատուր Տարոնացին կիլիկյան հայկական երաժշտական մշակույթի հարուստ ձեռքբերումները Հայաստանի տարբեր շրջաններում տարածող և արմատավորող հեղինակներից էր: Որպես նշանավոր խազագետ-գիտնական հենվել է Կիլիկիայում խմբագրված խազագիր երգարանների վրա և Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Հաղպատում, զարգացրել խազագրության արվեստը:

Խաչատուր Տարոնացին հայ միջնադարյան հոգևոր երգաստեղծության նշանավոր հեղինակներից է: Ստեղծել է գանձեր և զարգացած մեղեդիական նկարագիր ունեցող տաղատիպ շարականներ: Դրանցից իր երաժշտական հնչեղությամբ պահպանվել և մեզ է հասել հայոց Պատարագի նախերգը՝ զգեստավորման «Խորհուրդ խորին» շարականը («Յոյժ ծանր» նշումով տարբերակը), որը հայ հոգևոր երգաստեղծության բարձրարվեստ նմուշներից է: Այս շարականի ստեղծման առիթը եղել է 13-րդ դարի սկզբին Զաքարե Բ Մեծ իշխանի հրամանով (Լոռու մոտերքում) կատարված բացօթյա հանդիսավոր Պատարագը, որի մատուցման ժամանակ Խաչատուր Տարոնացին երգել է այն:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am