Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչատուրյան Գարեգին

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ. ավազանի անունը՝ Խաչիկ, ծնվել է 1880-ին, Տրապիզոն, մահացել է 1961-ին, Կ. Պոլիս, հանգչում է Շիշլիի գերեզմանատանը: Կ. Պոլսի հայոց պատրիարք 1951–61-ին (1901-ին՝ աբեղա, 1922-ին՝ եպիսկոպոս): Սովորել է Կ. Պոլսի Ազգային, այնուհետև՝ Մխիթարյան, 1896-ին՝ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Ավարտել է Արմաշի դպրեվանքը 1901-ին: Հոգևոր և ուսուցչական պաշտոններ է վարել Պոլսի Արմաշի դպրեվանքում:

Առաջին աշխարհամարտի տարիներին դասավանդել է Հալեպի և Երուսաղեմի վարժարաններում: 1921-ին ընտրվել է Տրապիզոնի հայոց հոգևոր առաջնորդ: 1928–35-ին Կալիֆոռնիայում ծավալել է գրական-քարոզչական աշխատանք: Գործել է իբրև հայրապետական պատվիրակ. 1935–38-ին՝ Հարավային Ֆրանսիայում, 1938–50-ին՝ Հարավային Ամերիկայում:

Հայ եկեղեցու նվիրյալ հոգևորականներ պատրաստելու նպատակով Պոլսում բացել է Սուրբ Խաչ դպրեվանքը (1953), հիմնել ցարդ հրատարակվող «Շողակաթ» կրոնաբարոյական, պատմաբանասիրական, հայագիտական հանդեսը (1952-ից): Վերանորոգել ու ընդարձակել է Ֆերիքյոյի վարժարանն ու Սուրբ Վարդանանց եկեղեցին: Արք կրոնաբարոյական և ազգային բովանդակությամբ արձակ ու չափածո երկերի («Կրոնաբարոյական և ընկերային շողակաթումներ», [քարոզներ], 1925, «Աշխարհի լոյսն ի Հայսկամ Աւետարանին լոյսը Հայաստանեայց եկեղեցւոյ պրիսմակէն», հ. 1, 2, 1936, 1939, «Նարեկ» չափածո ողբերգություն, 1926):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am