ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ. Հիսուս Քրիստոսի չարչարանքները Գողգոթայի խաչի վրա և մահը՝ հանուն ադամական մեղքի քավության. մեղքի հատուցման Պատարագ, Աստծուն ընդունելի սուրբ զոհագործություն՝ մարդու փրկագործության համար: Պողոս առաքյալը գրում է. «Բայց այժմ, դարերի վախճանին, նա մեկ անգամ ընդմիշտ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար» (Եբր. 9.26):

Խաչելությամբ Հիսուսը հանձն առավ մարդկությանը վիճակված մեղքի պատիժը, քանդեց Աստծո և մարդու միջև եղած թշնամության պատը, մինչև մահ սուրբ պահեց Աստծո պատկերն ու անունը: Եվ քանի որ Հիսուսը գոհացրեց Աստծո սրբությունն ու արդարությունը՝ ի գին խաչելության Աստված հաճեցավ աշխարհ ուղարկել Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին:

Հիսուսի խաչելությունը և խաչելության դրվագները մարգարեացված էին: Սաղմոսում ասվում է. «Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ: Հագուստներս բաժանեցին իրար մեջ և պատմուճանիս վրա վիճակ գցեցին» (21.18–19):

Ըստ Եսայու մարգարեության՝ «Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան: Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (53.4–5): Մարգարեացված էին նաև Հիսուսի խաչելության մյուս մանրամասները:

Չորս Ավետարաններն էլ նկարագրում են Հիսուսի խաչելությունը, որը, ըստ սրբազան ավանդությունների ու մեկնությունների, կատարվել է Գողգոթայի ա՛յն տեղում, որտեղ թաղված է եղել Ադամը: Նա խաչ է բարձրացել ուրբաթ առավոտյան, Գ ժամին (ժամը իննին): Խաչելության ընթացքում կատարված իրադարձություններն ու Հիսուսի արտաբերած խոսքերը աստվածային խորհուրդներ են պարունակում. խաչելությայամբ իրականանում էին մեղսաքավության և Փրկագործության խորհուրդները: Այսպես. Հիսուսն իրեն խաչողների համար աղոթում է, թե՝ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23.34). դա ցույց է տալիս Աստծո սերն ու ողորմածությունը իր դեմ հանապազ մեղանչող և իր չար խորհուրդների մեջ Սուրբին ու Անարատին տանջող մարդու հանդեպ:

Խաչյալ Հիսուսին քացախ են մատուցում (ձողի ծայրին ամրացրած սպունգ՝ քացախի մեջ թաթախված), որը նա չի ճաշակում՝ նշանակ այն բանի, որ Փրկիչը կամեցավ միանգամայն գիտակից վիճակում խմել մահվան բաժակը և իր փրկագործական մահը կնքել անխառն ցավերով, որոնք նախատեսված էին (Մատթ. 27.48): Նրա երկու կողմերում խաչում են երկու ավազակների, որոնք խորհրդանշում են մարդկությանը. ձախակողմյանը Փրկչին մեղադրող («Դու չես Քրիստոսը. Փրկի՛ր ինքդ քեզ և մեզ», Ղուկ. 23.39), չապաշխարող մարդկությունն է, աջակողմյանը՝ Փրկչին Տեր և Թագավոր ընդունող, ուստի և՝ մաքրագործյալ մարդկությունն է, որին էլ Հիսուս Քրիստոսը տվեց իր խոստումը՝ «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.43):

Հիսուսի խաչափայտի վրա փակցնում են «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր» գրությունը (իբրև հանցապարտության բացատրություն) երեք լեզուներով՝ եբրայերեն, լատիներեն և հունարեն (Հովհ. 19.19–22): Սա, անկախ խաչողների կամքից, հավաստում էր, որ իսկապես Հիսուսն է հրեաների՝ Աստծո ժողովրդի կամ Նոր Իսրայելի թագավորը: Խաչի վրայից Հիսուսը հանձնարարում է իր մորը՝ որպես որդի ընդունել Հովհաննեսին (ավետարանչին և առաքյալին), իսկ նրան էլ՝ որպես մայր ընդունել Մարիամ Աստվածածնին (Հովհ. 19.26–27), ինչը նշանակում էր, թե Աստվածամայրն է բոլոր քրիստոնյաների մայրն ու բարեխոսը: Հիսուսին խաչ հանելուց հետո հռոմեացի զինվորները նրա զգեստները (խորհրդաբանորեն՝ Հիսուսի պարգևած շնորհները) բաժանում են միմյանց միջև, իսկ շրջանակի հյուսված, անկար պատմուճանի (խորհրդաբանորեն՝ Հիսուսի Եկեղեցու սիրո միության) վրա վիճակ են գցում:

Հիսուսի չարչարալից խաչելության ընթացքում, միջօրեին, արևը խավարում է հանկարծակի, և Տաճարի վարագույրը պատռվում է մեջտեղից Ղուկ. 23.44–45): Սուրբ հայրերը գտնում են, որ խավարումը եղել է ճիշտ այն ժամին, երբ «խավարել» է Ադամը դրախտում՝ լսելով օձից խաբված Եվային և ճաշակելով արգելյալ պտուղը:

Արեգակի խավարումը խորհրդանշում է Հիսուսի՝ «արդարության արեգակի» հեռանալն աշխարհից և աշխարհի խաբուսիկ փառքն ու լույսը, որը հրամցվել էր Ադամին սատանայի կողմից:

Վարագույրի պատռվելը խորհրդանշում է սրբության սրբոցի (երկինքների երկնքի) բացվելը Հիսուսի միջոցով: Հիսուսը Թ ժամին (ըստ հաշվարկների՝ ժամը 15-ին մերձ) աղաղակում է՝ «Էլի՜, Էլի՜, լամա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչու թողեցիր ինձ» (Մարկ. 15.34), որպես նշանակ մարգարեության կատարման (Սաղմ. 21.1):

Հովհաննեսի վկայությամբ՝ Հիսուսը խաչի վրա նաև ասում է՝ «Ծարավ եմ» (Հովհ. 19.28), ինչը խորհրդանշում է համայն մարդկության (որին այդ ժամանակ ներկայացնում էր Հիսուսը, քանի որ ողջ ադամական մեղքը վերցրել էր իր վրա) ծարավը՝ կենդանի Աստծո նկատմամբ, նոր էակ լինելու ծարավը: Մահից առաջ Հիսուսն աղաղակում է. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին»՝ ըստ Ղուկասի (Ղուկ. 23.46), իսկ ըստ Հովհաննեսի՝ ասում է. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19.30) և, գլուխը հակելով, ավանդում է հոգին: Խոսքը նշանակում էր, թե կատարված է Հայր Աստծո ծրագիրը. մահով խափանված է մահը, սատանան պարտված է, Աստված՝ սրբությամբ փառավորված, մարդը՝ Հիսուսով ազատագրված: Խաչի վրա մահացած Հիսուսի կողը խոցում են գեղարդով. դուրս է գալիս ջուր և արյուն. ջուրը մկրտությունն է (կամ մկրտված ժողովուրդները), արյունը՝ հաղորդությունը Սուրբ Հոգու հետ (փրկության, հավիտենական կյանքի ավետիսը):

Խաչելությունից հետո Հիսուսը թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք՝ բազմելով Հայր Աստծո աջ կողմը, որպես հավիտենական բարեխոս:

«Խաչելությունը» հայ մանրանկարչության տարածված պատկերագրական թեմաներից է:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am