ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑԻ. ծնվել է Անիում, ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 1065-ին, Թավբլուր (Երկրորդ Հայքում), ամփոփվել է Թավբլուրի վանքում: Ամենայն հայոց կաթողիկոս 1058-ից: Հաջորդել է Պետրոս Ա Գետադարձին, որի քրոջ որդին էր: Սովորել է Անիի դպրոցում: 1040-ական թվականների առաջին կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս: Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045) Բյուզանդական կայսրությունը փորձել է իրեն ենթարկել նաև Հայոց կաթողիկոսությունը, ինչը կհեշտացներ հայ ժողովրդին դավանափոխելու քաղաքականության իրագործումը: Այդ նպատակով 1046-ի վերջին1047-ի սկզբին Պետրոս Ա Գետադարձն ու Խաչիկ Բ Անեցին ձերբակալվել են, սակայն բռնությամբ հաջողության չհասնելով՝ բյուզանդական իշխողներն ապրիլի սկզբին արձակել են նրանց: Համոզվելով, որ բռնությունները կշարունակվեն նաև հետագայում՝ Պետրոս Ա Գետադարձը ապրիլի վերջին, Անիում Խաչիկ Բ Անեցուն կաթողիկոսական աստիճանով հայրապետական ձեռնադրություն է տվել և նշանակել տեղապահ, իսկ 1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ, կաթողիկոսական օծմամբ թողել փոխանորդ: Մահից առաջ Պետրոս Ա Գետադարձը Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում Խաչիկ Բ Անեցուն օծել է կաթողիկոս:

Բայց շուտով, կայսր Կոստանդին Դուկասի հրամանով Խաչիկ Բ Անեցի կալանվել է և մի քանի եպիսկոպոսների հետ 1059-ի սկզբին տարվել Կ. Պոլիս: Այնտեղ Խաչիկ Բ Անեցուն ենթարկել են բռնությունների, փորձել դավանափոխ անել, Հայոց կաթողիկոսությունը Հունաց պատրիարքին ենթարկել, Հայ եկեղեցին հարկատու դարձնել: Խաչիկ Բ Անեցին մնացել է անդրդվելի և մատնվել աքսորի: 1062-ին ազատվել է և հաստատվել Երկրորդ Հայքի Տարնտա գավառի Թավբլուրի վանքում:

Խաչիկ Բ Անեցու աթոռակալման վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը ենթարկվել է սելջուկյան նոր ասպատակությունների, որոնց ժամանակ էլ ավերվել է (1065-ի օգոստոս) Անիի կաթողիկոսարանը: Թեպետ իր աթոռակալության շրջանում  Խաչիկ Բ Անեցի երբեք Անիում չի եղել (հույները թույլ չեն տվել մտնել Անի), բայց համարվում է Անիի վերջին Հայոց կաթողիկոսը, որովհետև պաշտոնական կաթողիկոսարանը մինչև ավերվելն Անիում է գտնվել:

Խաչիկ Բ Անեցու մահից հետո, մինչև 1441-ը, Հայոց կաթողիկոսության աթոռանիստը մնացել է Մեծ Հայքի սահմաններից դուրս: Կաթողիկոսական աթոռին Խաչիկ Բ Անեցուն հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերը:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am