Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչիկ Ա Արշարունի

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ, Արշարունեցի. ծննդյան թվականը անհայտ է,  մահացած է 992-ին, ամփոփված է Արգինայի Կաթողիկե եկեղեցու հյուսիսային կողմում: Ամենայն հայոց կաթողիկոս 973-ից: Հաջորդել է Ստեփանոս Գ Սևանցուն: Սովորել է Մեծ Հայքի Արշարունիք գավառի Կամրջաձոր կամ Կապուտքար վանքի նշանավոր դպրոցում:

Եղել է Արշարունիքի եպիսկոպոսը: Կաթողիկոս է կարգվել Աշոտ Գ Ողորմած թագավորի հրամանով և եկեղեցական ժողովի ընտրությամբ:

Հայրապետական գործունեության ընթացքում նպաստել է կաթողիկոսական աթոռը Արգինայում (944) հաստատելուն: Պայքարել է Սեբաստիայի և Մելիտինեի մետրոպոլիտների ոտնձգությունների դեմ՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը:

Բյուզանդական կայսրության արևելյան շրջաններում հայ բնակչությանը հունական եկեղեցու դավանական ոտընձգություններից զերծ պահելու նպատակով Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Օժանդակել է Հայոց պետականության ամրապնդման համար հայ Բագրատունիների ձեռնարկած միջոցառումներին: Խաչիկ Ա Արշարունի զբաղվել է շինարարական աշխատանքներով, Արգինայում կառուցել երեք կաթողիկե եկեղեցի, հիմնել մատենադարան:

Կաթողիկոսական գահին Խաչիկ Ա Արշարունիուն հաջորդել է Սարգիս Ա Սևանցին:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am