ԽԱԴԱՎԱՆՔ. Խաթրավանք, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, անտառապատ լեռան լանջին: Կոչվել է Թադեոս առաքյալի 70 աշակերտներից Խադի անունով, որը, սուրբ Եղիշեի հետ, Արցախում քրիստոնեության առաջին տարածողն էր: Խադավանք հիմնադրվել է վաղ միջնադարում, 12-րդ դարին եղել Ծարի իշխանության հոգևոր կենտրոնը և տոհմական տապանատունը: Մեծապես տուժել է 1139-ի երկրաշարժից և սելջուկյան թուրքերի 1143-ի ասպատակությունից, որոնք, Չոլի զորապետի գլխավորությամբ, ապստամբած արցախցիներից վրեժխնդիր եղան՝ վանքերն ավերելով ու սրբությունները գերեվարելով: Խադավանքի վերականգնումը կապված է արևելյան վարդապետներից Հովհաննես Խաչենցու անվան հետ, որը եղել է Սանահինի և Հաղպատի վանքերի վանահայրը: 1204-ին նա կառուցել է Խադավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին և շինարարական արձանագրության մեջ նշել, որ վանքում հավաքել է գրքեր և խաչքարեր: Դրա շնորհիվ Խադավանք դարձել է ինքնատիպ քարեդարան-թանգարան և մատենադարան (արձանագրությունը՝ մեկ ամբողջական քարի վրա, տեղափոխվել և զետեղվել է Երևանի Մատենադարանի ցուցասրահում): Խադավանքի մատենադարանը հետագայում լրացվել է վանքում գրված ձեռագրերով ու գերեվարված մատյանների, նաև՝ հեռավոր վայրերից, հետգնումով (Անի, Կարին, Կապադովկիա և այլն): Խադավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին քառասյուն գմբեթավոր շենք է՝ իր ծավալի մեջ ներառած մինչ այդ շինված Սուրբ Պրոկոպիոս և Սուրբ Մինաս մատուռները: Նրա գմբեթն ունի հայկական եկեղեցիների համար անսովոր, սակայն գավիթներին բնորոշ ձևական Հովհաննես Խաչենցին այստեղ կրկնել է Սանահինի վանքի՝ 1181-ին իր կառուցած գավթի գմբեթը: Սյուների պատվանդաններին կան պահպանիչ խորհըրդանշանների հարթաքանդակներ (եզան, խոյի, առյուծի գլուխներ, օձեր): Դոփ իշխանուհին 1226-ին կառուցել է Խադավանքի եկեղեցու գավիթը (չի պահպանվել) և հյուսիս-արևմուտք պատին կից փոքրիկ մատուռ, որից հյուսիս կանգուն է 14-րդ դարին 1-ին քառորդում Սարգիս եպիսկոպոսի կառուցած երկհարկ զանգակատունը: Մատուռի արևմուտք պատի վրա կանգնեցվել են (1219-ին և 1220-ին) երկու գեղաքանդակ խաչքարեր: Խադավանքի համալիրի հյուսիս կողմում վանահոր բնակարանն է, հյուսիս-արևելքում՝ երկդահլիճ գրատուն-մատենադարանի շենքը: 13-րդ դարին Գրիգոր իշխանը և նրա կին Ասփան պատրաստել են տվել Սուրբ Աստվածածին եկեղեցու բեմի սեղանը: 14-րդ դարին Ասփա իշխանուհին Խադավանք տանող ճանապարհի վրա կամուրջ է կառուցել (մնացել են խելերը) և խաչքար կանգնեցրել: Նա վախճանվել է 1311-ին և թաղվել Խադավանքում: 14-16-րդ դարին կրոն-մշակութային կյանքը Խադավանքում անկում է ապրել և մասամբ վերակենդանացել 17-րդ դարին, երբ (1691-ին) նորոգվել են նրա կառույցները:



Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am