Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչատուր Էրզրումեցի

ԽԱՉԱՏՈՒՐ ԷՐԶՐՈՒՄԵՑԻ, Արզրումեցի, Կարնեցի, (Առաքելյան). ծնվել է Կարինում 1666-ին, մահացել է Վենետիկում 30, 04, 1740-ին, թաղված է Սուրբ Խաչ եկեղեցում): Հանրագիտակ, աստվածաբան, փիլիսոփա, մշակութային գործիչ, հայկական դասականության տեսության (կլասիցիզմի) հիմնադիր: Նախնական կրթությունն ստացել է Կարինում: 1682-ին մեկնել է Հռոմ, ուսումը շարունակել Ուրբանյան վարժարանում, խորացել իմաստասիրական, աստվածաբանական գիտությունների մեջ, սովորել լեզուներ: Ավարտելուց հետո ստացել է վարդապետական աստիճան և որպես քարոզիչ 1696-ին հաստատվել Կ. Պոլսում: Աստվածաբանական գիտելիքների խոր իմացության, հմտության, ճարտասանական արվեստին տիրապետելու շնորհիվ քարոզչի մեծ համարում է ձեռք բերել, միաժամանակ զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ:

1697-ին Մխիթար Սեբաստացին հայտնել է նրան կրոնական միաբանություն ստեղծելու իր մտադրության մասին՝ առաջարկելով ղեկավարել այն: Խաչատուր Էրզրումեցին պաշտպանել է այդ գաղափարը, բայց չի մասնակցել միաբանության ստեղծմանը: Միևնույն ժամանակ, վեց ամիս շարունակ Մխիթար Սեբաստացուն դասավանդել է քերականություն, ճարտասանություն, իմաստասիրություն, աստվածաբանություն: Մխիթարյան միաբանության անդամ չդառնալով հանդերձ՝ Խաչատուր Էրզրումեցին սերտորեն կապված է եղել միաբանությանը, աջակցել նրա գործունեությանը և՛ խորհուրդներով և թե՛ ջատագովությամբ (պաշտպանական գրություններ, նամակներ է գրել Հռոմի սուրբ ժողովին, Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներին):

1698-ին, իբրև Հռոմի Իննովկենտիոս 12-րդ պապի նվիրակ, Խաչատուր Էրզրումեցին մեկնել է Էջմիածին՝ կոնդակ և ընծաներ տարել Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացուն: Վերջինս Խաչատուր Էրզրումեցուն տվել է ամենուր քարոզելու իշխանություն՝ չնայած նրա կաթողիկե լինելու հանգամանքին: Կ. Պոլսում դավանական կռիվների ականատեսը լինելով՝ Խաչատուր Էրզրումեցին հաշտություն և միություն է քարոզել պառակտված հայերի շրջանում, ընդգրկվել այն նախաձեռնող խմբում, որը 1701-ի հոկտեմբեր 26-ին նախապատրաստել է հաշտության ու համաձայնության պայմանագրի կնքումը հայության տարադավան հատվածների միջև, դրա տակ դրել իր ստորագրությունը: Խաչատուր Էրզրումեցին, լինելով կաթոլիկ վարդապետ, իրեն համարել է որդին «Լուսաւորչանիստ աթոռոյ սրբոյ Էջմիածնի», իսկ հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա նշել ժամանակի հայ կաթողիկոսների անունները: Խուսափելով Կ. Պոլսի հայոց պատրիարքների հալածանքներից՝ 1707-ին տեղափոխվել է Վենետիկ, մեկ տարի անց դարձել տեղի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը և Սուրբ Խաչ եկեղեցու մատրանապետը:

Խաչատուր Էրզրումեցին գրել է աստվածաբանությանը, փիլիսոփայությանը, բարոյագիտությանը, տրամաբանությանը, ճարտասանությանը, մաթեմատիկային, բնագիտությանը և գիտության այլ բնագավառների վերաբերող ավելի քան մեկ տասնյակ աշխատություններ, որոնցից շատերը ժամանակին դասագիրք են ծառայել հայ նորահաս սերունդների համար: Առաջին՝ «Գիրք քերականութեան» (1696) գրքում ներկայացրել է ազգի լուսավորությանը նպատակաուղղված իր գրական համապարփակ ծրագիրը, որն իրականացրել է ամբողջովին՝ ժամանակակիցներին մատուցելով գիտելիքների մի կուռ համակարգ:

Համարելով, որ «գիտութիւն, ըստ ինքեան իմացեալ, լոյս է», և նկատի ունենալով հայության գերված վիճակը՝ գրել է. «Վասն այսորիկ առաւել հարկաւոր են հայոց ազգին ուսմունք»:

Խաչատուր Էրզրումեցին նշել է, որ ժամանակի իմաստունները պետք է միաբանվեն և հաստատեն լեզվական խոհեմ կանոններ: Տարիներ անց նա անդրադարձել է խոսքի գեղագիտությանը նաև «Ճարտասանութիւն» (1713) աշխատությունում, կարևորել լեզվական ընդհանրության հաստատման անհրաժեշտությունը, լեզուն համարել դեպի ազգային միասնություն տանող հիմնական ուղիներից մեկը: «Քերականութեանը» հաջորդել են մեկնողական («Համառօտ մեկնութիւն Երգոյ երգոցն Սողոմոնի», 1700), աստվածաբանական («Համառօտութիւն բարոյականի աստուածաբանութեան», 1709) երկասիրությունները:

Ժամանակի գիտությունների ու արվեստների հանրագիտարան հիշեցնող «Համառօտական իմաստասիրութիւն» (1711) երկհատոր աշխատությունն իր պարունակած նյութի ծավալով ու արծարծվող թեմաների բազմազանությամբ աննախադեպ երևույթ էր հայ բազմադարյան տեսական-փիլիսոփայական գրականության մեջ. այն կոչել են նաև «Բովանդակութիւն ամենայն ուսմանց»: Երկում Խաչատուր Էրզրումեցին առաջին անգամ համակարգված ներկայացրել է եվրոպական մտքի նվաճումները, ժամանակակիցներին մատուցել գիտելիքների ամողջական մի համակարգ, դրել նոր ժամանակներում հայոց մտավոր կյանքի եվրոպականացման սկիզբը: Արվեստի տեսությանն անդրադառնալիս Խաչատուր Էրզրումեցին հանդես է եկել որպես կլասիցիզմի գեղարվեստական ուղղության սկզբնավորողը հայ իրականության մեջ: Նրա գեղագիտական տեսության գրեթե բոլոր դրույթները պայմանավորող գործոնը բանականությունն է: Խաչատուր Էրզրումեցու տեսության համաձայն՝ արվեստը բանականությամբ պայմանավորված ունակություն է, որը պահանջում է ստեղծագործել ըստ կանոնների: Բանականություն և ճշմարտություն, չափավորություն և պարզություն՝ ահա նրա գեղագիտության կարևորագույն հասկացությունները: Խաչատուր Էրզրումեցու տեսական պատկերացումների համար անմիջական հիմք են հանդիսացել մի կողմից հայ միջնադարյան գեղագիտ-փիլիսոփայական մտքի ավանդույթները (Դավիթ Անհաղթ), մյուս կողմից՝ արևմտաեվրոպական, մասնավորապես ֆրանսական (Բուալո) կլասիցիզմի գեղագիտիական սկզբունքները: Վերջիններս, բնականաբար, արտացոլվել են՝ բեկվելով հայոց կյանքի պահանջներին ու առանձնահատկություններին համապատասխան:

Խաչատուր Էրզրումեցին զբաղվել է նաև արվեստի տեսակների վերլուծությամբ, բաժանել դրանք երկու խմբի՝  «ազատական», որը ներառում է բուն արվեստներն ու գիտությունները, և «ծառայական», որն ընդգրկում է արհեստները, ինչպես նաև ճարտարապետությունը: Իր երաժշտական գեղագիտության մեջ անդրադարձել է եվրոպական ձայնային համակարգի շարադրմանը, խոսել գծային նոտագրության և ձայների օկտավային դրության մասին: Այստեղից հետևում է, որ հայկական գիտական շրջանակներում եվրոպական նոտագրության սկզբունքներին ծանոթ են եղել դեռևս  18-րդ դարին սկզբին: Ըստ կլասիցիզմի պոետիկայի՝ արտահայտման վսեմ ու բարձր եղանակ է «ոտանաւոր բանիւ» ստեղծագործելը, և պատահական չէ, որ Խաչատուր Էրզրումեցին իր 1400 էջանոց «Համառօտական...» կոթողային աշխատությունը հիմնականում շարադրել է չափածո՝ դառնալով հայ ուսուցողական բանաստեղծության խոշորագույն ներկայացուցիչը 18-րդ դարին:

Խաչատուր Էրզրումեցին «Լիակատար աստուածաբանութիւն» (հ. 1–2, 1729), «Ներածումն առ քրիստոնէական կատարելութիւն» (1733) և «Կարճառօտագունեղ համառօտութիւն ընդհանրականի աստուածաբանութեան» (1736) աշխատությունները գրել է կաթոլիկ աստվածաբան Թովմա Աքվինացու (13-րդ դարին) հետևողությամբ: Իր մտքերը հաստատելու համար նա մեջբերումներ է արել վաղքրիստոնեական սրբերից, հատկապես՝ Օգոստինոս Երանելուց: Բանականությանը մեծ տեղ տալով հանդերձ՝ այնուամենայնիվ այն ստորադասել է հավատին: Ճշմարիտ քրիստոնյան նա է, ով ողջ կյանքում ձգտում է կատարելության: Իսկ բարձրագույն կատարելությունը, գեղեցկությունը, բարությունն ու հավիտենական ճշմարտությունը Աստված է: Նա է ամեն բանի սկզբնապատճառը և վերջնական նպատակը՝ «վերջին վախճանը ամենայն իրաց», և «համայնքն են ի նմանէ և վասն նորա»: Ըստ այդմ էլ աստվածաբանության ուսումնասիրությունը կարևոր է նաև մեր «սկզբի ու վախճանի» կատարյալ ճանաչողության առումով: Խաչատուր Էրզրումեցին աստվածաբանությունը դիտել է իբրև «գիտութիւն գիտութեանց», իսկ փիլիսոփայությունը՝ աստվածաբանության աղախին: Թովմա Աքվինացու հետևողությամբ թվարկել է Աստծո գոյության գոյաբանական հինգ ապացույցները: Ըստ նրա՝ մարդը մի «փոքրիկ աշխարհ» է և, մահկանացու լինելով հանդերձ, ունի անմահ հոգիական ֆիզիկական մահից առավել զարհուրելին հոգևոր մահն է, երբ մարդու հոգին բաժանվում է աստվածային շնորհից:

Խաչատուր Էրզրումեցին իր ստեղծագործությունը ժառանգել է Մխիթարյան միաբանությանը, իսկ Մխիթար Աբբային կարգել «օրինաւոր ժառանգ» և կտակատար:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am