Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խաչատուր Կեչառեցի

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ. ծնվել է մոտ 1260-ին, մահացել է մոտ 1330-ին: Բանաստեղծ, գրիչ, մանրանկարիչ, մանկավարժ, հասարակական գործիչ: Եղել է Կեչառիսի վանքի միաբանության վանահայր: Սերել է Խաղբակյան-Պռոշյան իշխանական տոհմից:

Սերտ առնչություն է ունեցել Գլաձորի և Տաթևի համալսարանների հետ: Մասնակցել է դավանական վեճերին՝ հանուն Հայ եկեղեցու ինքին, ի թիվս իր ժամանակի նշանավոր իշխանների և հոգևորականների, ստորագրել է Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսին ուղարկված՝ Ստեփանոս Օրբելյանի կազմած հակաունիթորական «Թղթի» տակ: 1299-ին Ստեփանոս Օրբելյանին պատվիրել է գրել հայտնի «Ողբք եւ հառաչանք ի դիմաց մերոյ սրբոյ աթոռոյն Էջմիածնի» քերթվածը: Այն կրում է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» բանաստեղծութեան ազդեցությունը ոչ միայն մտահղացմամբ, այլև պոետիկական առանձնահատկություններով, զգալի է աղերսը Երգ երգոցի հետ:

Խաչատուր Կեչառեցու գրական ժառանգության ուշագրավ գործերից է Կեղծ Կալիսթենեսին վերագրված՝ Ալեքսանդր Մակեդոնացու պատմության յուրօրինակ մշակումն ու գեղարվեստական հարստացումը. գրել է նախաբան, վերջաբան, բարառնություններ, հորինել պատմության որոշակի հատվածները եզրափակող կաֆաներ ժամանակի խոսակցական լեզվով, մատչելի շարադրանքով:

Փորձել է Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը հարմարեցնել միջնադարյան քրիստոնեական ժամանակներին՝ զուգահեռներ անցկացնելով Ալեքսանդրի և Քրիստոսի կյանքի և գործունեության գլխավոր դեպքերի միջև: Հորինել է ողբեր, տաղեր, գանձեր: Խաչատուր Կեչառեցին վարդի և բլբուլի այլաբանական սիրավեպի իր մշակմամբ առաջիններից էր, որ գարնան զարթոնքի պատկերով երգել է Հիսուսին:  Խաչատուր Կեչառեցու «Ի գնալն վարդին եկեալ պուլպուլին» տաղի բովանդակությունը կրկնվել է Գրիգորիս Աղթամարցու «Յետ գնալոյ վարդին եկ պլպուլն յայգին» քերթվածում: «Ողբ վասն աւերման տանս արեւելեան» քերթվածը արժեքավոր փաստեր է պարունակում 14-րդ դարի 2-րդ կեսի հայ նշանավոր իշխանների մասին: Խաչատուր Կեչառեցին իր բանաստեղծություններում խորհել է կյանքի և մահվան, հոգու և մարմնի փոխհարաբերության, մարդու և Աստծո միջև հաղորդակցության խնդիրների մասին: Պատգամել է մահից հետո թողնել բարի անուն, բարի գործ, մտորել Վերջին դատաստանի մասին: Մարդկային մեղքի ծանրության գիտակցումը բանաստեղծական ուշագրավ դրսևորում է ստացել «Ես եմ կորուսեալ ոչխար» սկսվածքով քերթվածում, որտեղ նշմարվում է մաշտոցյան ապաշխարության շարականների ազդեցությունը:

Խաչատուր Կեչառեցու տաղերում առկա են աստվածաշնչյան մոտիվներ: Նրա որոշ բանաստեղծություններ հայ փիլիսոփայական քնարերգության ինքնատիպ էջերից են, որոնցում երևակվում է հեղինակի ծանոթությունը պարականոն զրույցներին, հայկական և հունական փիլիսոփայությանը: Հոգու և մարմնի վիճաբանություն է «Հոգիս դատախազ լինի մարմնոյս» բանաստեղծությունը, որտեղ հոգին դատախազ է դառնում և դատում մարմնի մեղքերը: Ժողովրդական ասացվածքների հավաքածու է «Այս կեանքս է յերազ նման եւ խաբող անզերծ յանդիման» սկսվածքով քերթվածը: Գրել է «Ծննդեան» երկու տաղ՝ այբուբենի տառերի հերթագայությամբ, ինչպես նաև տաղ Հիսուսի խաչելության մասին, արձակ մի գործ՝«Վասն գալստեան մոգուց» պարականոն զրույցը, որտեղ ներկայացված է Քրիստոսի ծնունդը, մոգերի գալը նախ Եգիպտոս, ապա Բեթղեհեմ՝ Քրիստոսի ծննդավայրը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am