ԽԱԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ. միջնադարյան երաժշտական գրության արվեստ: Ձևավորվել է 8-րդ դարում և կապվում է Ստեփանոս Սյունեցու անվան հետ: Հետագայում զարգացրել են Գրիգոր Գռզիկը (Այրիվանեցի), Անանիա Նարեկացին, Խաչատուր Տարոնացին, Ներսես Շնորհալին, Գևորգ Սկևռացին և ուրիշներ: 

Երաժշտական գրության այս արվեստն ունեցել է մի հատված առոգանության խազերի կոմիտասյան վերծանությունից, Ավետարան ըստ Հովհաննեսի, 20.15 շուրջ ութ հարյուր տարվա պատմություն: Նրա զարգացումը մինչև 12-13-րդ դարեր ընթացել է Հայաստանի երաժշտական, իսկ 12-րդ դարից՝ Կիլիկիայի Հայկական թագավորության մշակութային և մանրուսման կենտրոններում: 16-18-րդ դարերում խազեր կարդալը հետզհետե մոռացվել է: 

Խազերը (գիծ, գիր) հայ միջնադարյան երաժշտության գրանցման նիշեր են: Դրանք գրվել են տողից վերև, իսկ խիտ (առատ) շարակարգի դեպքում՝ նաև տողի վրա: Խազը կարող է զուգորդվել «նևմ»  հասկացության հետ:

Խազագրությունը ընդգրկում է նշանների 4 համակարգներից մեկը՝ առոգանության, երեքը՝ բուն երաժշտության:

Դրանք երբեմն դասակարգվում են նաև ըստ կիրառության ոլորտների՝ Սուրբ Գրքից քաղվածքների մատուցմանը ծառայող խազեր, Շարակնոցի, Գանձարանների և Մանրուսման խազեր:

Առոգանության և բուն երաժշտական խազերի նախնական համակարգերի պահպանված հնագույն նմուշները պատկանում են 4-րդ դարին, շարականի խազերինը՝ 10-րդ դարին, մանրուսման խազերինը՝ 12-րդ դարին: Այս համակարգերը սերտ կապակցված են միմյանց հետ, թեև մեկից մյուսին անցած նշանները վերաիմաստավորվել են նոր համակարգի պայմաններում:

Առհասարակ յուրաքանչյուր խազի նշանակությունը որոշվել է նրա կիրառման երաժշտական միջավայրին համապատասխան:

Որոշ առումներով նկատելի են զուգահեռներ բյուզանդական նևմային համակարգի և հայկական Խյան միջև, սակայն վերջինս օժտված է ինքնուրույն հատկանիշներով և զարգացման յուրատիպ ընթացք է ունեցել: Հայկական խազերն ուսումնասիրել են եվրոպական մի շարք գիտնականներ (Յո. Շրյոդեր, Շ. Վիյոտո, Հ. Պետերման, Ֆ. Ֆետիս և ուրիշներ): Հայ խազագիտության մեջ նշանակալից են Ե. Տնտեսյանի, Կոմիտասի աշխատությունները: Առոգանության խազերի համակարգը 1899-ին վերծանել է Կոմիտասը: Մյուս համակարգերը ցայսօր համարվում են չվերծանված (վերծանման մասնավոր և որոշ չափով հաջողված փորձեր եղել են): Խազերի վերաբերյալ սկզբունքային երկու մոտեցում է ձևավորվել, որոնք, ընդհանրություններով հանդերձ, նաև հակադիր են: Մեկն այն է, որ խազերը հնարավորություն են ընձեռել գրանցելու ստեղծագործության երաժշտական նկարագրի որոշ բաղադրիչները միայն (Ն. Թահմիզյան, Գ. Գյոդակյան և այլն): Ըստ Ն. Թահմիզյանի, Խ-յամբ կարելի է գրառել երաժշտական մի շարք բաղկացուցիչներ, սակայն ձայնաբարձրություններ գրանցելը (որը յուրաքանչյուր նոտագրման համակարգի հիմնական նշանակություններից է) դրանցով անհնարին էր՝ առանց ձայնեղանակային համակարգի համադրման: Խազագրություն ամբողջական էր ձայնեղանակային համակարգով հանդերձ: Մյուս մոտեցման համաձայն, խազագրություն զարգացման բարձր փուլում, այնուամենայնիվ, հասել է երաժշտական բոլոր տարրերը գրանցելու մակարդակին (Կոմիտաս, Ռ. Աթայան): Կոմիտասը «Շարականի խազերի նշանակությունը»  հոդվածում (հրտարակված 1910-ին) խազերը դասակարգել է ըստ տեսակների և թվարկել խազերին առնչվող, նրանց հարակից մշակութային ոլորտները:

Մեզ հասած շուրջ 2000 խազավոր մատյաններից 1000-ը պահվում է Երևանի Մատենադարանում:

Խազագրությունյան արդի տվյալներով (ըստ Ն. Թահմիզյանի)՝ գոյություն ունեն 40-ից ավելի հիմնական խազանիշեր, 20 օժանդակ և բազմաթիվ բաղադրյալ խազեր:

Նշանների արտաքին նկարագրով և անուններով խազագրություն հիմք է հանդիսացել 21-րր դարին սկզբին ձևավորված հայկական նոտագրության (Լիմոնճյան համակարգ) համար (տես Նոր հայկական ձայնագրություն): Խազերի՝ որպես միջնադարյան երաժշտական գրանցման զարգացած համակարգերից մեկի վերծանումը կարևոր է ոչ միայն հայկական, այլև Մերձավոր Արևելքի միջնադարյան երաժշտության և համաքրիստոնեական եկեղեցական երաժըշտության ուսումնասիրման համար:



Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am