ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔ, Խորվիրապ, Վիրապ. Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում: Այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի վանքի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստեական Հայաստանի կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:

Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ելն ի Վիրապէն», իսկ մարտին նշվում է «Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մուտն ի Վիրապ»:

5-րդ դարին վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Սուրբ Գևորգ եկեղեցին: Այն, ըստ Սուրբ Մնացականյանի, 10-րդ դարին արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած եկեղեցին է (սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, ծավալատարածական և կառուցվածքային սկզբունքով նման է Զվարթնոցին):

930-ական թվականներին Հայաստան արշաված արաբական բանակի դեմ համատեղ ճակատ կազմելով՝ Հայոց Աբաս Ա Բագրատունի ու Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորները Խոր վիրապի վանքի մոտ ջախջախել են թշնամու 13 հազարանոց զորքը:

1047-ին Դվինի ամիրայի դեմ արշավող բյուզանդական բանակը գրավել է Խոր վիրապի վանք:

13-րդ դարից Խոր վիրապի վանքը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 1255-ին վանքում Վարդան Արևելցին հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից: Դպրոցը եղել է 9-ամյա՝ նախակրթական, քահանայական երեք և բարձրագույն կրթության վեց տարիներով: Աստվածաբանությունից բացի ուսումնական ծրագիրը ներառել է անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունների և մեկնողական երկերի ուսուցում: Խոր վիրապի վանքի դպրոցում Վարդան Արևելցու 40 աշակերտների թվում են եղել Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և այլ անվանի մտածողներ:

1264-ին Վարդան Արևելցին Խոր վիրապի վանքից մեկնել է Թավրիզ և, մոնղոլ Հուլավու խանի հետ բանակցելով, ստացել հատուկ արտոնագիր, որով չափավորվել են Հայաստանից գանձվող կեղեքիչ հարկերը և մեղմացվել կրոնական ճնշումները: Խոր վիրապի վանքի վարդապետարանում Վարդան Արևելցին ավարտել է իր «Հաւաքումն պատմութեան» երկասիրությունը, գրել «Աշխարհացոյցը» և Դանիելի մարգարեության «Մեկնութիւնը»: 1271-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինել է Ներսես Մշեցին, և, որոշ ժամանակ անց, ապահովության նպատակով վարդապետարանը Խոր վիրապի վանքից տեղափոխել է Մշո Սուրբ Առաքելոց վանք:

Խոր վիրապի վանքը նաև գրչության կենտրոն էր մինչև 18-րդ դար: Մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր. Մատենադարանում են պահվում Գևորգ Սկևռացու 1267-ի, Մուրատ դպիրի 1663-ի, Գրիգոր Սյունեցու 1774-ի և այլ հեղինակների գրչագրած գործերը:

1441-ին Խոր վիրապի վանքից Կիրակոս Վիրապեցին ընտրվել է Էջմիածնի նորոգ Մայր աթոռի կաթողիկոս (Կիրակոս Ա Վիրապեցի): 16-րդ դարին Հայաստանի քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստդրության հետևանքով Խոր վիրապի վանքի շինությունները, մնալով անխնամ, զգալիորեն վնասվել են: 17-րդ դարին Խոր վիրապի վանքի վանահայր Դավիթ վարդապետ Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը և վերակենդանացրել վանական կյանքը: 1666–1669-ին կառուցել է վանքի պարիսպները և ներսից կից շինությունները: Ուղղանկյուն հատակագծով, 7 շրջանաձև բուրգերով պարիսպները շարել են տեղական կոպտատաշ մարմար քարից: Խոր վիրապի վանք 17-րդ դարին Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է: 1669-ի մարտի 1-ին խոջա Շմավոն Ագուլեցու՝ վաճառական և տարեգիր Զաքարիա Ագուլեցու եղբոր նախաձեռնությամբ և միջոցներով սկսվել են վիրապի՝ հողից մաքրման ու նորոգման աշխատանքները և 13-րդ դարին նրա վրա կանգնեցված թաղածածկ մատուռի փոխարեն նոր եկեղեցու կառուցումը: 1669-ի սեպտեմբեր 20-ին օծվել է Սուրբ Վիրապի վրայի նորակառույց Սուրբ Գրիգոր եկեղեցին (ունի թաղածածկ դահլիճի հորինվածք):

Շինարարական աշխատանքների ընթացքում գտնվել են Վարդան Արևելցու և 13-րդ դարին Խոր վիրապի վանքի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Տարոնացու աճյունները, որոնք 1272-ին ամփոփվել էին Սուրբ Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում պատրաստված դամբարանում: Սուրբ Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս՝ գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով: Սուրբ Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբ է, ուր իջնում են Սուրբ Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի բացվածքից:

Նրա առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրին ներս է գցել Գրիգոր Լուսավորչի հանապազօրյա հացը: 3-րդ դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետական հնագույն գմբեթավոր կառույցն է:

Շմավոն Ագուլեցու մահվանից հետո՝ 1669–1672-ին, Խոր վիրապի վանքի վերանորոգման աշխատանքներին իր նպաստն է բերել խոջա Ավթանդիլ Տփղիսեցին:

1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից ավերվել են Խոր վիրապի վանքի Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–1695-ին: 1695-ին վախճանվել է վանահայր Դավիթ Վիրապեցին և թաղվել Սուրբ Գրիգոր եկեղեցու հյուսիսային պատի տակ: Եկեղեցու պատին ու տապանաքարին փորագրվել է չափածո դամբանական, որով դրվատվել է վանահոր ազգանվեր գործունեությունը:

1703-ին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք:

Արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրա աջ կողմում, երկու կողմերից հրեշտակներով, պատկերված է Գրիգոր Ա Լուսավորիչը, ձախ ձեռքին՝ Սուրբ Գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային: Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր վիրապի վանքի վանահայր Դավիթ Վիրապեցին է: Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը՝ Գրիգոր Ա Լուսավորչի ոտքերի տակ:

Պարսից տերության քաղաքական վայրիվերումների հետևանքով 18-րդ դարուն Խոր վիրապի վանքն առժամանակ չի գործել: 1765-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր վիրապի վանքը, վերահաստատել միաբանությունը և թեմին տվել 11 գյուղ:

1734-ին Խոր վիրապի վանք է այցելել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը: 19-րդ դարին վանքը Երևանում ունեցել է այգիներ, շրջակայքում՝ ընդարձակ հողատարածքներ: 19-րդ դարի վերջին քանդել են Խոր վիրապի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:

Խոր վիրապի վանքից արևմտյան գտնվում է «Օթեաց խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869-ին Խոր վիրապի վանքի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց խաչում» կառուցել է մատուռ: Խոր վիրապի վանքի տոնակատարության օրն է Կրկնազատկի կիրակին:

1970–80-ական թվականներուն Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ նորոգվել են Խոր վիրապի վանքի կիսավեր պարիսպները, խցերը, տնտեսական շինությունները, վանահոր բնակարանը, կառուցվել է մատաղատուն: Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Հայոց դարձի նախասկիզբ սրբավայր Խոր վիրապի վանքը վերստին ձեռք է բերել կրոնական կարևոր կենտրոնի իր նշանակությունը: 1989–94-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am