ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ. ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 3 կմ արևմուտք, Լալվար լեռան արևմտյան փեշին: Ոչ հեռու գտնվել է Խորակերտ գյուղաքաղաքը: Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի ճակատի արձանագրության, Խորակերտի վանք 1252-ին կառուցել է իշխան Ստեփանոսը: Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, անկյուններում ավանդատներով, արևելյան ճակատին զույգ «հայկական խորշերով» հորինվածք ունի: Բացառիկ է գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ եզակի օրինակը), որի տասնիստանի սլացիկ թմբուկի ստորին մասը կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը 2 մ), որոնց խարիսխները և խոյակները քանդակազարդ են:

Գմբեթի ծածկը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված վեցաթև աստղաձև հիմնակմախքի վրա, կենտրոնում ավարտվում է շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթածածկով: Եկեղեցուն արևմուտքից կից է քառակուսի հատակագծով գավիթը, որի ծածկն իրականացվում է 2 զույգ փոխհատվող կամարների համակարգով, որոնց փոխհատումից առաջացած կենտրոնական քառակուսին պսակված է եղել ութնիստանի բրգաձև ծածկով:

Խորակերտի վանքի համալիրից պահպանվել են հյուսիս-արևմուտյան կողմում ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան ավերակները, երկու փոքրիկ մատուռներ, քանդակազարդ գերեզմանաքարեր: Եկեղեցու հյուսիս պատի մոտ կանգուն է քանդակազարդ խոշոր խաչքարը (13-րդ դար):

1661-ին վանքը նորոգվել է: 1965-ի երկրաշարժից քանդվել են գավթի ծածկի խաչաձևվող կամարները:

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am