ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ. ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք, անտառի բացատում: Հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին, Վահրամյան իշխանների հովանավորությամբ: Խորանաշատի վանքի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (1211–1222) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ խորանում տասը կիսաշրջանաձև խորշերով (այստեղից էլ՝ Խորանաշատի վանք անվանումը): Արևմուտքից կից է քառասյուն, կենտրոնակազմ գավիթը (1222–12240-ական թվականներից)՝ ծածկի կենտրոնական հատվածում խաչվող կամարներով և արևմտյան մուտքի շուրջը պահպանիչ խորհրդանշանների բարձրաքանդակներով: Համալիրի հարավային կողմում կանգուն է Սուրբ Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին (13-րդ դար):

Խորանաշատի վանքի համալիրից վեր, դեպի արևելք, մատուռի ավերակներ են, տապանաքարեր և քանդակազարդ թևավոր խոշոր խաչ, որն ավանդաբար համարվում է Վանական Վարդապետի գերեզմանաքարը: Խորանաշատի վանք 1229-ին ավերվել է Խորեզմի շահ Ջալալ էդ Դինի արշավանքից: 1244-ին վանահոր պաշտոնում Վանական Վարդապետին փոխարինել է նրա եղբորորդի Պողոս վարդապետը:

Խորանաշատի վանքն եղել է գրչության կենտրոն: Մեզ են հասել այնտեղ գրչագրված մեկ տասնյակ ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից): Արժեքավոր են Վանական Վարդապետի «Հարցմունք եւ պատասխանիք»-ի ու «Բարոյախօս»-ի հնագույն ընդօրինակությունները և Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ձեռագիրը (1283):

Խորանաշատի վարդապետարան, միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից: Հիմնել է Վանական Վարդապետը 1220-ական թվականներուն սկզբին, Խորանաշատի վանքում, և ինքն էլ վարել վարդապետարանի ուսուցչապետությունը մինչև իր մահը (1251): Այնուհետև վարդապետարանը գլխավորել է նրա ազգական ու աշակերտ Գրիգորիս վարդապետը:

Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագիտական թեքում ունեցող բարձրագույն տիպի դպրոց, որտեղ ուսանել են 7–8 տարի:

Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն և այլն, ընդօրինակել ձեռագրեր: Վանական Վարդապետի մի շարք երկերՄեկնութիւն Հոբայ», «Հարցմունք եւ պատասխանիք» և այլն) որպես դասագիրք կամ համառոտ ուղեցույց են ծառայել աշակերտների համար: Սաներից շատերը դեռ ուսումնառության տարիներին զբաղվել են գիտությամբ: Շրջանավարտները ստացել են վարդապետական աստիճան և զբաղվել ինքնուրույն գործունեությամբ:

Վարդապետարանի սաներից են 13-րդ դարի Հայ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին, Առաքելը, Արտազ գավառի թեմակալ, դավանաբանական հարցերում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ վարդապետը, Խաչենի քաղաքական կյանքում ակնառու գործիչ Մարկոս վարդապետը, ականավոր փիլիսոփա Սոսթենեսը, հայսմավուրքային ժողովածուների խմբագիր՝ Ներքին Խաչենի արքեպիսկոպոս Իսրայելը, Գրիգորիս Աղթամարցին և ուրիշներ:

Վանական Վարդապետի մահից հետո Խորանաշատի վարդապետարանի փառքը սկսել է արագորեն խամրել: Սակայն վերելք են ապրել Խորանաշատի վանքի օրինակով ստեղծված բարձրագույն ուսումնագիտական կենտրոնները, որտեղ գործել են Վանական Վարդապետի աշակերտները:

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am